«Իրավունքը» զրուցեց թանգարանի տնօրեն, մ.գ.թ, դոցենտ ԴԱՎԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
– Հայաստանի պատմության թանգարանի վերանորոգման աշխատանքները ի՞նչ ավարտ ունեցան:
– Շնորհակալ եմ, որ ուշադիր եք թանգարանում ընթացող արդիականացման աշխատանքների ընթացքին: Պետք է ասեմ, որ դեռ աշխատանքները շարունակվում են որոշակի ընդհատումներով: Մասնավորապես` բարդություններ կային տեղադրվող համակարգերի կարեւոր մասը համարվող փոքր կաթսայատան տեղակայման հետ: Այժմ փաստաթղթային մասով վերջնական փուլում են նաեւ այդ աշխատանքները: Օդափոխության հիմնական սարքավորումներն արդեն թանգարանում են, ներքին մի շարք աշխատանքներ ավարտվել են, պետք է ավարտին հասցվեն հատկապես կաթսայատան եւ գործարկման համար անհրաժեշտ սնուցման համակարգերի տեղադրումը, հզորացումը: Հուսանք, մյուս տարվա սկզբին թանգարանի մշտական ցուցադրության մի հատվածը կկարողանանք բացել այցելուների համար:
– Այս շաբաթ ո՞վ է լինելու Ձեր հյուրը, եւ ինչ նոր ցուցադրություններ ունեք:
– Դեռ հուլիսի 1-ից թանգարանը Արտաքին գործերի նախարարության նախկին, կառավարության թիվ 2 շենքում հովանավորների ու գործընկերների աջակցությամբ բացեց “Դրվագներ ինքնության. տարազ” խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, որը դեռ բաց է այցելուների համար: Ցուցահանդեսն առաջին հերթին միտված էր թանգարանի հարուստ գործվածքի եւ վավերագրերի հավաքածուներից մի ընտրանի նորովի ներկայացնել հանրությանը եւ մեղմել մշտական ցուցադրության փակ լինելու հանգամանքը: Ցուցահանդեսին կից հարթակներից մեկը ամեն ուրբաթ օր հրավիրյալ բանախոսի եւ փոփոխվող ցուցանմուշների միջոցով վերածվում է տարազի մեկնաբանման որոշակի եւ լայնակի մեկնաբանման ակտիվ հարթակի: Այս ուրբաթ օրը նման մի բանախոսություն նվիրված կլինի տարազին եւ դրա կիրառությանը նորաձեւության մեջ, որը կվարի թանգարանի հավաքածուին լավ ծանոթ, հագուստի դիզայներ Արամ Նիկոլյանը:
Այս ընթացքում մեկ այլ կարեւոր միջոցառում էր թանգարանի համար` Հայաստանի Հանրապետության հռչակման 30-ամյակին նվիրված եռօրյա գիտաժողովի անցկացումը, որին մասնակցում էին 80-ից ավելի զեկուցողներ: Գիտաժողովի բացման միջոցառումների շարքում թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո կազմակերպվեց “Պետականություն, իրողություններ եւ խորհրդանիշներ” խորագրով ցուցահանդեսը: Վերջինիս հիմնական նպատակն է թանգարանում պահվող առարկաների հիմքով ներկայացնել մեզանում պետականության ավանդույթները դեռ վաղ պետական կազմավորումներից մինչեւ մեր օրերը: 10 մեծադիր պաստառների եւ կից կրկնօրինակ նմուշների միջոցով այցելուն կարող է ծանոթանալ այն պատմական ժամանակաշրջաններին, երբ պետականություն ենք ունեցել եւ ունենք ու այդ ժամանակաշրջանից մեզ հասած ու հավաստող խորհրդանիշները:
– Այցելուներ շա՞տ ունեք: Ի տարբերություն անցած տարիների (2020 թվականը չհաշված)՝ այցելուների քանակը շատացե՞լ է, թե` ոչ:
– Մինչ 2020 թ. ընկած տարիների թանգարանային այցելությունների քանակին հասնելու համար, կարծում եմ, դեռ երկար ժամանակ է պետք, քանի որ համավարակը, պատերազմական վիճակը, ինչպես նաեւ արդեն շուրջ մեկ տարի տեւող թանգարանի փակ լինելը հնարավորություն չեն տալիս համեմատականներ տանել: Սակայն, բացված ժամանակավոր ցուցահանդեսի այցելության ցուցանիշները մեզ հուսադրում են, քանի որ անցած երեք ամիսներին “Դրվագներ ինքնության. տարազ” խորագիրը կրող ցուցահանդեսին այցելել են ավելի քան 5000 այցելուներ, որը լավ ցուցանիշ է վերջին շրջանի հայաստանյան ժամանակավոր ցուցահանդեսների կազմակերպման պրակտիկայում:
– Օդանավակայանում այսօր գովազդվում է ոգելից խմիչքները` գինի, կոնյակ, բայց ոչ տեսարժան վայրերը: Բացի թանգարանի կայքից՝ օտար երկրներից ժամանած հյուրերը ինչպե՞ս են իմանում թանգարանի մասին:
– Օդանավակայանում եւ այլ ակտիվ հանրային վայրերում թանգարանի ներկայացվածությունը դեռեւս պասիվ է, եւ համաձայն եմ, որ նման տեղեկատվական հնարավորությունները կարեւոր են թանգարանի համար: Մեր հետագա ծրագրերում նախատեսում ենք համագործակցության այնպիսի ձեւաչափեր, որ թանգարանը ներկայացված լինի հանրային ակտիվ հարթակներում, ինչպես նաեւ իր տեղեկատվությունն առավել հասանելի դարձնի հանրությանը: Սակայն, կարծում եմ, մշտական ցուցադրության բացումից հետո այս ծրագրերը առավել նպատակային կլինեն:
– Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
– Առաջիկայում առավելապես աշխատելու ենք մշտական ցուցադրության առանձին հատվածների վերաբացման ուղղությամբ, որը թանգարանի համար առաջնային է: Ապա սպասվում են արդեն ընթացքի մեջ գտնվող աշխատանքների իրականացումը, որի արդյունքում կունենանք նոր հրատարակություններ, հուշանվերային առաջարկներ, կրթական ծրագրեր եւ համագործակցային նախագծեր: Նաեւ շատ կարեւոր ենք համարում մինչ համավարակը ծրագրավորված, բայց չիրականացված միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը: Հուսանք` թանգարանը շուտ կբացվի այցելուների համար, որին սպասում են մեր շատ հայրենակիցներ եւ արտերկրից ժամանող հյուրեր:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