Չինաստանը գործադրում է բոլոր ջանքերը առաջատար տիեզերական տերություն դառնալու համար․ վերջերս դեպի Լուսին և Մարս արձակեց չինական առաջին ռովերը իսկ սեփական տիեզերակայանի կառուցումը գրեթե ավարտին է մոտենում։ Եվ այժմ Չինաստանը որոշել է միանալ բնակության համար պիտանի էկզոմոլորակներ գտնելու տիեզերական մրցավազքին։
Նախատեսվող տիեզերական առաքելությունը նպատակաուղղված կլինի Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակների հետազոտմանը Ծիր Կաթինի այլ հատվածներում՝ նպատակ ունենալով գտնել Երկիր մոլորակի նման առաջին մոլորակը, որը պտտվում է այնպիսի աստղի շուրջը, ինչպիսին Արեգակն է: Աստղագետները կարծում են, որ նման մոլորակը, որը կոչվում է Երկիր 2.0, կունենա համապատասխան պայմաններ կյանքի ապահովման և զարգացման համար:
NASA-ն պարբերաբար տվյալներ է հրապարակում Արեգակնային համակարգից դուրս հայտնաբերված մոլորակների մասին, որոնց վերաբերյալ տվյալները հիմնականում ստանում են Kepler աստղադիտակի շնորհիվ։ Ներկայումս հայտնաբերված և NASA-ի տվյալների բազայում գրանցված էկզոմոլորակների թիվը հատել է 5000-ի շեմը։ Այնուամենայնիվ, հայտնաբերված մոլորակներից և ոչ մեկը դեռ լիովին չի համապատասխանում Երկիր 2.0 սահմանմանը:
Չինաստանը մտադիր է տեսանելի ապագայում բեկում մտցնել այս ոլորտում: Նոր նախագիծը ֆինանսավորվելու է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի կողմից։ Ներկայումս այն գտնվում է զարգացման սկզբնական փուլում, և եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, արբանյակը տիեզերք կարձակվի մինչև 2026 թվականը՝ Long March հրթիռով:
Արբանյակը համալրվելու է յոթ աստղադիտակով, որոնք կկարողանան դիտարկել մոտավորապես 1,2 միլիոն աստղ՝ 500 քառակուսի աստիճանի տարածքում, որը գրեթե 5 անգամ գերազանցում է Kepler-ի տեսադաշտը:
«Մեր արբանյակն իր կարողություններով կարող է 10-15 անգամ ավելի հզոր լինել, քան ՆԱՍԱ-ի Kepler աստղադիտակը»,- նշել է առաքելության ղեկավար Ջիան Գեն։
Նյութը հրապարակման է պատրաստել՝ ita.am-ը