Արևմտյան Անգլիայի համալսարանի (University of the West of England (UWE) գիտնականները շարժվող ռոբոտ են ստեղծել, որը օգտագործում է ֆոտոսինթեզից ստացվող էներգիան։ Այն անվանել են MARS՝ marimo-activated rover system։ Դրա անվան մեջ բացատրվում է ռոբոտի շարժման սկզբունքը՝ մարիմոյով ակտիվացող ամենագնաց համակարգ։ Ռոբոտն իրենից ներկայացնում է փոքր՝ բեյսբոլի գնդակի չափի 3D տպագրված էկզոկմախք, որի ներսում ջրիմուռների գունդ է և ջրի վիճակը ստուգող մեխանիզմ։
Էկզոկմախքը պաշտպանում է ռոբոտին ջրի ուժեղ հոսքերից, իսկ ջրիմուռները ապահովում են դրա տեղաշարժումը։ Այդ ջրիմուռները, որոնք հայտնի են մարիմո (marimo) անվանումով, սովորաբար հանդիպում են քաղցրահամ ջրերում և ունեն խիտ կանաչ գնդակի տեսք։ Ֆոտոսինթեզի արդյունքում ջրիմուռներից առաջացած թթվածնի պղպջակները հարվածում են էկզոկմախքի պատերին և պտտում գունդը, ինչի հաշվին էլ ռոբոտը կարողանում է շարժվել գետի կամ լճի հատակով։
Չնայած այն հանգամանքին, որ MARS-ի արագությունը կախված է արևի լույսի մակարդակից, կարելի է ասել, որ այն արագաշարժ սարք չէ։ Փորձերի արդյունքում պարզվել է, որ ռոբոտը շարժվում է մոտ 9 սմ/ժամ արագությամբ, ինչպես, օրինակ՝ խխունջը։ Չնայած իր դանդաղությանը, այն, այնուամենայնիվ, ծառայում է որպես կենսունակ և գործնականում արդյունավետ միջոց շրջակա միջավայրի դինամիկ վերահսկողության համար։ Նման ռոբոտներն ունեն մի շարք առավելություններ՝ շատ ավելի մատչելի են տնտեսական տեսանկյունից, ինչպես նաև կենսաքայքայվող են։
Մշակման մասին հոդվածը հրապարակվել է Journal of Biological Engineering ամսագրում։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը