Շատերը լավ հիշում են 1980-ականները և այդ օրերի նորաձևությունը: Եվ չնայած խորհրդային նորաձևությունն էականորեն տարբերվում էր առաջատար տների բարձր նորաձևությունից, ոճաբանների ազդեցությունը, ովքեր պոպուլյար էին այդ ժամանակ, անվիճելի է: Դա Ռալֆ Լորենի, Ջորջիո Արմանիի և Քելվին Քլայնի դարաշրջանն էր: Միտումները, որոնք ստեղծեցին այդ ոճաբանները, փոխեցին ոչ միայն նորաձևության աշխարհը, այլև մեր մոլորակի բնակչության արտաքին տեսքը:
Քելվին Քլայն
Քլայնի ընկերությունն իր հաղթարշավը սկսեց 70-ականների կեսերից, երբ սկսվեց դիզայներական ջինսերի արտադրությունը: 80-ականներին Քելվին Քլայնը սկսում է ներքնազգեստների արտադրություն, որը վայրկենապես դառնում է պոպուլյար՝ շնորհիվ կիսամերկ մոդելների:
Ռալֆ Լորեն
Ռալֆ Լորենի ստեղծած ոճային և էլեգանտ կոստյումները 80-ականներին դառնում են լավ ճաշակի հատկանիշ: Ինչպիսի տեսք պետք է ունենար ունևոր մարդը. դասական «Պոլո» վերնաշապիկ, մի քիչ անփույթ հագած բաճկոն և թանկարժեք աքսեսուարներ:
Ժան Պոլ Գոտյե
18 տարեկանում Ժան Պոլն իր աշխատանքներն ուղարկում է Փարիզի առաջատար նորաձևության տներին և ընդունվում է աշխատանքի Պիեր Կարդենի մոտ: Չնայած հատուկ կրթության բացակայությանը՝ արդեն 70-ականների կեսերին Գոտյեն թողարկում է իր առաջին հավաքածուն, իսկ 80-ականներին նրա անունն արդեն հանրահայտ էր: Գոտյեն ջնջում էր գենդերային սահմանները՝ թողարկելով կիսաշրջազգեստներ տղամարդկանց համար և հայ-թեք հագուստներ՝ կանանց համար:
Կարլ Լագրեֆելդ
Լագերֆելդը գերմանացի ոճաբան, դերասան և լուսանկարիչ է, ով գործում էր Փարիզում: Նա Chanel նորաձևության տան, ինչպես նաև իտալական Fendi և սեփական ապրանքանիշի նորաձևության տների գլխավոր դիզայներն ու ստեղծագործական տնօրենն էր: Ամբողջ աշխարհում նա առավել ճանաչված է իր ֆիրմային սպիտակ մազերով, սև ակնոցով և օսլայած բարձր օձիքով:
Ջանֆրանկո Ֆերրե
1969թ. Ֆերրեն ստացել է ճարտարապետի դիպլոմ: 1974թ. հիմնել է սեփական ընկերությունը, իսկ 1978-ին թողարկել է սեփական անունով կանացի հագուստների առաջին հավաքածուն: 1989-1996թթ. հանդիսացել է Փարիզի Christian Dior բարձր նորաձևության տան մոդելավորողը: Մինչև հիմա համարվում է, որ Ֆերրեի Christian Dior ապրանքանիշով թողարկված ստեղծագործությունները լավագույններն էին դրա հիմնադրման օրվանից սկսած:
Ժաննի Վերսաչե
Առաջին անգամ իր անվան տակ հագուստ է ներկայացրել 1978 թվականին, Միլանում: Նրա եղբայրը՝ Սանտոն, դարձավ նորաձևության տան գլխավոր ադմինիստրատորը, իսկ քույրը՝ Դոնաթելան, ֆոտոշարքերի պատասխանատուն: 80-ականների կեսերին Վերսաչեն թողարկեց տղամարդու L’Homme բույրը, որը փառքի նոր ալիք ստեղծեց:
Դոննա Կարան
Դպրոցը լքելուց հետո Կարանը աշխատում է Աննա Քլայնի մոտ և դառնում է նրա դիզայներական թիմի առաջատարը: 1985 թվականին ստեղծում է իր՝ «Դոննա Կարան» ապրանքանիշը: Կարանը համարվում է «7 պարզ իր» կոնցեպտի հեղինակը և ստեղծել է զգեստապահարանի համար հարմար և մատչելի 7 զգեստ (ըստ Կարանի՝ դա բավարար է, որ կինը յուրաքանչյուր օր տարբեր տեսք ունենա):
Ջորջիո Արմանի
Հայկական արմատներով աշխարհահռչակ իտալացի նորաձևության դիզայներ և ձեռնարկատեր, «Ջորջիո Արմանի» ընկերության հիմնադիրը 1970-ականների կեսերին սկսեց թողարկել տղամարդու ոճային բաճկոններ: 80-ականների կեսերին սկսվեց Armani Junior, Armani Jeans և Emporio Armani օծանելիքների թողարկումը:
Ջոն Գալիանո
Ջոն Գալիանոյի հաղթարշավը սկսվեց քոլեջն ավարտելիս, երբ նա ստեղծեց իր դիպլոմային հավաքածուն ֆրանսիական հեղափոխության մոտիվներով: Այդ ժամանակ ավանգարդ հագուստի Browns խանութը գնեց ամբողջ հավաքածուն և ցուցադրեց այն ցուցափեղկի վրա: Դա օգնեց դիզայներին ստանալ ֆինանսական աջակցություն և ցուցադրել իր հավաքածուն Բրիտանական բարձր նորաձևության շաբաթում: Գալիանոն որոշեց գրավել էպատաժով և պոդիում դուրս գալուց անմիջապես առաջ ջուր լցրեց իր բոլոր մոդելների վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը