Քաշի արագ կորուստը, մանավանդ եթե մարդը չի փոխել կենսակերպը, կարող է մատնանշել որոշ հիվանդությունների մասին, հավաստիացնում է Ռուսաստանի Դաշնային պետական ինքնավար կրթական բարձրագույն հաստատության Ն.Ի. Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի պոլիկլինիկական թերապիայի ամբիոնի դոցենտ Եկատերինա Կուդինան (Ռուսաստան)։
«Պրայմ» գործակալության հարցազրույցում մասնագետը նշել է, որ նիհարելը, եթե կապված չէ սննդակարգի արմատական փոփոխության կամ ֆիզիկական բեռնվածության ավելացման հետ, կարող է լինել հիվանդության ախտանշան եւ բուժօգնության դիմելու առիթ։
«Անգամ եթե մարդը երազել է նիհարել՝ ավելորդ քաշ ունենալով, դրա չկանխատեսված պակասումը չպետք է չարդարացված լավատեսություն առաջացնի»»,- ասել է Կուդինան։
Նրա խոսքով՝ շատ հիվանդություններ կարող են առաջ բերել քաշի արագ կորուստ։ Դրանցից են էնդոկրինային պաթոլոգիան, վահանաձեւ գեղձի ախտահարումը, շաքարային դիաբետը, վարակիչ հիվանդությունները, այդ թվում՝ տուբերկուլյոզը, ինչպես նաեւ աուտոիմունային եւ օնկոլոգիական հիվանդությունները։
Որոշ դեպքերում մարդը կարող է կորցնել քաշը նաեւ բնական պատճառներով, բայց դա կարելի է հաստատել միայն օրգանիզմի լիակատար զննումից հետո։ Քաշը նաեւ կարող է պակասել նյարդային սթրեսից, ինչը նույնպես բժշկի այցելելու առիթ կարող է ծառայել։ Այս ֆոնին կարող են առաջանալ կամ սրվել տարատեսակ հիվանդություններ, նախազգուշացրել է մասնագետը։
news.am