Մելբուռնի թանգարանում (Ավստրալիա) բացվել է «Տրիցերատոպս. դինոզավրերի ճակատագիրը» ցուցահանդեսը, որի գլխավոր ցուցանմուշը տրիցերատոպս Հորրիդուսի կմախքն է։ Այն իր անունն ստացել է եզակի պահպանվածության համար՝ 266 ոսկոր կամ ամբողջական կմախքի 85%-ը, ինչը դրա կմախքը դարձնում է ամենաամբողջականն աշխարհում։
Դինոզավրի կմախքն ունի տպավորիչ չափսեր՝ 7 մ երկարություն և 2 մ բարձրություն, մեկ տոննայից ավել քաշ։ Բացի այդ որոշ ոսկորների վրա քարացած ջիլեր են պահպանվել, իսկ պոչը պարունակում է բոլոր՝ նույնիսկ ամենամանր ոսկորները։ Գանգի ամբողջականությունը թույլ է տվել 3D էնդոսկոպիայի միջոցով որոշել Հորրիդուսի ուղեղի չափն ու ձևը: Այս ամենի շնորհիվ գիտնականները կարողացել են ուսումնասիրել տրիցերատոպսի ներքին ականջի կառուցվածքը և մոդելավորել դինոզավրի քայլվածքը։
Հորրիդուսի զարմանալի պահպանվածությանը պայմանավորված է երկու գործոնով. նախևառաջ դինոզավրի մահվան վայրը ճահճացած ափերով հանգիստ գետի հունն էր, իսկ երկրորդ պատճառն այն է, որ Հորրիդուսը մահացել է ծերությունից, այլ ոչ թե որևէ աղետից կամ գոյության կռվի արդյունքում։ Ըստ գիտնականների, ծեր դինոզավրը վերջին անգամ պառկել է հանգստանալու և այլևս չի բարձրացել, իսկ նրա մարմինը հետագայում ծածկվել է տիղմով և ավազով:
Գիտնականներն ամբողջացրել են դինոզավրի կմախքը՝ տպելով բացակայող ոսկորները 3D տպիչի օգնությամբ։ Արհեստական որսկորները միտումնավոր չեն ներկել, որպեսզի դրանք տարբերվեն իրական ոսկորներից, և դրանով իսկ ընդգծվի Հորրիդուսի յուրահատկությունը։ Թանգարանը վստահեցրել է, որ ցուցանմուշը երբեք չի վաճառվելու անհատ կոլեկցիոներներին, այլ դառնալու է հաստատության խորհրդանիշերից մեկը։