Մսից հրաժարվելը կարող է հանգեցնել մի շարք տհաճ հետեւանքների, հավաստիացնում է սննդաբան Օլգա Չունտովան (Ռուսաստան)։
ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում նա նշել է, որ կենդանական սպիտակուցից հրաժարվելու դեպքում օրգանիզմը դադարում է ստանալ կարեւոր տարրեր, այդ թվում՝ D, В12 վիտամիններ, ինչը բարձրացնում է ուղեղի կաթվածի առաջացման ռիսկը։ Օրգանիզմին սկսում են չբավարարել նաեւ օմեգա-3 ճարպաթթուները, կրեատինը, խոլեստերինը, յոդը, ֆոսֆորը եւ կալցիումը։
Մասնագետի խոսքով՝ այս բոլոր նյութերի անբավարարությունը կարող է հանգեցնել հորմոնալ խախտման։ Կտուժեն նաեւ մազերը, եղունգները, ոսկորները, ինչպես նաեւ վերարտադրողական գործառույթը։ Նաեւ Բուսական սպիտակուցը բացառելու պարագայում բարձրանում է անեմիայի առաջացման ռիսկը։
Սննդաբանն ավելացրել է, որ բուսական սպիտակուցը չի կարող փոխարինել կենդանականին ոչ ամինաթթուների կազմով, ոչ յուրացվելիությամբ։
Եթե դուք, այնուամենայնիվ, հաստատ որոշել եք հրաժարվել մսից, Չունտովան խորհուրդ է տալիս չխմել չափից շատ սուրճ եւ թեյ, քանի որ երկուսն էլ կարող են խանգարել երկաթի ներծծմանը։ Այդ պրոցեսի կարգավորման համար նա խորհուրդ է տվել օգտագործել մթերքներ, որոնցում ասկորբինաթթու կա։ Կերաբաժում պետք է ներառել նաեւ ջրիմուռներ, չիայի սերմեր, հունական ընկույզ, ձու, վուշի սերմեր, քանի որ այս մթերքները կօգնեն լրացնել չհագեցած ճարպաթթուների պակասը։
Սննդաբանն ընդգծել է, որ ցինկ կարելի է ստանալ ընկուզեղենից եւ լոբազգիներից, ամինաթթուներ՝ կաթնամթերքից։ Մասնագետի խոսքով՝ կալցիումի աղբյուր կարող են լինել կակաչի, քնջութի սերմերը, նուշը, ինչպես նաեւ թարմ եղինջն ու մասուրը։