Երկիր մոլորակի կենդանի օրգանիզմների մեծ մասի համար գոյության կարևոր նախապայմանը թթվածնի առկայությունն է: Թթվածինն իր հերթին արտադրվում է մի շարք օրգանիզմների կողմից ֆոտոսինտեզի արդյունքում, որի համար էլ արևի լույս է անհրաժեշտ: Սակայն Հարավային Դանիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են աէրոբ մանրէ, որը ոչ միայն գոյատևում է նույնիսկ լիակատար մթության մեջ և թթվածնի բացակայության միջավայրում, այլև ավելին՝ նման պայմաններում ինքն է սկսում թթվածին արտադրել։
Այդ մանրէն Nitrosopumilus maritimus արքեան է։ Այն օվկիանոսի ամենատարածված մանրէներից մեկն է, որը կարևոր դեր է խաղում ազոտի շրջանառության մեջ։ Նախկինում գիտնականները գիտեին, որ թեև այս մանրէները չեն կարող ապրել առանց թթվածնի, այնուամենայնիվ դրանք մեծ քանակությամբ հանդիպում են թթվածնի նվազագույն քանակությամբ կամ բացակայությամբ միջավայրում: Սակայն պարզ չէր, թե ինչպես են այդ մանրէները ողջ մնում նման պայմաններում։
Վերը նշվածը պարզելու համար, գիտնականներն այդ մանրէներին հանել են իրենց բնական միջավայրից և տեղադրել արհեստական լաբորատոր պայմաններում: Նրանք այնպիսի պայմաններ ստեղծեցին, որոնք բացառում էին թթվածնի արտադրության հնարավորությունը, քանի որ հիմնական խնդիրն էր պարզել, թե ինչ կլինի մանրէների հետ, երբ ջրից վերջանա ամբողջ թթվածինը, և չլինի արևի լույս: Ըստ էության, սա այն է, ինչ տեղի է ունենում, երբ Nitrosopumilus maritimus-ը թթվածնով հարուստ ջրերից տեղափոխվում է թթվածին քիչ պարունակող կամ ընդհանրապես չպարունակող ջրեր:
Արդյունքում հետազոտողների թիմը պարզեց, որ նման պայմաններում այս մանրէները սկսում են արտադրել թթվածին, ինչպես նաև գազային ազոտ որպես կողմնակի արտադրանք։ Արտադրվող թթվածնի քանակը քիչ է, այն բավարար է միայն մանրէների գոյատևման համար։
Գիտնականները դեռևս չեն կարողանում հստակ պատասխանել, թե ինչպես են այս մանրէներն արտադրում թթվածին առանց արևի լույսի հասանելիության։ Մանրէները թթվածինն արտադրում են նախկինում անհայտ եղանակով՝ ինչ-որ կերպ ամոնիակը վերածելով նիտրիտի: Այս գործընթացը թույլ է տալիս դրանց էներգիա ստանալ։ Իր հերթին, այս գործընթացն իրականացնելու համար դրանք իրենք իրենց համար արտադրում են թթվածին։ Այս բոլոր կենսաքիմիական ռեակցիաներն իրականացնելու համար Nitrosopumilus maritimus-ն օգտագործում է ազատ ազոտը, որն առկա է շրջակա միջավայրում։
Դանիացի գիտնականների եզրակացությունը պահանջում է լրացուցիչ հետազոտություններ անցկացնել: Եթե այն հաստատվի, ապա օվկիանոսում ազոտի շրջանառության մասին պատկերացումները ստիպված պետք է լինելու վերանայվեն:
Այժմ աշխատանքի հեղինակները նախատեսում են հետազոտություն անցկացնել ոչ թե լաբորատոր պայմաններում, այլ բնական միջավայրում, այսինքն՝ նվազագույն թթվածնի պարունակությամբ օվկիանոսի ջրերում, ընդ որում աշխարհի տարբեր ծայրերում։
Հրապարակման է պատրաստել ita.am-ը