«Եթե այս տեմպը պահպանվի, ապա ամեն 20-25 տարում Հայաստանի բնակչությունը նվազելու է 12-15%-ով, ու ամեն հաջորդ սերունդ՝ էլի 12-15%-ով». Կոնստանտին Տեր-Նակալյան
Advertisement 1000 x 90

«Եթե այս տեմպը պահպանվի, ապա ամեն 20-25 տարում Հայաստանի բնակչությունը նվազելու է 12-15%-ով, ու ամեն հաջորդ սերունդ՝ էլի 12-15%-ով». Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից.

«2020 թվականին Հայաստանում ծնվել է 39.310 երեխա, իսկ մեկ կնոջը բաժին ընկնող ծնելիության կոեֆիցենտը կազմել է 1.76 երեխա։ Սա նշանակում է, որ եթե անգամ այս տեմպը պահպանվի ու մնացած բոլոր ցուցանիշները՝ հատկապես մահացիությունն ու միգրացիան լինեն պարիտետային մակարդակի վրա, ապա ամեն 20-25 տարում Հայաստանի բնակչությունը նվազելու է 12-15 տոկոսով։ Ու ամեն հաջորդ սերունդ՝ էլի 12-15 տոկոսով։ Այսինքն, եթե շատ կոպիտ ու մոտավոր հաշվարկներ անենք, ապա կտեսնենք, որ 100 տաի հետո Հայաստանը, լավագույն դեպքում, 2 միլիոն բնակչություն կունենա, իսկ որոշ հեղինակավոր հետազոտություններ ավելի տխուր թվեր են տալիս՝ մոտ 1.5 միլիոնի շրջանակներում։

Այստեղից հետևություն. եթե անգամ երկնքից մանանա թափվի, բոլոր թուրքերը մեռնեն, Հայաստանն էլ դառնա բիբլիական Էդեմի ֆիլիալը, ծնելիության դինամիկան չփոխելու դեպքում՝ ժամանակի հարց է, թե երբ կդադարենք որպես ազգ գոյություն ունենալ։ Որպեսզի գոնե առկա ազգաբնակչության թիվը պահպանվի, պետք է ծնելիության ինդեքսը լինի 2.3ի կարգի, իսկ որպեսզի կտրուկ աճի, այդ ցուցանիշը պետք է լինի 3 ու ավել։

Ի հեճուկս շաբլոն պատկերացումների՝ ցածր ծնելիության բերող հանգամանքների վրա զուտ ֆինանսական բարեկեցությունն ավելի շուտ բացասական ազդեցություն ունի։ Զարգացած պետություններն ու բարեկեցիկ սոցիումներն էլ դրա ամենավառ առհավատչյան է. որքան ավելի լավ են ապրում մարդիկ, այնքան ավելի քիչ երեխաներ են սկսում ունենալ։ Ըստ այդմ՝ խնդիրը հոգեբանական ու մշակութային մակարդակներում է ավելի շուտ, որոնք փոխելու համար պետք է պետական քաղաքականություն։

Առ այսօր Հայաստանում գործում է ծնելիության խրախուսման համակարգ, որը լավ, թե վատ, բայց գործում է ու հանգրվանում է պարզ բանաձևի՝ երեխա բեր, մենք քեզ մի քիչ փող կտանք։ Տված փողն էլ մի երևելի մեծության չէ և արդյունքում էս խրախուսումը գործում է միայն հասարակության ամենաչունևոր շերտերի մոտ, երբ մարդիկ սկսում են «կիլոյով երեխա ունենալ», որովհետև ամեն երեխայի հետ մի քանի հարյուր հազար դրամ փող են ստանում։ Ի դեպ, հենց այս շերտերի շնորհիվ էլ մեր ծնելիության ինդեքստ գոնե 1.7-ի սահմաններում է, թե չէ կարող էր 1.3 էլ լինել։

«Կիլոյով» երեխաները, իհարկե խնդրահարույց են, բայց էլի երեխա են ու պետության ամենաթանկարժեք ռեսուրսն են։ Էդ երեխաներից պիտանի քաղաքացիներ դարձնելու մեխանիզների մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ, իսկ հիմա միայն արձանագրենք, որ Հայաստանում պետք է շատ երեխաներ ծնվեն՝ «կիլոյով», թե ոչ, բայց պետք է ծնվեն և ինչքան շատ՝ այնքան լավ։

Ծնելիության ցուցանիշը բարձրացնելու համար զուտ խրախուսումները, այն էլ այն մասշտաբների, որ ունենք, կատեգորիկ բավարար չեն։ Անգամ եթե էդ աջակցությունը բազմապատիկ ավելի շատ լինի, դա խնիրը չի լուծելու։ Ուսումնասիրեք համաշխարհային փորձը ու կտեսնեք, որ ինչքան ուզում ես մարդկանց փող ու պրեֆերենցիաներ խոստացի, ծնելիության ինդեքսում բեկումնային փոփոխությունների դա չի բերում։

Հետևաբար՝ պետք է խրախուսման մեխանիզմները զուգորդվեն պատժի մեխանիզմների հետ։ Այսինքն, պետք է ստեղծվի գործիքակազմ, որը ոչ միայն քաղաքացուն կասի, թե ինչ լավ բաներ կլինեն, եթե ինքը երեխա ունենա, այլ նաև հստակ կբացատրի, թե ինչ լավ բաներ չեն լինի/վատ բաներ կլինեն, եթե նա երեխա չունենա։

Օրինակ՝ պետք է արդիականացնել հարկային քաղաքականությունը։ Դիցուք՝ դու չունես երեխա, ընդ որում, էական չէ, թե դու պարզապես չես հասցրել դեռ ունենալ երեխա, թե սկզբունքորեն childe free գաղափարին ես հարում, ուրեմն քո եկամտային հարկը կկազմի ասեն՝ 35 տոկոս, իսկ մյուս քաղաքացին, որ ունի 3 երեխա, կունենա 20 տոկոս կազմող եկամտային հարկ։ Չե՞ս ուզում երեխա ունենալ, քո իրավունքն է, բայց բարի եղիր ու ավելի շատ վճարիր այն ամենի համար, որ դու սպառում ես, այդ թվում՝ այլոց երեխաների հաշվին։ Օրինակ՝ անվտանգությունը։ Ինչո՞ւ պետք է բանակին զինվոր տվող մարդն էլ նույն հարկը վճարի, չտվողն էլ։

Մեկ այլ՝ շատ գործուն մեխանիզմ են փորձում կյանքի կոչել չինացիները։ Նրանք ծնելիության հարցը փոխկապակցել են կենսաթոշակի հետ։ Եթե շատ պարզեցված ներկայացնեմ կոնցեպտը, ապա այն հենվում է այն սկզբունքի վրա, որ ինչքան ավելի շատ երեխա ունենաս կյանքիդ ընթացքում, այնքան ավելի մեծ կլինի թոշակդ։ Էստեղ կարևոր նյուանս կա. բավական չէ զուտ երեխա ցռթել, պետք է ծնողական պարտականություններդ կատարես։ Այսինքն՝ ուզում ես էդ երեխեքին առողջ ընտանեկան միջավայրում մեծացրու, ուզում ես ալիմենտներ վճարելով սահմանափակվի, բայց վերջում, երբ անցնես թոշակի, արդեն քո մեծացած երեխաներից պետք է առանձին հարկատեսակ գանձվի, որոնք անվանական կարգով կուղղվեն այդ երեխաների զառամյալ ծնողների թոշակին։ Ընդ որում՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ են իրենք։

Սրանք զուտ պետական ուղղակի կարգավորումներ են, որոնք էական, բայց ոչ ամբողջական լուծում կարող են տալ ծնելիության խնդրին։ Դե իսկ ամբողջական լուծումը, ինչպես արդեն նշեցի, ենթադրում է հասարակության հոգեբանական-մշակութային կոդերի լրջագույն փոփոխություն, ինչն էլ իր հերթին ենթադրում է մեր կենցաղի ու աշխարհայացքի լրջագույն վերանայում, որն, իհարկե, տարիներ ու տասնամյակներ կպահանջի, բայց էդ վերաիմաստավորումը պետք է սկսեինք դեռ երեկ։ Այս հակիրճ ու թռուցիկ անդրադարձն էլ այս խորն ու բարդագույն խնդրին թող ծառայի որպես այդ վերաիմաստավորմանը ծառայող դիսկուրսի առիթ։

Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքներն ու առարկությունները»:



Նման նյութեր