Անտարկտիդայում բույսերի աճը արագացել է կլիմայի փոփոխության պատճառով, ինչը վկայում է տարածաշրջանի փխրուն էկոհամակարգի համար լուրջ սպառնալիքի մասին: Իտալացի հետազոտողների բացահայտումներով հոդվածը հրապարակվել է Current Biology ամսագրում, գրում է NewScientist-ը։
Նշվում է, որ ավելի վաղ նմանատիպ երևույթներ նկատվել են հյուսիսային կիսագնդում, սակայն Անտարկտիդայում դրանք գրանցվել են առաջին անգամ։
Ինսուբրիայի համալսարանի գիտնականները վերլուծել են Անտարկտիդայում հայտնաբերված միակ ծաղկավոր բույսերից երկուսի՝ Deschampsia antarctica-ի և Colobanthus quitnsis-ի աճը Սիգնի կղզու մի շարք վայրերում 2009-ից 2019 թվականներին:
Ստացված արդյունքների համեմատությունը նախորդ 50 տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունների հետ ցույց է տվել, որ բույսերը ոչ միայն ավելի խիտ են ծածկել տարածքը, այլև կլիմայի տաքանալուն զուգահեռ ավելի արագ են աճել։
Տասը տարվա հետազոտությունների ընթացքում Deschampsia antarctica-ն աճել է այնքան, որքան 1960-ից 2009 թվականներին, իսկ Colobanthus quitnsis-ը՝ հինգ անգամ ավելի:
Գիտնականները մատնանշում են երևույթի և գլոբալ տաքացման միջև ակնհայտ կապը:
Ընդգծվում է, որ ջերմաստիճանի բարձրացումը թույլ կտա ինվազիվ տեսակներին գաղութացնել Անտարկտիդայի էկոհամակարգը և խաթարել նրա կենսաբազմազանությունը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը