«Հայհոյանքի տոնավաճառներ պիտի կազմակերպվեին…». Հովհաննես Խուդոյան
Advertisement 1000 x 90

«Հայհոյանքի տոնավաճառներ պիտի կազմակերպվեին…». Հովհաննես Խուդոյան

Ի սկզբանե Բանն էր, հետո՝ վիրավորական բանը:

Հայհոյանքը լուրջ արվեստ է, մեծ տրադիցիա: Եղել է, կա ու լինելու է: Հայհոյանքը խոսքի դեվիանտ ատրիբուտ է, հակադրվում է ընդունված վարքագծի կանոններին, շատ կոնֆլիկտների սկզբնաղբյուր է, քիչ մարդիկ կգտնվեն, որ արդարացնում են դրա կիրառումը: Բայց ինչ է ստիպում մարդուն, անգամ ամենակիրթ մարդուն հայհոյել: Հոգեբանները հավանաբար խորը գիտական հիմնավորումներ կբերեմ, բայց ոչ մասնագետի կենսափորձն էլ կարող է թույլ տալ վերհանել դրա պատճառները: Հայհոյանքը շատ կուտակված կամ հանկարծահաս էմոցիայի պարպման լավագույն ձևերից է: Ընդ որում, ինչպես բացասական էմոցիայի, այնպես էլ դրական զգացողությունների՝ հաճելի անակնկալից ուրախություն, խիստ զարմանք անհավատալի իրադարձությունից /ֆուտբոլային մեկնաբանները երբեմն զսպում են իրենց եթերում/: Բայց ամենից հաճախ հայհոյանքը ցավից առաջացած էմոցիայի պարպումն է: Ցավը կարող է լինել ինչպես հոգեբանական, այնպես ֆիզիոլոգիական: Վերջինի դեպքում հիանալի դեղամիջոց է: Փորձեք մի անգամ մուրճով մատին հարվածելիս բացականչել «Աստված իմ, այս ինչ անասելի ցավ է», բան չի փոխվի: Մյուս դեպքում շատ կարճ ու կտրուկ հիշեք մուրճի արտադրողի տիրոջը, ու ցավը իսկույն կանցնի: Բարձրաձայն ցանկություն հայտնեք կենակցել մահճակալի ոտքի ծնողի հետ, ու ոտքի ճկույթը դժոխային ցավից կազատվի: Իհարկե մուրճն ու մահճակալը նույն պահին չեն դանակահարի հայհոյողին, բայց սառը վրեժխնդրությամբ կսպասեն մյուս անգամ ցավ պատճառելուն:

Հայհոյանքը օգնում է նաև հոգեբանական ցավից ազատվելու հարցում: Վրդովմունք, անճարություն, հիասթափություն, նեղացվածություն, վախ: Սրանց ազդեցությունը կարելի է մեղմել հայհոյանք հնչեցնելով: Սրանց առաջացման պատճառներն էլ տարբեր մարդկանց մոտ տարբեր են լինում՝ կախված կենսափորձից, սոցիալական դիրքից, կրթական աստիճանից և այլն: Մեկին կարող է խիստ վրդովմունք պատճառել կնոջ պատրաստած սուրճի քաղցրությունը /անասուն, էլի/, մյուսի մոտ՝ իր սոցիալական դիրքի նվազ արժեվորումը /տեղը չեք բերում ինձ/, երրորդի մոտ՝ իր հայրենիքը մաս֊մաս կորցնելու գաղափարը: Բոլոր պատճառներից անկախ՝ ցավը պետք է պարպվի: Դրա եղանակներն էլ տարբեր են: Մեկը կարող է կիսվել հոգեբանի կամ ընկերոջ հետ, մեկ ուրիշը՝ պատմել հոսող ջրին: Նույն էմոցիան կարող ես հանձնել կտավին կամ թղթին: Բայց շատ մեծ ցավը պարպելը հեշտ չի, երբեմն աշխարհի բոլոր կտավները չեն բավարարի դրա համար, երբեմն այդքան ժամանակ չկա հանկարծահաս ցավից ազատվելու:

Որպես լուծում միշտ կա հայհոյանքը: Հայհոյել կարելի է ամեն ինչ ու ամեն կերպ: Ցանկալի է միայն, որ այն նոր ցավի պատճառ չդառնա՝ չառաջացնի շրջապատի վրդովմունքը, չվիրավորի ուրիշի արժանապատվությունը, չհանգեցնի հայհոյողի քթի կոտրվածքի:

Ու ինչքան հաճախ ես օգտվում այս «բալասանից», այնքան ավելի է մեծանում կախվածությունը: Արդյունքում դառնում ես կամ հայտնի քֆուրչի /երբ ճիշտ միջավայրում ես հայհոյում/, կամ խուլիգան /եթե սահմաններ չունես/: Այս վերջին դեպքում հասարակությունը կարող է հակադրվել նաև բարոյական կամ իրավական նորմերի սահմանափակումներով: Օրինակ դեռևս ոչ վաղ անցյալում կնոջ ներկայությամբ հայհոյած անձը լուրջ փորձությունների առաջ կարող էր կանգնել, եթե չհիմնավորեր, որ հայհոյանքը հնչեցրել է հանկարծահաս ֆիզիկական կամ էմոցիոնալ ցավի արդյունքում /օրինակ, ծեծկռտուքի կամ իր ծնողին վիրավորելու արդյունքում/:

Իրավաչափ է նաև օրենսդրական սահմանափակումների կիրառումը, եթե այլ կերպ հնարավոր չէ զսպել հայհոյանքով այլ անձանց վնասելը /եթե անհնար է բարոյական խրատով խելքի բերել շուրջը չնայողին/:

Հնարավոր է նաև արգելել հասցեական հայհոյանքը՝ սահմանալով իրավական հետևանքներ այն դեպքերում, երբ ինչ֊որ պատճառով երևույթը դառնում է մասսայական և վտանգավոր:

Բայց միշտ, բոլոր դեպքերում արդյունավետ է պայքարել պատճառի, և ոչ հետևանքի դեմ:

Օրինակ արգելեցինք հայրենիքի կորստի ցավը հայհոյանքով պարպողներին արտահայտվել, գուցե և արդյունավետ արգելեցինք: Դրանից ցավը չի անցնում, չէ՞: Այն կա, կուտակված է, կուտակվում է ու պիտի պայթի: Մի տեղ, մի օր: Նկարի տեսքով, երաժշտության տեսքով, գրական ստեղծագործության տեսքով, սրտի պայթելով, նռնակի պայթելով:

Ինքնապահպանման բնազդը պիտի հուշեր չարգելել հայհոյանքը: Հայհոյանքի տոնավաճառներ պիտի կազմակերպվեին: Լավագույն հայհոյողների մրցության վարչապետի գավաթ պիտի լիներ։

Իսկ այսպես պայթելու է: Մի օր, մի տեղ, մի բան:

Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր