1988 թվականին աստղագետները PSR 1257+12 պուլսարի (նեյտրոնային աստղ) մոտ հայտնաբերեցին արեգակնային համակարգից դուրս գտնվող առաջին էկզոմոլորակը (արտաարեգակնային մոլորակ)։ Բացահայտումը հաստատվեց չորս տարի անց, և այժմ գիտնականները մշտապես աշխատում են հեռավոր աստղային համակարգերում նոր մոլորակներ գտնելու ուղղությամբ:
Մարտի 21-ին ՆԱՍԱ-ի Էկզոմոլորակների արխիվում գրանցվել է 5000-րդ (այժմ՝ 5005) էկզոմոլորակը: Ինչպես նշված է տիեզերական գործակալության հրապարակման մեջ, դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն բնութագրերը:
«Սա պարզապես թիվ չէ»,- ասում է ՆԱՍԱ-ի Էկզոմոլորակների գիտության ինստիտուտի աստղագետ Ջեսսի Քրիստիանսենը,- «Դրանցից յուրաքանչյուրը մի նոր աշխարհ է, բոլորովին նոր մոլորակ և դրանց մասին մենք իրականում դեռ ոչինչ չգիտենք»:
Արեգակնային համակարգից դուրս գտնվող առաջին երկու մոլորակները, որոնք հայտնաբերել են աստղագետներ Ալեքսանդր Վոլչանը և Դեյլ Ֆրեյլը, իրենց զանգվածով համապատասխանաբար 4,3 և 3,9 անգամ ավելի մեծ են Երկրի զանգվածից։
Երրորդ էկզոմոլորակը, որի զանգվածը 0,02 անգամ փոքր է Երկրի զանգվածից, հայտնաբերվել է 1994 թվականին՝ Լիչ անունով աստղի շուրջը պտտվելիս։ Էկզոմոլորակները համապատասխանաբար անվանվել են Պոլտերգեյստ (Poltergeist), Ֆոբետոր (Phobetor) և Դրաուգր (Draugr):
Նույնիսկ այն ժամանակ գիտնականները հասկացան, որ մեր գալակտիկան բառացիորեն լցված է նմանատիպ աշխարհներով․ «Եթե հնարավոր է մոլորակներ հայտնաբերել նեյտրոնային աստղի մոտ, ապա դրանք պետք է լինեն գրեթե ամենուր», – ասել էր Ալեքսանդր Վոլչանը:
Գիտության զարգացմանը զուգահեռ ստեղծվեցին նաև էկզոմոլորակների որոնման նոր մեթոդներ․
- Դոպլերի մեթոդ,
- Տարանցիկ մեթոդ,
- Գրավիտացիոն միկրոոսպնյակավորման մեթոդ (Մեթոդը զգայուն է փոքր զանգված ունեցող մոլորակների դեպքում),
- Աստղաչափական մեթոդ,
- Ուղղակի դիտում։
Էկզոմոլորակների հայտնաբերման գործում հսկայական դերակատարում է ունեցել Kepler աստղադիտակը, որը գործարկվել է 2009 թվականին: Դրա օգնությամբ արդեն հայտնաբերվել են ավելի քան երեք հազար նոր էկզոմոլորակներ, նույնքան էլ սպասում են հաստատմանը։
Գիտնականները դեռևս չեն գտել էկզոմոլորակներից որևէ մեկի վրա կյանքի ապացույցներ, սակայն ակտիվորեն աշխատում են դրա ուղղությամբ: Վերջերս արձակված Ջեյմս Ուեբ աստղադիտակն այս կարևոր հայտնագործությունը կատարելու համար մեծ ներուժ ունի:
Միևնույն ժամանակ, ըստ գիտնականների, ամենահավանական մոլորակները, որոնց վրա հնարավոր է կյանքի նշաններ լինեն ամենևին էլ Երկրի նման մոլորակները չեն, այլ սուպերերկրները (Super-Earth) կամ Մինի-Նեպտուններն (Mini-Neptune) են։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը