168.am-ը պարբերաբար անդրադառնում է Երևան քաղաքի փոփոխվող, իսկ առավել հաճախ՝ պարզապես անհետացող դեմքին, դրա առաջացրած լոկալ խնդիրներին ու քաղաքին նետված գլոբալ մարտահրավերներին: Մեր զրուցակիցն այս անգամ Հայաստանում ծնված, ապա ընտանիքի հետ Մոսկվա տեղափոխված, իսկ այնուհետև արդեն սեփական ընտանիք կազմած ու հայրենիք վերադարձած, բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանն է: Վերջինս այն կարծիքին է, որ Հայաստանը, ցավոք, շարունակում է մնալ աշխարհին քիչ հետաքրքրող երկրների շարքում, որն իր առջև ծառացած բազմազան խնդիրներով հանդերձ՝ գերակա նպատակ պետք է դարձնի առավել հետաքրքիր ներկայանալու ու գլոբալ նոր մարտահրավերներին դիմակայելու առավել արդյունավետ ուղիների որոնումը:
– Ես ծնվել ու մեծացել եմ այս քաղաքում ու, թեև երկար տարիներ բացակայել եմ, բայց սրտով մշտապես այստեղ եմ մնացել, այդ պատճառով էլ մի օր վերադարձի որոշում կայացրեցի, և ոչ միայնակ, այլ՝ ընտանիքիս ու զավակներիս հետ միասին: Ցավոք, այսօր իմ քաղաքի կենտրոնը, որտեղ ծնվել ու մեծացել եմ, ինձ շատ մտահոգում է։ Հիմա ես նույնիսկ Երևանից դուրս եմ գնացել և ընտանիքիս հետ ապրում եմ Ձորաղբյուրում, որովհետև Երևանի կենտրոնը և այն ամենը, որ ես սիրում էի ու ինձ հարազատ էր, աղավաղված է: Ես մեծացել եմ Երևանի ամենասիրուն շենքերից մեկում՝ Մոսկովյան 31-33 հասցեում գտնվող էներգետիկների շենքի բակում (այս շենքում է նկարահանվել «Տղամարդիկ» ֆիլմը.- Ն.Մ.): Իմ մանկության ընկերների հետ ժամանակին խաղացել եմ այն տարիներին այդ բակում գոյություն ունեցող երկու շատ գեղեցիկ խաղահրապարակներում: Այսօր, երբ ես մտնում եմ իմ մանկության հարազատ բակ, չեմ ճանաչում, որովհետև նախևառաջ աղավաղված է շենքի ճարտարապետությունը: Փառք Աստծո, որ դրսից առաջ չեն եկել, բայց ներսից ուղղակի անհնար է պատկերացնել, թե ի՞նչ է այնտեղ կատարվում՝ արդեն երեք սենյակ առաջ են եկել, յոթ հարկ էլ բարձրացել են: Էլ չասեմ, որ երկու խաղահրապարակներից և ոչ մի բան չի մնացել, որովհետև ամբողջությամբ ավտոտնակներ են կառուցված, հետևաբար և բնականաբար՝ երեխաներ չկան: Մտնում ես, ոնց որ մեռած բակ լինի՝ խաղալու տեղ չկա: Ժամանակին այնտեղ լողավազան ունեինք, դրա մեջ հիմա թուփ է բուսնել: Երբ լսում եմ, որ հիմա երեխաները բակ չեն ուզում իջնել, մտածում եմ ՝ այսպես ասողները տեսնես իրենք իրենց հարց տվե՞լ են՝ իսկ ինչո՞ւ է այդպես… ո՞ւր գնան այդ երեխաները՝ միգուցե բարձրանան ավտոտնակի կտուրների վրա նստե՞ն:
– Իսկ որտե՞ղ այդ դեպքում կառուցվեն այդ երեխաների ծնողներին պատկանող ավտոմեքենաների ապաստարանները, ի՞նչ եք առաջարկում:
– Իմ կարծիքով՝ ամենաճիշտ բանը՝ բակերն այդ վիճակից ազատելու և երեխաներին վերադարձնելու համար, անկանոն ու շատ դեպքերում անօրինական ավտոտնակները գետնի տակ տեղափոխելու գաղափարն է: Բակերը երեխաներին վերադարձնելու համար հարկավոր է ստորգետնյա կայանատեղիների ստեղծման մասին մտածել:
– Այդ գաղափարի մասին երբևէ բարձրաձայնե՞լ եք:
– Անկեղծ ասած՝ ոչ, որովհետև ես քաղաքաշինության մասնագետ չեմ, պարզապես տեսնում եմ խնդիրներ և աշխատում եմ դրանց մասին բարձրաձայնել: Շատ հաճախ Ֆեյսբուքով եմ փորձում այսպիսի թեմաների մասին խոսել: Հաճախ քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին գրում եմ, թե ինչ եմ մտածում քաղաքի այս կամ այն հատվածի աղավաղումների վերաբերյալ: Ուղղակի լուսանկարում եմ այդպիսի դեպքերն ու ուղարկում քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին, որից անմիջապես հետո ինձ շատ բարեհամբույր պատասխան է գալիս, մոտավորապես այսպիսի բովանդակությամբ՝ «Շնորհակալություն, մենք ստացանք Ձեր հաղորդագրությունը, Ձեզ հետ շուտով կկապվեն», որին լավագույն դեպքում հաջորդում է ռուսերեն ասած՝ ինչ-որ «отписка»՝ «Շնորհակալություն, որ բարձրացրեցիք խնդիրը, մենք այդ հարցով կզբաղվենք», բայց փաստացի ոչինչ չի փոխվում: Մինչև հիմա չի եղել իմ կողմից բարձրացված որևէ խնդիր, որից հետո լուրջ գործնական արձագանք լինի և որևէ տեսակի գործողություն տեղի ունենա:
– Իսկ ի՞նչ պետք է լիներ:
– Իմ կարծիքով՝ կենտրոնում պետք է որոշակի ժամանակով մորատորի (արգելք) կիրառել, ասենք՝ որոշեն, որ, օրինակ, 3 տարի բացառապես ոչ մի շենք չի քանդվելու և նոր շենքեր չեն կառուցվելու: Մինչև մի պահ կանգ չառնես ու չնայես՝ ի՞նչ ես դու արել, հասկանաս, թե քաղաքդ ո՞ր ուղղությամբ ես ուզում զարգացնել, տեսլականդ ո՞րն է, այս քաոսը չի ավարտվելու: Օրինակ, Թամանյանը Երևանը կառուցելիս տեսլական է ունեցել, թե ինչպիսի քաղաք է նա ցանկանում տեսնել: Հիմա ո՞րն է մեր քաղաքի կառուցապատման տեսլականը, կա՞ արդյոք:
– Ո՞րն է, Ձեր դիտարկումներով, կա՞ արդյոք:
– Ինձ թվում է՝ չկա: Ես դեմ չեմ նոր շենքեր կառուցելու գաղափարին, որովհետև դա հիմարություն կլիներ: Քաղաքը պետք է զարգանա, աճի։ Դա գլոբալ պրոցես է, ու Երևանը չի կարող 21-րդ դարում շարունակի մնալ անցած դարի որդեգրած քաղաքաշինական գաղափարներին գերի: Սա, ռեալ, նշանակում է, որ դու պրոգրեսից հետ ես մնում: Ես ուզում եմ, որ քաղաքի կենտրոնում լինեն ժամանակակից շինություններ, որովհետև դրանք կարող են լինել շատ գեղեցիկ։ Օրինակ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ապակու և մետաղի համադրություններով շենքերը, իմ կարծիքով, ոչ միան թույլատրելի են, այլև ողջունելի, և մենք ունենք այդպիսի նոր շենքերի լավ օրինակներ։ Խնդիրն այն է, որ դրանք պետք է հարմոնիկ լինեն միջավայրի հետ, ինչն այսօր միշտ չէ, որ տեսնում ենք երևանյան ժամանակակից քաղաքաշինության տենդենցներում:
– Կարծես ներդրողներն են այսօր թելադրում այդ տեսլականը:
– Քաղաքի կենտրոնում հողի գինն այնքան բարձր է, որ արդեն եղած շինությունների սեփականաշնորհման ու դրանց վերակառուցման գաղափարը շատ շահեկան է բիզնեսի տեսակետից: Եթե ներդրողը կամ կառուցապատողը գնել է կենտրոնում 2 հարկանի մի հին շենք, բնական է, որ նա չի կարող դրանից այնքան եկամուտ ստանալ, որքան, ասենք, 10 հարկանի շենքից կստանար: Լսելով այս կամ այն կառույցի սեփականատիրոջ հասցեին հնչող մեղադրանքները, որով պահանջում են նրանից պահպանել այս կամ այն շենքը, ես ասում եմ՝ լսեք, կառուցապատողը հենց նրա համար է կառուցապատող, որ պետք է կառուցի և դրա հաշվին եկամուտ ստանա: Սա բիզնեսի կանոններից է, հասկացեք: Այլ հարց, որ այստեղ պետք է լինի քաղաքապետարանի դերը, որը կզսպի կառուցապատողի ախորժակը կամ հստակ կանոններ կհաստատի նման դեպքերի համար, որն այսօր չկա, կամ կա, բայց ոչ քաղաքի համար շահեկան դիրքերից։ Երևանը պետք է ունենա հայեցակարգ՝ այլ կերպ ասած՝ «գենպլան» (գլխավոր հատակագիծ), որի մեջ գրված կլինի, թե, ասենք, քաղաքի կենտրոնում ի՞նչ բարձրությամբ կարող են կառուցել այս կամ այն շենքերը: Ի դեպ, այստեղ հարկայնությամբ չէ, որ պետք է որոշել կառուցվող շենքի թույլատրելի չափը, այլ բարձրությամբ: Պետք է հստակ կանոններ սահմանել նաև կառուցվող շինության ճարտարապետական ոճի ու գունային գամմաների ընտրության հարցերում: Այս պրոցեսում պետք է մասնակցություն ունենան գլխավոր ճարտարապետը՝ համապատասխան մասնագետների իր ողջ թիմով: Սրանք միանձնյա որոշվելիք հարցեր չեն:
– Բայց տպավորություն է, որ որոշումները կարծես թիմերով են ընդունվում:
– Դա, կարծում եմ լավագույն դեպքում մակերեսային մասնակցություն է, որից շատերին պարզապես հրահանգում են՝ ստորագրել այս կամ այն պլանի տակ, կամ առաջարկվող գումարների դիմաց տալ թույլտվության համաձայնությունը:
– Ստացվում է՝ լավագույն դեպքում գումար են տալիս, վատագույն դեպքում՝ զանգում ու ասում են, որ պետք է ստորագրել ու վե՞րջ: Իսկ որտե՞ղ է թաղված շան գլուխը:
– Կոռուպցիայի մեջ: Իմ խորին համոզմամբ՝ յուրաքանչյուր հարց Հայաստանում լուծվում է փոխհամաձայնեցված չափերի հասնող գումարներով:
– Բայց հակակոռուպցիոն հանձնաժողովներ են ստեղծվում, հենց նախորդ վարչապետի գլխավորությամբ գործում էր նման մի հանձնաժողով:
– Սրա կապակցությամբ մի շատ լավ ռուսական կատակ կա՝ «Винни-Пух возглавил комиссию по противодействию хищениям мёда…»: Սա առնվազն ծիծաղելի է: Իրականում պետք է լինի հանրային հանձնաժողով և հանրային վերաhսկում…
– Բայց կարծեմ նման մի բան էլ կա՝ Հանրային խորհուրդ անվանումով…
– Տարբերությամբ միայն, որ այդ խորհուրդը պետք է համալրվեր ոչ թե իշխանություններին բարեհաճո և իր զանգերին ծառայող անդամներով, այլ՝ որպես հենց հակակշիռ իշխանությանը: Դա կարող էր լինել որևէ հասարակական կազմակերպություն, որի կարծիքը կընդունի քաղաքապետարանը կամ իրենց այդ խորհուրդը: Այդ մարդկանց մեջ պետք է լինեն ճարտարապետներ, պատմաբաններ, մշակույթի ներկայացուցիչներ, մի խոսքով՝ մասնագետներ: Ես, օրինակ, չեմ կարող լինել այդ խմբի մեջ, որովհետև ես մասնագետ չեմ։ Ես, իհարկե, կարող եմ իմ կարծիքը հայտնել՝ որպես երևանցի, բայց դա մասնագիտական գնահատական չէ: Օրինակ, երբ պայթեցված առաջին տպարանի շենքի առիթով հրավիրված քննարկմանը մասնակցում էին կառուցապատողը, ռեժիսոր և երևանցի Հրանտ Վարդանյանը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը և վարչապետի օգնական Արամ Վարդևանյանը, մենք ականատես եղանք որոշակի առաջընթացի: Առաջին անգամ կառուցապատողը մտավ հանրային քննարկման դաշտ: Նա չթաքնվեց, չկախեց լսափողը, և այլն: Նրան հարցնում են՝ ինչո՞ւ ես քանդել շենքը, պատասխանում է՝ իմ բիզնես նպատակահարմարությունն ինձ այդպես է թելադրել, ես տվյալ կառույցի սեփականատերն եմ, և ահա իմ թույլտվությունը, որ ստացել եմ համապատասխան պատկան մարմիններից: Հասկանո՞ւմ եք, այս իրավիճակում բոլոր կողմերը՝ իրենք իրենց հերթին, ճիշտ են: Երբ Հրանտ Վարդանյանը բորբոքված հայտարարում է, թե՝ դու չե´ս սիրում այս քաղաքը, մարդը հակադարձվում է, թե՝ դու չես սիրում քաղաքը, ես այսպես եմ տեսնում իմ քաղաքը: Ու մինչև մենք մեզնով սկսում ենք խորանալ զգացմունքային շերտերի մեջ՝ ես սիրում եմ իմ քաղաքը, դու չես սիրում, կամ իմ ճաշակով է, քո ճաշակով չէ, և այլն, մենք երբեք առաջընթաց չենք գրանցի:
Որքան գիտեմ, «գենպլանը» դեռևս սովետական ժամանակներից չի թարմացվել, որևէ փոփոխությունների չի ենթարկվել: Մենք ապրում ենք 21-րդ դարում և շարունակում առաջնորդվել «գենպլանով», որը դեռևս անցյալ դարի 70-ականներին է հաստատվել: Այսինքն՝ Երևանն այսօր չունի «գենպլան», սա է պետք նախևառաջ հաստատապես ճշտել: Վերջերս ես մասնակցում էի նմանատիպ մի քննարկման, որին մասնակցում էին նաև ավագանու անդամներ, և, եթե նրանցից և ոչ ոք չի լսել այդ մասին. նշանակում է՝ Երևանը նոր «գենպլան» չունի: Այս առնչությամբ կցանկանայի լսել մեր քաղաքապետի պարզաբանումները՝ կա՞ արդյոք նոր «գենպլան», ո՞վ և ե՞րբ է այն հաստատել: Առհասարակ, կուզենայի լսել Երևանի զարգացման վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեսլականը: Ուզում ենք տեսնել դա վերջապես, լսել իրենից իր տեսլականը:
– Ձեզ չե՞ն վախեցնում քաղաքաշինության նորօրյա տենդենցները:
– Ես չեմ վախենում, որ Երևանի դեմքը կփոխվի, ես վախենում եմ, որ Երևանն առհասարակ իր դեմքը կկորցնի: Ես ուզում եմ տեսնել այդ դեմքը: Եթե աշխարհի լավագույն բուհերում ուսում առած մասնագետներն ասեն, որ 21-րդ դարում Երևանի դեմքը լինելու է, ասենք, ա՛յ այսպես, դա ինձ չի վախեցնում: Եկեք չմոռանանք, որ նույն Թամանյանն ինքը Երևանից չի եղել, նա ծնվել է Ռուսաստանում, երկար տարիներ ապրել և ուսում է առել Պետերբուրգում, և, փաստորեն, նա համարվում էր դրսում կրթություն ստացած ժամանակի լավագույն հայ մասնագետը: Հնարավոր է, որ այդ ժամանակ էլ շատերը Թամանյանին էին քննադատում: Հիմա էլ բոլորը միաբերան Նարեկ Սարգսյանին են մեղադրում ոչ երևանցի լինելու մեջ։ Մեզ պետք չի, որ ճարտարապետն անպայման երևանցի լինի, բայց նա պարտավոր է լինել պրոֆեսիոնալ:
– Ինչպե՞ս եք Դուք գնահատում Նարեկ Սարգսյանի պաշտոնավարած տարիների արդյունքը:
– Դա գնահատելու համար ես առնվազն պետք է լինեմ ոլորտի պրոֆեսիոնալ և, քանի որ այդպիսին չեմ, զերծ կմնամ գնահատականներ տալուց: Սակայն, որպես քաղաքացի՝ չեմ կարող չնկատել, որ Նարեկ Սարգսյանի օրոք Երևանը սկսեց շատ արագ տեմպերով կորցնել իր դեմքը: Սա այնքան ակնհայտ իրականություն է, որի ականատեսն ենք մենք բոլորս: Միգուցե ինքն էլ իր տեսլականն ուներ, եկեք սա հիմնավորապես չմերժենք:
– Գուցե Նարեկ Սարգսյանի տեսլականը կարող էր լինել հենց այնպիսին, ինչպիսին այսօր մեր քաղաքն է, բայց չկայի՞ն արդյոք այլ մասնագետներ, հակակշիռ ներկայացնող կարծիքներ ու տեսակետներ, թե չէ՝ տպավորություն է, որ Նարեկ Սարգսյանը միանձնյա է կայացրել Երևան քաղաքի կառուցապատման հետ կապված բոլոր որոշումները:
– Ինձ թվում է՝ որևէ մեկը միանձնյա չի կարող նման որոշումներ կայացնել:
– Ուրեմն ի՞նչ բացատրություն տալ քաղաքի այսօրինակ աղավաղմանը:
– Պարզապես մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մինչ օրս գործում է հեռախոսային իրավունքը, և որևէ մեկը, ով կարող է իրեն նման բան թույլ տալ, կարող է վերցնել լսափողը, զանգել դատավորին ու թելադրել, թե ինչ որոշում պետք է նա կայացնի այս կամ այն դատական վարույթի շրջանակներում, կամ զանգել ճարտարապետին ու ասել՝ էսինչ թուղթը կստորագրե´ս, կամ մարզպետին հրահանգել՝ ընտրությունը կկեղծե´ս, և այլն: Մինչ մենք չունենանք օրենքի բացառիկ գերակայություն, իսկ «գենպլանը» ցանկացած ճարտարապետի համար չլինի Աստվածաշունչ, ոչինչ չի փոխվելու: Իսկ եթե «գենպլան» չկա, ապա այս մասին գոնե այս փուլում նույնիսկ խոսելն է ինքնանպատակ դառնում:
– Այս պրոցեսում ի՞նչ դեր է վերապահված Մշակույթի նախարարությանը:
