Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ թագավորի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (KAUST) գիտնականների թիմը հայտնել է գյուղատնտեսական-ֆոտովոլտային (agrophotovoltaic) էներգետիկայի ոլորտում զարգացման զգալի առաջընթացի մասին: Այն իրենից ենթադրում է անապատային տարածքի համար նախատեսված այնպիսի կայանքների ստեղծում, որոնք միաժամանակ և՛ էներգիա կարտադրեն և՛ ջուր կհավաքեն՝ բույսերը ջրելու համար և համակարգը հովացնելու համար։ Տեխնոլոգիան ստացել է WEC2P անվանումը և հաջողությամբ անցել է առաջին փորձարկումները։
WEC2P-ը հիմնված է հատուկ հիդրոգելի վրա, որն արդյունավետորեն կարողանում է անապատի օդից խոնավություն կուտակել, իսկ արևային մարտկոցի հետ համատեղ վերածվում է արդյունավետ ջրագեներատորի։
Գիշերը հիդրոգելը կլանում է խոնավությունը, իսկ երբ ցերեկը շահագործման ընթացքում վահանակը տաքանում է, այն գործում է որպես հովացման համակարգ։ Արևային վահանակը հիդրոգելով հովացնելը հնարավորություն է տվել բարձրացնել դրա արդյունավետությունը 9,9 %-ով։
Փորձարկման ժամանակ 1մ2 մակերես ունեցող արևային վահանակը երկու շաբաթվա ընթացքում արտադրվել է 1519 Վտ/ժ էներգիա և 2 լիտր ջուր: Հավաքված ջուրն անմիջապես մտել է սպանախի տնկիներով խցիկը։ Տնկված 60 սերմերից 57-ը բողբոջել են, իսկ փորձի ավարտին մի քանիսն աճել են մինչև 18 սմ: Փորձարկումն իրականացվել է հունիսին՝ երկրի ամենաշոգ շրջանում։
Այժմ արաբ գիտնականները հիդրոգելի նոր տարբերակ են մշակում, որը կարող է ավելի շատ խոնավություն կլանել և զուգահեռաբար պատրաստում են մեկ տարի տևողությամբ լայնածավալ փորձ։
Գիտական հոդվածը հրապարակվել է Cell Reports Physical Science ամսագրում։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը