Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի շինաշխատանքներն ակտիվ փուլում են. ավարտը նախատեսված է գարնանը
Advertisement 1000 x 90

Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի շինաշխատանքներն ակտիվ փուլում են. ավարտը նախատեսված է գարնանը

Հայ-վրացական սահմանի Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են: «Արմենպրես»ի հետ զրույցում Սադախլո- Բագրատաշեն անցման կետում կառուցվող նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը նշեց, որ շինարարության մեկնարկը տրվել է 2021 թվականի մայիսին և մինչ այժմ զգալի աշխատանք է կատարվել: Ավարտված են հողային, հիմքերի փորման, հենապատերի, հենասյուների բետոնացման աշխատանքները:

«Այս պահին հորիզոնական մակերեսի բաղկացուցիչ մաս կազմող բետոնե հեծանների արտադրության գործընթացն է: Ամբողջ կամուրջը մոտ 50 հեծանից է բաղկացած, որից 16-ն արդեն արտադրված է, փետրվարին կսկսվեն դրանց տեղադրման ու միացման աշխատանքները: Նախագիծը ենթադրում է երկու կամուրջ: Յուրաքանչյուր կամուրջ ունենալու է երկու երթևեկելի գոտի: Այն արված աշխատանքները, որոնք նշեցի, երկու կամուրջներին են վերաբերում»,-ասաց Իզաբելլա Մուրադյանը:

Շինարարական փուլի համար նախատեսված է 12 ամիս: Իզաբելլա Մուրադյանի խոսքով,  2022 թվականի գարնանն ինչպես նախանշվել էր, այդպես էլ նշված ժամկետում շինարարական աշխատանքները կավարտվեն:

«Ավելին, նույնիսկ գրաֆիկից մի փոքր առաջ ենք: Եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա ժամկետում կավարտենք: Կարելի է ասել, որ կապիտալ աշխատանքների մեծ մասն արված է: Գարնան սկզբին կունենանք հիմնական բետոնացման, հեծանների մասով ավարտված աշխատանք: Կմնան զուտ ենթակառուցվածքի, ասֆալտապատման, ջրահեռացման, լուսավորության, մայթերի աշխատանքները, որոնք նույնպես նախատեսում ենք ժամկետում ավարտել»,-ասաց ծրագրի ղեկավարը: Շինարարական աշխատանքներն ավարտելուց  հետո կլինի ինժեներատեխնիկական վերահսկողական գործընթաց: Նախատեսվում է ամռան վերջին ունենալ շահագործման ենթակա օբյեկտ:

«Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: Հին կամրջի վրա այսօր ունենում ենք բեռնատարների, մեծ մեքենաների կայանում, ինչը ծանրաբեռնում է հոսքը: ԽՍՀՄ տարիներին կառուցված կամուրջը նախատեսված չի եղել այդքան հոսքի ու ծանրաբեռնվածության համար, այդ իսկ պատճառով ունի բազմակի ճաքեր: Նոր կամրջի թողունակությունը 4 անգամ ավելի մեծ է: Թողունակության շնորհիվ մեծ մեքենաները ստիպված չեն լինի կայանել կամրջի վրա, մաքսակետն անցնելու գործընթացն ավելի արագ ու անցնցում կլինի, ավելի հարմարավետ ու ժամանակակից: Այս պահին կամրջի վրա ունենք կայանած մեծ մեքենաներ, որոնք ստիպված են կանգնել: Կամուրջների չափերը մեծացնելու դեպքում այդ խնդիրը չենք ունենա, ուղևորափոխադրումները նաև սահուն կիրականացվեն»,-ասաց նա:

Իզաբելլա Մուրադյանն ընդգծեց, որ թե բեռնափոխադրումների, թե տնտեսական հարցերի, թե զբոսաշրջության տեսանկյունից կամուրջը կարևոր ենթակառուցվածք  է լինելու: Ծրագրի ղեկավարի խոսքով, դա հատկապես կարևոր է ներմուծումների համար, որի համար դա հիմնական կիրառվող անցակետն է:

Ինչ վերաբերում է հին կամրջին,  ապա Իզաբելլա Մուրադյանը նշեց, որ այս պահին ծրագրի շրջանակներում այն նորոգվում ու ամրացվում է: Այն լինելու է որպես այլընտրանքային ճանապարհ՝ գերծանրաբեռնվածության կամ որևէ ռազմավարական նշանակության իրավիճակների պարագայում:

Ծրագրի ընդհանուր արժեքը 9 մլն եվրո է: Մոտավոր 7.3 մլն եվրոն  շինարարական բաղադրիչն է, 1.7 մլն-ը՝ տեխնիկական վերահսկողության: Ներդրումները Հայաստանի ու Վրաստանի կողմից են:



Նման նյութեր