Թուրքական Baykar ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Այս մասին հայտնել է ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։ «Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունները հետաքրքրված են «Akinci» անօդաչու թռչող սարքով և մենք նախատեսում ենք Ադրբեջանում սկսել այդ տեխնոլոգիայի մշակման աշխատանքները»,- նշել է նա։
«Bayraktar Akinci» ԱԹՍ-ն համալրվելու է ուկրաինական AI-450T տուրբոպտուտակային շարժիչով (450 ձիաուժ): Նման հզորությամբ շարժիչը 4500 կգ թռիչքի առավելագույն քաշ ունեցող ԱԹՍ-ին թույլ կտա հասնել 12000 մետրից ավելի բարձրության։ ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը 24 ժամ է, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործել ռազմավարական առաջադրանքների համար։
Բայրաքթարը նշել է նաև, որ Baykar ընկերությունը Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության մեջ կստանձնի նախաձեռնողականությունն ու առաջնորդության դերը։ Այդ աշխատանքներում կներգրավվեն նաև ոլորտում աշխատող ադրբեջանցիները։
Ավելի վաղ՝ այս տարվա հունվարին, Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել էր, որ Թուրքիան ստորագրել է ուկրաինական շարժիչներով Akinci մարտական ԱԹՍ-ների արտահանման առաջին պայմանագիրը։ Հայտնի է, որ այս պայմանագրով մատակարարումները նախատեսված են մինչև 2023 թվականը, սակայն անօդաչու սարքերի պատվիրատուի մասին տվյալներ չեն հրապարակվել։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն լուրերը, որ Baykar-ը նախաձեռնում է Ադրբեջանում սկսել անօդաչու թռչող սարքերի մշակումն ու արտադրությունը, կարելի է ենթադրել, որ այս երկիրը դարձել է թուրքական նոր ծանր հարվածային անօդաչու թռչող սարքերի առաջին օտարերկրյա պատվիրատուն։
Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերը Akinci համակարգեր ստացել են 2021 թվականի օգոստոսի 29-ին, և բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին թուրքական զինուժն արդեն ունեցել է հինգ Akinci ԱԹՍ, որոնք հագեցած են ուկրաինական Motor Sich ընկերության շարժիչներով։ Ընդ որում, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Անկարայում Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների մակարդակով քննարկվել է Motor Sich-ի 50% բաժնետոմսերի վաճառքը՝ պետական բաժնետոմս ունեցող թուրքական ընկերությանը։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը