SpaceX-ի տիրումֆը, ապագայի զբոսաշրջություն և նոր վայրէջք Մարսի վրա. Համաշխարհային տիեզերագնացության ոլորտում 2021 թվականի հիմնական արդյունքները
Advertisement 1000 x 90

SpaceX-ի տիրումֆը, ապագայի զբոսաշրջություն և նոր վայրէջք Մարսի վրա. Համաշխարհային տիեզերագնացության ոլորտում 2021 թվականի հիմնական արդյունքները

2021 թվականին տիեզերական արձակումների քանակով համաշխարհային առաջատարը Չինաստանն էր, որը դեկտեմբերի 30-ի դրությամբ իրականացրել է 55 հրթիռի արձակում։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որն իրականացրել է 45 արձակում։  Ռուսաստանը երրորդ տեղում է՝ 22 արձակումով։

Հատկանշական է, որ 2021 թվականին SpaceX-ի Falcon 9 հրթիռը արձակվել է 31 անգամ, ինչը շատ ավելին է, քան նշված ժամանակահատվածում Ռուսաստանի կողմից իրականացված արձակումները։

2021 թվականին SpaceX-ը շարունակեց Starship բազմակի օգտագործման տիեզերանավի տարրերի փորձարկումը։ Մասնավորապես, փետրվարին ընկերությանը հաջողվեց համակարգի նախատիպը՝ Starship SN9-ը, բարձրացնել տասը կիլոմետր բարձրության վրա։ Օդում մանևրելուց հետո համակարգը կոշտ վայրէջք կատարեց, որի արդյունքում երկու Raptor շարժիչներից մեկը խափանվեց, իսկ համակագը՝ պայթեց։ Այնուամենայնիվ, փորձարկումը ցույց տվեց Starship-ի հիմքում ընկած հիմնական տեխնիկական լուծումների ճշգրտությունը։

Մայիսին SpaceX-ին հաջողվեց գործնականում կրկնել փետրվարյան փորձը. Starship SN15 համակարգը, օգտագործելով երեք Raptor շարժիչ, հաջողությամբ բարձրացավ մոտ տասը կիլոմետր, որից հետո մասամբ հաջող վայրեջք կատարեց։

Բազմակի օգտագործման դեպքում Starship-ը կարող է տեղափոխել մինչև 150 տոննա բեռ, իսկ մեկանգամյա օգտագործման ռեժիմով՝ մինչև 250 տոննա: Համակարգը սնուցվում է տասնյակ Raptor հրթիռային շարժիչներով, որոնք աշխատում են մեթանի և թթվածնի հիման վրա։

Անդրադառնալով 2021 թվականին փորձարկված խոստումնալից տիեզերական հրթիռներին՝ հարկ է նշել ամերիկյան Astra ընկերության արտադրանքին, որի գերթեթև մեկանգամյա օգտագործման հրթիռը անցած տարվա նոյեմբերին առաջին անգամ հաջողությամբ ուղեծիր արձակվեց։

Տիեզերական համացանց

2021 թվականին SpaceX-ը շարունակեց Starlink արբանյակային ցանցի ներդրումը, որը նպատակ ունի լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել Երկիր մոլորակի ցանկացած կետում: Ներկայումս առաջին փուլում նախատեսված 12 հազար արբանյակներից արձակվել է մոտ 1,9 հազարը։

Starlink-ի հիմնական մրցակիցները՝ բրիտանա-հնդկական OneWeb-ը և ամերիկյան Kuiper-ը շատ ավելի համեստ հաջողություններ ունեն. OneWeb համակարգերի փորձարկումը նոր է սկսվում, իսկ Kuiper արբանյակների առաջին նախատիպերը պետք է արձակվեն միայն 2022 թվականին՝ RS1 հրթիռով, որը նախկինում երբեք թռիչք չի իրականացրել։

Տուրիզմ

2021 թվականը հատկանշական էր նաև տիեզերական զբոսաշրջության տեսանկյունից։ Եվ այստեղ նույնպես էական է SpaceX-ի գործոնը:

Հուլիսին բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը իր Virgin Galactic ընկերության Unity տիեզերանավով Երկրի մակերևույթից բարձրացավ ավելի քան 80 կիլոմետր։ Նույն ամսին տեղի ունեցավ ամերիկացի ձեռնարկատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավի առաջին թռիչքը։ Թռիչքի ընթացքում տիեզերանավը բարձրացել է ավելի քան 100 կմ։ Բեզոսը և տիեզերանավի անձնակազմը 3 րոպե գտնվել են անկշռելիության մեջ, որի ընթացքում կապսուլը կառավարվել է ավտոմատ։

Այնուամենայնիվ, սեպտեմբերին SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը շրջանցեց և՛ Բրենսոնին, և՛ Բեզոսին։ Inspiration4 ոչ պրոֆեսիոնալ անձնակազմի առաքելության շրջանակներում Մասկը Crew Dragon տիեզերանավով 4 զբոսաշրջիկի ուղարկեց Տիեզերք։ Երեք օր տևած այս առաքելությունը տիեզերագնացության պատմության մեջ առաջին թռիչքն է, որի մասնակիցները սիրողական տիեզերագնացներ էին։

2021 թվականի սեպտեմբերին տիեզերքում միաժամանակ գտնվել է 14 մարդ, ինչը բացարձակ ռեկորդ է Երկրի ցածր ուղեծրում գտնվող մարդկանց թվով։ Այսպիսով, ՄՏԿ-ում եղել է յոթ մարդ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և Ճապոնիայից։ Եվս երեք տիեզերագնաց եղել է չինական Տյանգուն ուղեծրային կայանում (Tiangong space station)։ Այդ ընթացքում ևս չորս մարդ Երկրի ցածր ուղեծրում է գտնվել Inspiration4 առաքելության շրջանակներում։

Նշենք նաև, որ հոկտեմբերին դերասանուհի Յուլյա Պերեսիլդը, ռեժիսոր Կլիմ Շիպենկոն և տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Բայկոնուր տիեզերակայանից «Սոյուզ-2.1 Ա» տիեզերանավով մեկնեցին Միջազգային տիեզերակայան՝ մասնակցելու «Մարտահրավեր» ֆիլմի նկարահանումներին։ Ռեժիսորն ու դերասանուհին տիեզերքում մնացել են 12 օր։

2021 թվականի մայիսին Չինաստանը դարձավ աշխարհում երրորդ երկիրը (ըստ արևմտյան մամուլի՝ երկրորդը) որը բարեհաջող փափուկ վայրէջք կատարեց Մարսի մակերևույթին (Tianwen-1 առաքելության շրջանակներում), և առաջին երկիրը, որին հաջողվեց դա իրականացնել առաջին փորձից։ Կառուցվածքային առումով չինական առաջին ռովերը՝ Zhurong-ը, որը ներկայումս հաջողությամբ գործում է Կարմիր մոլորակի վրա, հիշեցնում է ամերիկյան Spirit և Opportunity ռովերներին, որոնք Մարս են ուղարկվել դեռևս 2003 թվականին։

Ուտոպիայի հարթավայրում վայրէջք կատարած ռովերի խնդիրները ներառում են շրջակա միջավայրի երկրաբանական ուսումնասիրությունը, ինչպես նաև մթնոլորտից նմուշներ վերցնելը։ Zhurong-ը անցած տարվա օգոստոսին գերազանցեց իր նախատեսված ծառայության ժամկետը։ Ներկայումս, բացի չինական Zhurong-ից, Մարսի վրա գործում են երկու ամերիկյան ռովեր՝ Curiosity-ը և Perseverance-ը: Վերջինս փետրվարին փափուկ վայրէջք կատարեց Կարմիր մոլորակի վրա՝ դառնալով մարդկության կողմից Երկրից Մարսի մակերես ուղարկված ամենածանր բեռը։

2021 թվականին գործարկված բազմաթիվ գիտական ​​առաքելությունների շարքում հատկանշական է James Webb աստղադիտակը, որը տիեզերք է ուղարկվել Ֆրանսիական Գվիանայի Guiana տիեզերակայանից՝ Եվրոպական տիեզերական գործակալության Ariane 5 հրթիռով: Այն համարվում է աշխարհի ամենաթանկ տիեզերական աստղադիտակը։ Վերջինիս արժեքը մոտ տասը միլիարդ դոլար է։ Ապագայում James Webb-ը պետք է փոխարինի ամերիկյան Hubble ուղեծրային աստղադիտակին, որն արձակվել է 1990 թվականի ապրիլին։

Հրապարակման է պատրաստել ita.am