«Եղնիկների լուսանը». այսպես են հիշում Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասի հետախույզ-ավագ լեյտենանտ Արտյոմ Եղոյանին։
Արտյոմ Արշակի Եղոյանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին, կռվի բռնվելով հակառակորդի դեմ, փրկել է դասակին ու կանխել դիվերսիոն գրոհը. այդ մարտում էլ ընկել է հանուն հայրենիքի։
Զորամասի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանը նշում է՝ անթերի էր Եղոյանը.
«Օրինակելի, բարեխիղճ, դաստիարակված տղա էր։ Կարիք չկար իրեն լրացուցիչ խնդիրներ առաջադրելու, օգնություն ու ուղղություն ցույց տալու։ Իրավիճակին ամբողջությամբ տիրապետում էր», – Եղոյանին այսպես է նկարագրում փոխգնդապետը։
Բազիկյանը պատմում է՝ սեպտեմբերի 29-ին հակառակորդը մեծ ուժերով 15 մարտական դիրքի ուղղությամբ փորձում է ճեղքում կատարել, Եղոյանն ու իր դասակը, առանց հետ նայելու, միանգամից ամբողջ խրամուղու երկայնքով բացազատվում են, մարտը վարում են ու հակառակորդին թույլ չեն տալիս մխրճվի խրամատ։
«Անգամ հակառակորդի լեշերը ընկած էին, դիակների հավաքման պրոցեսին անձամբ եմ մասնակցել», – պատմում է փոխգնդապետը։
Արտյոմ Եղոյանի հրամանատարությամբ է ծառայել Միքայել Մուրադյանը։ Վստահեցնում է՝ իր հրամանատարը շատ անկեղծ էր։
«Զինվորի հետ կապը միշտ ընկերական էր, երբեք զինվորին չի վերաբերվել որպես սպա», – նշում է Միքայելը։
Իր հրամանատարին է նվիրել «Երկու տարվա կյանք» բանաստեղծությունների ժողովածուն։ Շապիկին Արտյոմ Եղոյանի ու նրա մարտական ընկեր Տիգրան Միկոյանի նկարն է։
«Երբ Միկոյանն իմանում է, որ Արտյոմին խփել են, վազելով գնում է օգնության, հասնում է, գրկում Եղոյանին, բայց երբ իր գրկում էր առել Արտյոմին, հակառակորդի գնդակից հարված է ստացել ու մահացել», – պատմում է զինվորը։
Արտյոմի մասին հիացմունքով է խոսում Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցի տնօրենը՝ Վարդան Ավետիսյանը։
Պատմում է՝ շատ դեպքերում Արտյոմն ինքնամփոփ էր, միևնույն ժամանակ, հետաքրքիր։
«Արտյոմը կարողացավ իր գիտելիքն ու ներուժը անմնացորդ նվիրել հայրենիքին։ Արտյոմը, բոլոր Արտյոմները մեր հասարակության պատգամն են, պատգամ՝ ապրել էլ ավելի մեծ պատասխանատվությամբ մեր հայրենիքի նկատմամբ ու արժանին մատուցած կլինենք այն ժամանակ, երբ կարողանանք վերակերտել մեր հայրենիքն այնպես, ինչպես ուզում էին տեսնել Արտյոմն ու նրա նման հերոս տղաները», – նշում է Վարդան Ավետիսյանը։
Արտյոմ Արշակի Եղոյանը 44-օրյա պատերազմում ցուցաբերած արիության համար հետմահու արժանացել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճան շքանաշանի և «Մարտական Ծառայություն» մեդալի: