Քեմբրիջի համալսարանի ինժեներների թիմը, Jaguar Land Rover-ի հետ համագործակցության շրջանակներում, մշակել է «անհպում սենսորային էկրան» (no-touch touchscreen)՝ նախատեսված մեքենաների համար։ Արտոնագրված տեխնոլոգիան, որը հայտնի է որպես «կանխատեսելի հպում» (predictive touch), ըստ էության, ԱԲ-ի և սենսորային տեխնոլոգիաների համադրություն է։ Համակարգը, շնորհիվ իր տեխնոլոգիական հագեցվածության, կանխատեսում է վարորդի գործողությունները՝ ընտրելով կառավարման վահանակների վրա առկա այն տարբերակը, որը ցանկանում էր վարորդը՝ նախքան վերջինիս ձեռքը կհպվի սենսորին։
Որպեսզի համակարգը որոշի, թե որ գործողությունն է պատրաստվում ընտրել վարորդը, համակարգը ստեղծում է ինտերֆեյս, վերլուծում վարորդի դեմքի արտահայտությունը, ժեստերը, աչքերի շարժումները, հաշվի է առնվում նույնիսկ եղանակային պայմանները։ Այսպիսով, իրական ժամանակում վարորդի մտադրությունները վերլուծելու և հասկանալու համար կիրառվում են բազմաթիվ տեխնոլոգիաներ՝ ներդրված մեկ համակարգում։
Փորձարկումները ցույց են տվել, որ այն ժամանակն ու էներգիան, որը վարորդը սպառում է սենսորային էկրանի վրա գործողություններ կատարելու համար, նոր տեխնոլոգիայի շնորհիվ կրճատվում են 50%-ով: Բացի այդ, դա թույլ կտա խուսափել սխալ հպումներից, որոնք տեղի են ունենում մեքենա վարելու ընթացքում առաջացող ցնցումներից:
Մշակողները վստահ են, որ համակարգը կարող է մեծ առաջընթաց ապահովել Destination Zero Vision հայեցակարգի իրագործման մեջ, որը ճանապարհային անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի նվազեցման միջազգային ծրագիր է։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ «կանխատեսելի հպման» տեխնոլոգիայի պահանջարկը էապես աճելու է կորոնավիրուսային համավարակի ավարտից հետո, երբ վերացվեն բոլոր սահմանափակումները։ Ըստ նրանց, ժամանակակից մարդու առօրյաում սենսորային էկրանները չափազանց մեծ դեր ունեն (բջջային հեռախոսները, բանկոմատները, ինքնասպասարկման վահանակները և այլն, և այլն…): Այդ է պատճառը, որ մանրէներն ու վիրուսներն անընդհատ էկրանների վրա են: Այս տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր կլինի չդիպչել էկրանի մակերեսին և նվազեցնել հիվանդության փոխանցման և տարածման ռիսկը:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը