«Արայիս մարմինը մեզ հասցրած տղան էլ է հիմա զոհված, և ամեն անգամ գերեզմանոց գնալիս Հովհաննեսի առջև էլ եմ խոնարհվում». galatv.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արայիս մարմինը մեզ հասցրած տղան էլ է հիմա զոհված, և ամեն անգամ գերեզմանոց գնալիս Հովհաննեսի առջև էլ եմ խոնարհվում». galatv.am

«Ամեն անգամ գերեզմանոց գնալիս Հովհաննեսի առջև էլ եմ խոնարհվում. այդ տղայի շնորհիվ ես որդուս մարմինը հողին եմ հանձնել, գերեզման ունեմ, դա էլ է մխիթարանք»

Արա Մկրտչյանը պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո որոշել է շարունակել ծառայել հայրենիքին: Արցախյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայողի մոր համար զարմանալի չի եղել տղայի որոշումը, որովհետև Արան հայրենիքն ամեն ինչից վեր էր սիրում: Էլ ի՞նչ մասնագիտություն պետք է ունենար, որ այդքան շատ սիրեր և այդքան շատ իրենը համարեր:

«2015թ.-ից աշխատում էր որպես պայմանագրային զինծառայող: Ճիշտ է, ես չէի ուզում, բայց Արաս շատ էր սիրում իր աշխատանքը, և կարելի է ասել, որ զինվորականի աշխատանքը կենսակերպ էր իր համար:

Սկզբում Գյումրիի զորամասում էր աշխատում, հետո տեղափոխվեց Արարատի զորամաս:

Ինքը միշտ սիրում էր առաջինը լինել, ամեն տեղ օգնող էր, հասկացող. Արայիս բոլորը սիրում էին: Չկա մի մարդ, որ ափսոսանք և ցավ չզգա Արայիս համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված զինծառայողի մայրը՝ Մանիկ Թադևոսյանը:

Արա Մակարի Մկրտչյանը ծնվել է 1992թ.-ի նոյեմբերի 1-ին Գյումրիում: Սեպտեմբերի 27-ից մասնակցել է պատերազմական գործողություններին: Զոհվել է հոկտեմբերի 11-ին Ջրականի համար մղվող մարտերում: Արա Մկրտչյանը ամուսնացած էր, ունի մեկ որդի:

Պայմանագրային զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

«Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, առավոտյան շուտ զանգեցի, իրենց տեղափոխում էին: Սկզբում ինձ խաբեց, թե մամ, մենք Նախիջևանում ենք, չվախենաս, էստեղ դիրքեր ենք պահում, որ ձեզ էդտեղ ոչինչ չլինի:

Ես խառնվել էի իրար, անընդհատ կրկնում էի՝ Արա ջան, կյանքդ փրկի, մենք էստեղ կապրենք, դու կյանքդ փրկի: Ասաց՝ լավ էլի, այ մամ, էստեղ ոչինչ չկա:

Հոկտեմբերի 9-ին առավոտյան զանգեց, ես աշխատանքի էի, զանգել էր եղբորը և ասել, որ եթե հեռախոսս անհասանելի լինի, չանհանգստանաք, այստեղ կապերը լավ չեն:

Հենց այդ օրը առավոտյան Արայենց տեղափոխել էին Ջրական, ինքը Ջրականում է կռվել, բայց ես չեմ իմացել դրա մասին:

Արաս գիտեր իմ բնավորությունը, որ զանգը ուշանար, ինչեր կարող էի մտածել… պատերազմի օրերին օրվա մեջ անպայման զանգում էր ինձ, ասում էր՝ մամ ջան, ամեն ինչ լավ է, նորմալ է:

Հոկտեմբերի 10-ին էլ ենք որդուս հետ խոսել, իսկ հոկտեմբերի 11-ին հաղորդագրություն էր եղբորը ուղարկել, որ իր հետ ամեն ինչ լավ է, դուք ձեզ լավ նայեք: Մենք զարմացանք, որ ինչի է հաղորդագրություն գրել ու չի զանգել:

Արաս զոհվել է հոկտեմբերի 11-ի երեկոյան իր զինծառայակից ընկերների հետ միասին:

Արայիս վաշտի ավագը՝ Հովհաննես Խաչատրյանը, որդուս մարմինը մյուս զինված տղերքի մարմինների հետ պատերազմի դաշտից հանել և հասցրել է մեզ:

Արայիս մարմինը մեզ հասցրած տղան էլ է հիմա զոհված, և ամեն անգամ գերեզմանոց գնալիս Հովհաննեսի առջև էլ եմ խոնարհվում: Այդ տղայի շնորհիվ ես որդուս մարմինը հողին եմ հանձնել, գերեզման ունեմ, դա էլ է մխիթարանք, այսօր երեխեք կան, որ դեռ մարմինները փնտրում են»,- շարունակում է հերոսի մայրը:

Տիկին Մանիկը ասում է՝ մեծ է իր կսկիծը, իրեն միայն կհասկանա որդեկորույս ծնողը:

Ասում է՝ ցավոտ հպարտություն է, ցավոտ գիտակցում, որ հերոսի մայր ես:

«Մինչև հիմա չեմ կարող հաշտվել կատարվածի հետ, Արաս մեր ամեն ինչն էր: Ես հիմա ապրում եմ, որ Արայիս հիշատակը վառ մնա: Մեր երեխեքը հերոս են, բայց ոչ մի ծնող էս գնով չի ուզենա հերոս ունենալ»,- եզրափակեց արցախյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Արա Մկրտչյանի մայրը՝ Մանիկ Թադևոսյանը:

galatv.am