Փորձարարական պատվաստանյութը հաջողությամբ հեռացրել է ծերացող բջիջները մկների մարմնից՝ օգնելով երկարացնել կրծողների կյանքը և վերացնել տարիքային հիվանդությունների որոշ նշաններ:
Տեսականորեն նույն մոտեցումը կաշխատի նաև մարդկանց մոտ: Բայց մեծ հարց է, թե արդյոք այդ պատվաստանյութն անվտանգ կլինի մարդկանց համար: Դա պարզելու համար հետազոտողները պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ և մանրակրկիտ փորձարկումներ անցկացնեն կենդանիների, այդ թվում՝ պրիմատների մասնակցությամբ։
Ըստ Ծերացման ազգային ինստիտուտի (NIA)՝ նոր պատվաստանյութը թիրախավորում է այն ծերացող բջիջները, որոնք դադարել են բազմանալ վնասվածության կամ սթրեսի պատճառով, սակայն չեն մահանում, երբ պետք է: Այս բջիջները կուտակվում են տարիքի հետ, քանի որ իմունային համակարգը դառնում է ավելի քիչ արդյունավետ այս բջիջները մարմնից հեռացնելու համար: Ծերացող բջիջներն ազատում են միացություններ, որոնք առաջացնում են բորբոքում, և այդպիսով վնասում են մոտակա առողջ բջիջները: Ծերացող բջիջների այս կուտակումները նպաստում են տարիքի հետ կապված մի շարք հիվանդությունների զարգացմանը՝ ներառյալ քաղցկեղը, Ալցհայմերը և աթերոսկլերոզը:
Ծերացող բջիջները թիրախավորելու համար պատվաստանյութ օգտագործելու առավելությունն այն է, որ մարդիկ կարող են պատվաստվել, օրինակ՝ 50 տարեկանում, և խուսափել ծերացող բջիջների կուտակումից:
Պատվաստանյութը մշակելու համար հետազոտողները ծերացող բջիջների վրա ընտրեցին «հակածին» (antigen), որը պետք է հանդիսանար թիրախ՝ իմունային համակարգի համար: Քանի որ ամբողջ մարմնի բջիջները կարող են դառնալ ծերացող, իսկ տարբեր ծերացող բջիջներ միմյանցից տարբեր տեսք ունեն, այս հետազոտության ընթացքում գիտնականները կենտրոնացան բջիջների միայն մեկ տեսակի վրա՝ ծերացող անոթային էնդոթելիային բջիջների, որոնք ծածկում են զարկերակների, երակների և մազանոթների ներսը: Գիտնականները վերլուծել են, թե որ սպիտակուցներն են մեծ քանակությամբ հայտնվում այս բջիջների մակերեսին, որպեսզի տեսնեն, թե որ սպիտակուցները կարող են լավ թիրախ դառնալ իրենց պատվաստանյութի համար: Հայտնաբերված սպիտակուցներից նրանք ընտրեցին մեկը, որը կոչվում է «glycoprotein nonmetastatic melanoma protein B» (GPNMB)։
Պատվաստումից հետո մկների իմունային համակարգը ստեղծեց հակամարմիններ GPNMB սպիտակուցի որոշ մասերի դեմ: Արդյունքում պատվաստված մկների մոտ ծերացող բջիջների նշված տեսակը զգալիորեն նվազել էր՝ համեմատած այն մկների հետ, որոնց պլացեբո էին ներարկել:
Տեսնելու համար, թե արդյոք պատվաստանյութը որևէ ազդեցություն ունի ծերացման ընդհանուր նշանների վրա, գիտնականները պատվաստեցին միջին տարիքի մկներին՝ 1 տարեկանից փոքր, այնուհետև ստուգեցին դրանց ճարպկությունը մոտ 1,5 տարեկանում: Պարզվեց, որ պատվաստանյութ ստացած մկները ոչ միայն ավելի առույգ էին մնացել, այլև մի փոքր ավելի երկար էին ապրել, քան պլացեբո ստացած մկները:
Նշենք նաև, որ պատվաստված մկների մոտ որևէ կողմնակի ազդեցություն չի նկատվել։ Իհարկե, երբ հերթը հասնի մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումներին, կողմնակի ազդեցությունների վերահսկումը պետք է առաջին տեղում լինի։
Այժմ գիտնականները նախատեսում են մշակել լրացուցիչ պատվաստանյութեր, որոնք ուղղված կլինեն ծերացող բջիջների տարբեր տեսակներին։
Հրապարակման է պատրաստել ita.am-ը