Վերջին տասնամյակում մարդկանց օրգանիզմներում չիպերի ներդրման տեխնոլոգիան կոմերցիոն հասանելիություն է ստացել։
37-ամյա Պատրիկ Փաումենն այլևս կարիք չունի իր հետ բանկային քարտ կամ բջջային հեռախոս ունենալ խանութում վճարելու համար, քանի որ դեռևս 2019 թվականին նրա ձախ ձեռքի մաշկի տակ տեղադրվել է անհպում վճարման չիպ, և այժմ նա պարզապես ձեռքը մոտեցնում է մոտակա վճարային տերմինալին և վճարումն անցնում է։
Բրիտանա-լեհական Walletmor ընկերությունն առաջինն էր, ով շուկա ներմուծեց ներդրվող վճարային չիպերը, որոնք կարող են օգտագործվել բոլոր այն պայմաններում, որտեղ ընդունվում են անհպում վճարումները։
Walletmor-ի անհպում վճարման չիպը կշռում է մեկ գրամից պակաս և ավելի փոքր է, քան բրնձի հատիկը։ Այն բաղկացած է փոքրիկ միկրոչիպից և ալեհավաքից, որոնք պարուրված են բիոպոլիմերի մեջ (բնական նյութ, որը նման է պլաստիկին): Ինչպես նշում է ընկերության հիմնադիրներից մեկը՝ չիպը լիովին անվտանգ է և ունի եվրոպական կարգավորող մարմինների կողմից ստացած հավաստագիր։ Չիպի տեղադրումն իրականացվում է տեղական անզգայացմամբ, այն ապահով կերպով ամրացվում է և սկսում է աշխատել իմպլանտացիայից անմիջապես հետո։ Չիպը չի պահանջում մարտկոց կամ էներգիայի որևէ այլ աղբյուր: Walletmor-ի չիպերում օգտագործվում է նույն անհպում վճարման համակարգը, ինչը և սմարթֆոններում՝ NFC-ն։ Աշխարհում արդեն իսկ վաճառվել են ավելի քան 500 վճարման չիպեր:
Առաջին հայացքից թվում է, որ մարմնի մեջ չիպի ներդրման գաղափարը պետք է ահասարսուռ լինի, սակայն Մեծ Բրիտանիայում և Եվրամիության երկրներում 2021 թվականին անցկացված հարցումների համաձայն հարցվածների 51%-ը պատրաստ է դիտարկել նման զարգացումը։ Այնուամենայնիվ, հարցվածների մոտ մտավախություն էր առաջացնում այն հանգամանքը, որ չիպի միջոցով հնարավոր կլինի հավաքել իրենց անձնական ինֆորմացիան։
Փաումենը, ով արդեն մի քանի տարի է, ինչ կրում է այս չիպը, նշում է, որ ինքը նման մտավախություն չունի, քանի որ չիպն օգտագործում է այն նույն տեխնոլոգիանները, որոնք մենք առանց այդ էլ ամեն օր օգտագործում ենք։
Իհարկե կա հավանականություն, որ ապագայում չիպերն ավելի կատարյալ կդառնան, և այդ պարագայում գուցե անձնական ինֆորմացիայի ապահովության հարցն այլ կերպ դիտարկվի։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը