Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս հրապարակել է նախնական հաշվետվություն COVID-19-ի նոր ենթատեսակի՝ XE-ի մասին, որը նաեւ մեկ այլ՝ սարսափազդու անվանում ունի՝ «Ֆրանկենշտեյն»։ Այն օմիկրոնի BA.1 եւ BA.2 տարբերակների խառնուրդն է, տեղեկացրել է Fox News-ը։
ԱՀԿ-ում հայտարարել են, որ «Ֆրանկենշտեյնը» առայժմ հետաքրքրություն չի ներկայացնում եւ անհանգստանալու տեղիք չի տալիս, նշվել է Euronews-ի վերջերս ներկայացված հաշվետվությունում։
XE շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում հունվարի 19-ին, եւ ներկայում գրանցվել է ավելի քան 1 000 դեպք, նշվել է զեկույցում։
Սա այն տարբերակն է, որն առաջանում է, երբ մարդը վարակվում է երկու կամ երեք տարբերակներով միաժամանակ, դրան տրվում է «X» տառը, որպեսզի այն տարբերակվի որպես խառնուրդ տեսակ, բացատրել է Բերքլիի Կոլիֆոռնիական համալսարանի Գենոմիկայի նորարարական ինստիտուտի գիտնական, դոկտոր Ստասիա Վայմանը։
Նա նշել է, որ XE ենթատեսակը առաջացել է այն մարդուց, որը վարակվել է ինչպես BA.1, այնպես էլ BA.2 տարբերակներով։
XE-ի գենոմային հաջորդականությունը կազմված է մասամբ BA.1-ից եւ մասամբ՝ BA.2-ից, բայց գենը, որը սպիտակուց է կոդավորում, որն օգնում է վիրուսին կպչել առողջ բջիջներին, պատկանում է BA.2-ին։ Բայց անգամ չնայած այն բանին, որ այն BA.2-ի մասն է կազմում, առայժմ հայտնի չէ՝ կապահովի՞ արդյոք BA.2-ի նախորդ վարակը իմունիտետ XE-ի նկատմամբ, նշել է գիտնականը։
Քանի որ վիրուսները բնական կերպով մուտացվում են ժամանակի ընթացքում, խառնուրդ շտամները զարմանալի չեն, ուստի ներկայում XE-ն, նախորդ շտամների համեմատ, ավելի արդյունավետ չի թվում նախորդ պատվաստման շնորհիվ առաջացած իմունիտետից կամ COVID-19 վարակից շեղվելու առումով, ասել է Օհայոյի նահանգի համալսարանի Վեքսների բժշկական կենտրոնի վարակիչ հիվանդությունների գծով մասնագետ, դոկտոր Կառլոս Մալվեստուտոն։