– Միայն այնքան, որքան խնդիրը կարող է բախվել պատմամշակութային հուշարձանի գոյությանն ու պահպանմանը: Մշակույթի նախարարությունը քաղաքապետարանի հետ համատեղ պետք է ունենա կազմած համապատասխան ցուցակ, որով կոնկրետ արգելքներ կսահմանվեն նմանօրինակ կառույցների պարագաներում: Կարծեմ կա նման ցուցակ, ու քաղաքում կան նման կառույցներ, որոնք համարվում են պատմամշակութային հուշարձաններ, չնայած ես այն կարծիքին չեմ, որ այդ շենքերը, եթե դրանք անմխիթար վիճակում են, չեն կարող սեփականաշնորհվել կամ վերականգնողական միջամտության ենթարկվել։ Պարզապես դա պետք է կատարվի հստակ սահմանված օրենքի տարրին համապատասխան: Սա աշխարհում ընդունված կարգ է: Ֆրանսիայում, օրինակ, որոշ թագավորական դղյակներ են սեփականաշնորհվել, բայց գոյություն ունի հստակ սահմանված կարգ, որով սեփականատերը, ով էլ նա լինի, իրավունք չունի անգամ պատի գույնը փոխելու, եթե դրա թույլտվությունը չի տվել պետությունը, իսկ պետությունը, որպես կանոն, նման թույլտվություն չի տալիս:
– Բոլորովին վերջերս 168.am-ը պարզեց, որ Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների ցուցակում ավելի քան 10 տարի որևէ նորացումներ չեն կատարվել: Գիտեի՞ք այս մասին:
– Չգիտեի: Երևի ժամանակին եղել են կառույցներ, որոնք ցուցակները կազմելիս արդեն սեփականաշնորհված են եղել, ու արդեն իսկ որոշված է եղել՝ պետք է դրանք քադել, ու ուղղակիորեն չեն մտցրել այդ ցուցակ, որ հետագայում խնդիր չլինի դրանք այդտեղից հանելու: Կարծում եմ՝ այդ ցուցակը կազմելիս որոշ կառույցներ միտումնավոր չեն գրանցվել, ու առհասարակ կանգ է առել այդ ցուցակի լրացման պրոցեսը: Գիտե՞ք, կան շենքեր, որոնք, երբ քանդվում են, ես դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում, օրինակ, ասենք՝ այս գարնանը քանդված Արամի 30 հասցեում գտնվող կառույցը, որին Լևոն Իգիթյանը «սարայ» էր անվանել: Ես, իհարկե, դեմ եմ նման բնորոշումներին, որովհետև այդ կառույցը «սարայ» չէր, այլ քաղաքի մի մասիկն էր: Եթե նույնիսկ այն իր բովանդակությամբ «սարայ» էլ լիներ, մե՛ր «սարայն» էր, ի՛մ «սարայը»: Ես այդ «սարայի» կողքին մեծացել եմ, տարիներ շարունակ դրա կողքով անց ու դարձ եմ արել: Ես կարող եմ ընդունել, որ ինչ-ինչ պատճառներով դա կարող է քանդվել, որովհետև ինքը չի համապատասխանում միջավայրին, կամ արդեն անվտանգ չէ: Աբովյանը կենտրոնական փողոց է և պահանջում է, որ այն համապատասխան միջավայր ունենա, բայց քանդելուց էլ չպետք է արվի այնպես, ինչպես արվեց՝ գաղտնի, բոլորի աչքից հեռու: Դրա համար պետք էր համապատասխան, քաղաքակիրթ քննարկում նախաձեռնել, բացատրություն, մեկնաբանություններ, պատճառաբանություններ, փաստեր ու հակափաստարկներ, թե ինչո՞ւ է պետք քանդել այդ «սարայը»: Ընդհանրապես մեր իշխանություններին, լինի դա պետական թե քաղաքային, չէր խանգարի ժամանակ առ ժամանակ երկխոսության մեջ մտնել մեզ հետ, բացատրել իրենց դիրքորոշումները և կայացրած որոշումները, լսել մեր կարծիքը և մտահոգությունները։ Ես չեմ հիշում, որ, օրինակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը երբևիցե որևէ հարցազրույց կամ ելույթ ունենա Երևանի զարգացման ծրագրերի և իր տեսլականի վերաբերյալ։ Լավագույն դեպքում ֆեյսբուքյան «ասուլիս» է անցկացնում՝ պատասխանելով այն հարցերին, որոնց ինքն ուզում է պատասխանել։ Դա ինձ՝ որպես քաղաքացու, չի կարող գոհացնել։
