Նախաճաշին ո՞ր մթերքների օգտագործումն է վնաս հասցնում մեր առողջությանը։ Այս մասին իր կարծիքն է հայտնել էնդոկրինոլոգ եւ սննդաբան Անաստասիա Տարասկոն։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», մասնագետը վնասակար է համարում դատարկ ստամոքսին թունդ թեյն ու սուրճը, քանի որ դրանք գրգռում են աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը եւ օրգանիզմը էներգիայով չեն լիցքավորում։
Վտանգավոր կարող են լինել նաեւ տորթերը, կոնֆետները եւ խմորեղենը, քանի որ դրանք պարունակում են շատ արագ ածխաջրեր, որոնք արագ ներծծվում եւ գլյուկոզայի բարձրացում են հրահրում։ Այս տարածված քաղցր մթերքների օգտագործման արդյունքում արագ սովի զգացում եւ գլխացավ է առաջանում:
«Յուղոտ միսը, ապխտած, մարինացված մթերքները մարսողության համար ծանր ուտելիքներ են։ Նման նախաճաշից հետո, որպես կանոն, առաջանում է քնկոտություն, նվազում է աշխատունակությունը»,- ասել է սննդաբանը։
Տարասկոն խորհուրդ է տվել սննդի բոլոր ընդունումների ժամանակ պահպանել սննդային ափսեի կանոնները, որի համաձայն ընդհանուր քանակի մոտ մեկ քառորդը պետք է կազմեն սպիտակուցները։
«Դա կարող է լինել ձու, կաթնաշոռ, հնդկահավ, հավ, որեւէ անյուղ ձուկ։ Կեսը պետք է կազմեն բանջարեղենն ու մրգերը, մեկ քառորդը՝ երկար ածխաջրերը կամ ամբողջահատիկները»,- նշել է սննդաբանը:
Ըստ մասնագետի, սպիտակուցը կարող է համալրվել փոքր քանակությամբ ճարպերով, հալած յուղով կամ չզտված բուսական յուղերով ու ընկուզեղենով։