Պապ, վերջ տուր, ես Ժեռոմն եմ, ու վերջ․․․ Ահա, պատերազմի դեմքը
Advertisement 1000 x 90

Պապ, վերջ տուր, ես Ժեռոմն եմ, ու վերջ․․․ Ահա, պատերազմի դեմքը

Արդեն տասնհինգ օր, փողոցահայերենով ասած՝ քովիդլամիշ լինելուց հետո, էսօր դուրս եկա Արևիկիս հետ քայլելու։ Գնացինք, նորակառույց մի թաղամաս ունենք հարևանությամբ, դրանց լճի ափին նստեցինք հեր ու աղջիկ։ Զանգ եկավ, ծանոթներիցս մեկը վիճակիցս էր հարցնում՝ մամայից, ով ավելի դժվար է դուրս գալիս անտերից։ Մի խոսքով, մի հինգ րոպե խոսեցինք, անջատեցի ու տեսնեմ, մի երեք մետր, հաջորդ նստարանին նստած, մորուքավոր մի սևահեր տղամարդ բութ մատով դրական ժեստ է ցույց տալիս։ Ասում եմ՝ ի՞նչ կա, մըսյե, բան կա՞ ասելու։

Ռուսերեն ասաց՝ «Կարոտել էի կենդանի հայերենը»։

Մեղայասսու․․․ասում եմ ի՞նչ ազգ եք։ Անձնագիրը հանեց, անուն ազգանունը չեմ ասի իր խնդրանքով, բայց ծննդավայրը՝ «գոռոդ Գանջա»։

Ասում եմ ադրբեջանցի ե՞ս։ Ասում ա նա պալավինու՝ մամաս հայ ա, պապաս մաքուր ադրբեջանցի։

Ինչ էր կատարվել էս մարդու հետ, ով այսօր 42 տարեկան է, իսկ 88-ին, Կիրովաբադում, եղել է 8 տարեկան, վեցամյա քրոջ հետ։

Ասում ա պապաս պասպորտ-սեղանում էր աշխատում։ Հիշում եմ, որ գիշերով, մի դաստա պասպորտ գողացած անձնագրայինից, եկավ տուն։ Մաման լացում էր, ասում էր երեխեքս փոքր են, ռիսկը մեծ ա, մի արա, արի մենք փախնենք երեխեքի հետ, բայց էս ադրբեջանցի մարդը՝ Վագիֆ հոր անունը, ասել էր՝ «ես ոչ մի հարևանիս մենակ չեմ թողնի էս գելերի մեջ, բա դրանց երեխեքը․․․», ու մոտ երեսուներկու անձնագրերի մեջ փոխել էր նկարները՝ հարևան հայերի նկարներով։ Ասում ա շիլաշփոթի մեջ ոչ սկան կար, ոչ կոդ կար, նկարները խնամքով, պոկել էր հայերի անձնագրերի միջից ու փակցրել ադրբեջանցիքից գողացած անձնագրերի նկարների տեղը։ Ասում ա էդ գիշերը մեր տուն հերթով թաքուն մտնում դուրս էին գալիս, ու ամեն դուրս գալացողից հետո, մաման վառարանում վառում էր հայերի անձնագրերը, որոնցից երկու ընտանիք, իմիջիայլոց, հասել են մինչև Ֆրանսիա էն տարիներին։

Ասում ա ավտոբուսով դուրս եկանք գիշերը, ու ռուսական օմոնը, ադրբեջանցիքից վայրենի ու կեղտոտ, ստուգում էր, որ հայերը չթռնեն, ու ահուդողով, մթի մեջ, հնարավորինս ոսկով կաշառելով, համոզեցինք, որ ամբողջ ավտոբուսը ադրբեջանցիներ են, ուղղակի վիճակից ելնելով, չեն ուզում մնան իրենց տեղերում։

Էս մարդը փրկել էր մոտ ութ հայ ընտանիք՝ երեխեքով հանդերձ։

Շատ տարիներ հետո, երբ իրենք Ռուսաստանում էին ապրում, հայրը հետ էր գնացել Ադրբեջան ինչ-որ գործերով, չգիտես ինչ ինֆորմացիայով, որտեղից հայթայթած ու տարիներ պահած, ադրբեջանցիները գտել ու սպանել էին էս խեղճ մարդուն՝ դիակը կախելով շենքի երրորդ հարկից։

Հետո, ինքն ու մայրը, արդեն վախից, որ իրենց էլ կգտնեն, փախել էին Եվրոպա, որտեղ քույրն ամուսնացել էր գերմանացու հետ, իսկ իրենք տեղափոխվել էին Ֆրանսիա՝ հետքները կորցնելով․․․

Այստեղ, արդեն ֆրանսիական անձնագրի մեջ, առաջին անգամ, ըստ ծննդականի, նշվել էր ծննդավայրն ու հոր ու մոր իրական անունները, իսկ Անուշիկը՝ մայրը, մահացել էր երեք տարի առաջ՝ Ֆրանսիայում, ծնունդով գյումրեցի։

Արևիկս ռուսերեն չէր հասկանում, բայց ես արդեն լացում էի․․․

Գրկեց, գրկախառնվեցինք, հրավիրեց իրենց նոր ստացած բնակարան՝ նոր թաղամասում, ու վերջում, ասաց՝ ծանոթացիր, տղաս՝ Արամ՝ քսանի մոտ երիտասարդ էր Արամը, ով ոչ հայերենը գիտեր, ոչ թուրքերենը, ոչ ռուսերենը, ու հորը հակադարձեց ֆրանսերեն՝ «Պապ, վերջ տուր, ես Ժեռոմն եմ, ու վերջ․․․»։

Դե գնա ու էս լակոտին բացատրի, թե ինչերի միջով է անցել էս խեղճ մարդը, ով մի ամբողջ կյանք փախել է՝ լինելով հարազատ օտարների մեջ, ու մնալով օտար՝ հարազատների մեջ։

Ահա, պատերազմի դեմքը!!!!

Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան էջից

 



Նման նյութեր