Իսրայելցի ֆիզիկոսները յուրօրինակ փորձեր են իրականացրել, որոնց արդյունքում պատկերավոր ներկայացրել են լույսի ալիքային հատկությունները: Փորձերի ընթացքում գիտնականներն ուսումնասիրում էին, թե ինչպես է լույսն անցնում բարակ թաղանթներով և այդ գործընթացի նկարահանումների ընթացքում նրանք ստացան լույսի հոսքի պատկերավոր գլուխգործոցներ։ Փորձերի հաջողությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ լույսն իրականում չէր կարող դուրս գալ թաղանթի սահմաններից և հետևաբար իրեն պահում էր հեղուկի պես՝ տարածվելով բազմաթիվ առուներ ունեցող գետի տեսքով։
Հիմնական դժվարությունը անհրաժեշտ հատկանիշներով թաղանթ ստանալն էր։ Այդ նպատակների համար գիտնականները պատրաստել էին հատուկ օճառի լուծույթ, որն ինքնին կայուն էր և անշարժ: Այնուհետև դրա վրա կենտրոնացնում էին օպտիկական մանրաթելերից ստացված լույսի բարակ ճառագայթը, որն օճառի լուծույթի անհամասեռ կառուցվածքի պատճառով չէր կարողանում ակնթարթորեն անցնել դրա միջով: Ընդ որում, լուծույթի թաղանթին առկա անհամասեռ կառուցվածքային տարրերը գտնվում էին այնպիսի օպտիմալ տիրույթում, որ ներս թափանցած լույսը չէր կարող ոչ ցրվել և ոչ էլ արտացոլվել դրանցից։ Արդյունքում լույսը համեմատաբար դանդաղ թափանցում էր թաղանթի միջով դեպի դրա հակառակ եզրը: Ավելի ակներև պատկեր ստանալու համար գիտնականները գունանյութ էին ավելացրել օճառի լուծույթին: Ի վերջո գիտնականները կարողացան տեսնել, թե ինչպես է լույսը տարածվում թաղանթով՝ շրջանցելով անհարթությունները և բաժանվելով «առուների», որոնք այնուհետև կարող էին նորից միաձուլվել: Նման հատվածներն ավելի շատ լույս էին կուտակում և ավելի պայծառ տեսք ունեին, բայց ոչ բոլոր դեպքերում. ամեն ինչ կախված էր առանձին հոսքերում լույսի տարբեր ալիքների փոխադարձ համաժամանակցումից (synchronization): Հետևաբար, յուրաքանչյուր փորձի արդյունքում ստացված պատկերը տարբերվում էր մյուսներից, բայցև մնում յուրօրինակ գեղեցիկ:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը