Բեթհովենը չի հասցրել ավարտել տասներորդ սիմֆոնիան՝ սերունդներին թողնելով միայն սևագրեր։ Կոմպոզիտորները փորձել են ավարտին հասցնել ստեղծագործությունը, սակայն չեն կարողացել ամբողջությամբ վերստեղծել հեղինակի մտադրությունը։ Արդյունքում՝ նեյրոնային ցանցը հաղթահարել է խնդիրը։
Բեթհովենը սկսեց աշխատել իր տասներորդ սիմֆոնիայի վրա 1824 թվականին, բայց երեք տարի անց մահացավ, և այն մնաց անավարտ։ Այդ ժամանակից ի վեր աշխատանքը գոյություն ունի միայն էսքիզներում՝ սփռված մի քանի աշխատանքային գրքույկների վրա։ Գերմանացի կոմպոզիտորի ստեղծագործության հետազոտողներին հաջողվել է գտնել մոտ 50 նման դրվագ։
Աշխատանքը վերստեղծելու փորձեր
Այդ ժամանակվանից մի քանի երաժշտագետներ սևագրերի հիման վրա ստեղծել են Տասներորդ սիմֆոնիայի ավարտի իրենց տարբերակները։ 1980-ականներին բրիտանացի կոմպոզիտոր Բարրի Կուպերը վերակառուցեց ստեղծագործության առաջին և երկրորդ մասերը։ Նրա տարբերակը ութ տարի անց կատարեց Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը։ 2013 թվականին գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Գերդ Պրենգելը միավորեց սևագրերը, իսկ Հիդեակի Շիչիդան վերստեղծեց սիմֆոնիայի բոլոր չորս մասերը։
2019 թվականի սկզբին Մաթիաս Ռեյդերը՝ Էլետ և Հերբերտ ֆոն Կարայան ինստիտուտի տնօրենը, որը զբաղվում է երաժշտության և տեխնոլոգիայի խաչմերուկում գտնվող նախագծերով, սկսեց թիմ հավաքագրել Բեթհովենի աշխատանքը ամբողջացնելու համար: Սիմֆոնիան վերստեղծելու համար նա որոշել է օգտագործել արհեստական ինտելեկտը։ Աշխատանքային խմբում ընդգրկված էին ավստրիացի կոմպոզիտոր Վալտեր Վերզովան, կոմպոզիտոր Մարկ Գոթեմը, Հարվարդի համալսարանի դաշնակահար և երաժշտագետ Ռոբերտ Լևինը, ով նախկինում ավարտել էր Մոցարտի և Բախի մի քանի անավարտ գործեր, ինչպես նաև արվեստաբան և ամերիկյան արհեստական ինտելեկտի լաբորատորիայի տնօրեն Ահմեդ Էլգամալը։
Թիմը սկսեց աշխատել՝ վերծանելով սիմֆոնիայի ուրվագիծը: Երաժշտագետները փորձել են պարզել, թե ինչ հաջորդականությամբ կարող են հետևել հատվածները, և որն է եղել Բեթհովենի հնարավոր մտադրությունը։ Որպեսզի արհեստական ինտելեկտը ավարտի անավարտ ստեղծագործությունը, սովորեցնում էին համատեղել երաժշտական դրվագները, մի քանի նոտաների հիման վրա գրել բարդ ստեղծագործությունների տարբեր մասեր և հասկանալ կոմպոզիտորի ոճը։ Մասնագետների մտահղացմամբ՝ նեյրոնային ցանցը պետք է «մտածեր Բեթհովենի պես» և, օգտագործելով նրա գծագրերը որպես հուշումներ՝ ավարտեր սիմֆոնիան։
Ահմեդ Էլգամալը ստեղծեց չորս նեյրոնային ցանցեր, որոնց մեջ նա վերբեռնեց սոնատներ, համերգներ, լարային քառորդներ և Բեթհովենի ինը սիմֆոնիաներ՝ սովորեցնելու նրանց ճանաչել կոմպոզիտորի ոճը: Երկու մոդելներ պատասխանատու էին ներդաշնակության և նվագախմբի համար, երրորդը մշակեց թեմաները, իսկ չորրորդը միավորեց դրանք: «Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ արհեստական ինտելեկտը տեղ չունի ստեղծագործության մեջ: Բայց ես ինտելեկտը տեսնում եմ ոչ թե՝ որպես երաժշտին փոխարինելու միջոց, այլ՝ որպես գործիք, որն օգնում է արվեստագետներին նորովի արտահայտվել»,- կարծում է արվեստաբանը։
AI կոմպոզիցիայի մի հատվածի առաջին կատարումը
2019 թվականի նոյեմբերին AI-ն ներկայացրել է աշխատանքի վերակառուցման իր տարբերակի մի մասը։ Դաշնակահարն այն կատարել է Գերմանիայի Բոննի Բեթհովենի տուն-թանգարանում՝ մի խումբ լրագրողների, երաժշտագետների և կոմպոզիտորի ստեղծագործությունը հետազոտողների առջև։ Լսողներին խնդրեցին որոշել, թե որտեղ են ավարտվում Բեթհովենի գրած գրառումները և սկսվում նեյրոնային ցանցի մասը: Նրանք չկարողացան: Այնուհետև լարային քառյակը հնչեցրեց պարտիտուրներից մեկը: Լսողները դարձյալ չհասկացան, թե որտեղ են արհեստական ինտելեկտի գրած մասերը։ Դրանից հետո մասնագետների թիմը որոշեց, որ իրենք ճիշտ ուղու վրա են։
Սիմֆոնիայի պրեմիերան
Հաջորդ մեկուկես տարվա ընթացքում երաժշտագետները բարելավել են նեյրոնային ցանցի աշխատանքը։ Արդյունքում այն կարողացավ ավարտել Բեթհովենի ստեղծագործության երկու մասը։ Սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Բոննում։ Էլգամալի խոսքերով՝ որոշ ունկնդիրներ այնքան հուզված էին, որ լաց էին լինում, իսկ հետո մեկը ամբողջ օրը լսում էր այս երաժշտությունը:
Սիրարփի Աղաբաբյան