– Կա՞ն այդպիսի կառույցներ, որոնք նույն ճակատագրին են արժանացել, ինչպես Արամի 30 հասցեում գտնվող կառույցը, և Դուք դա համարել եք նույնքան օրինաչափ, որքան «սարայինն» էր:
– Երբ ասում են՝ Հյուսիսային պողոտան էս ի՞նչ սարքեցին, ես անմիջապես հիշում եմ, թե ինչ էր այնտեղ դրանից առաջ՝ պատմամշակութային որևէ արժեք չունեցող, հին քարուքանդ շենքեր էին։ Մենք, լինելով այս քաղաքի պատանիներ, ուղղակի շրջանցում էինք քաղաքի այդ հատվածը։ Չեմ ափսոսում, որ դրանք քաղաքի կենտրոնից վերացել են, և կառուցվել է Հյուսիսային պողոտան, որը, ի դեպ, Թամանյանի գաղափարն էր։ Չեմ պնդում, թե վերջնական տարբերակը լիովին համապատասխանում է այն իրականությանը, որ կուզենայի տեսնել: Եթե նկատել եք, այնտեղ չկան կանաչ տարածքներ ու երեխաների համար նախատեսված բակային գոտիներ: Ես առհասարակ կարգելեի այն կառուցապատումը, որը չի ներառում բակային և կանաչ տարածքներ: Ընդհանրապես նկատե՞լ եք, որ քաղաքի կենտրոնը խեղդված է մեքենաներով: Ցավում եմ, որ այդ տարածքում ևս չլուծվեց ստորգետնյա ավտոկայանատեղիների խնդիրը: Կուզենայի նաև անդրադառնալ այն հարցին, թե ինչո՞ւ են մեր քաղաքում դեռևս շատ փողոցներ շարունակվում շահագործվել երկկողմանի երթևեկի համար, օրինակ, ասենք՝ Փարպեցի փողոցը, Պուշկինի փողոցը, և ոչ միայն: Աշխարհի շատ երկրներում այդպիսի նեղ փողոցները վաղուց արդեն միակողմանի են: Ինձ համար քննադատության թեմա չի նաև վճարովի ավտոկայանատեղիների (կարմիր գծերի) գաղափարը, իհարկե, ոչ այն ձևով, որով հիմա դրանք կան: Նախ՝ պետք է հիմնավորապես և վերջնականապես ճշգրտել, թե ո՞ւր պետք է ուղղորդվեն դրանցից ստացված եկամուտները: Իմ կարծիքով՝ դրանք պետք է մտնեն միայն պետական կամ քաղաքային բյուջե՝ ծառայելով քաղաքի բարեկարգման խնդիրներին: Գիտե՞ք, որ այլ երկրների հետ համեմատած՝ մենք իրականում չնչին գումարներ ենք վճարում դրանց դիմաց: Ես, օրինակ, տարեկան վճարում եմ ընդամենը 12.000 դրամ: Կարծում եմ, որ ավտոկայանատեղիների համար պետք է տարբեր սակագներ գործեն քաղաքի կենտրոնում և ծայրամասերում կայանման, աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի և ժամերի համար, և այլն։ Կենտրոնի համար ես սակագինը միանշանակ ավելի բարձր կսահմանեի:
– Մտավախություն չունե՞ք, որ ընթերցողների որոշակի հատված կարող է չկիսել և նույնիսկ քննադատել Ձեր վերջին տեսակետը:
– Չեմ բացառում, թող քննադատեն: Առողջ քննադատությունն ու բաց քննարկումները միայն օգտակար են։
Նվարդ Մանվելյան
168.am