Լյարդը վերականգնելու համար պետք է վարսակի շիլա, տատասկափշի ուրբեչ (դաղստանյան ավանդական աղանդեր, որն իրենից հարուստ համով մածուցիկ սննդարար զանգված է ներկայացնում), կաթնաշոռ, եփած խնձոր եւ մասուրի թուրմ օգտագործել, «Մոսկվա 24»-ին պատմել է գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան։
Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ վարսակի շիլան մեթիոնին ամինաթթու է պարունակում, որը հատկապես օգտակար է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության դեպքում եւ նվազեցնում է ճարպի կուտակումը լյարդային բջիջներում։ Մասնագետը խորհուրդ է տալիս այս մթերքն ուտել առնվազն երկու օրը մեկ անգամ:
Վարսակի շիլային իդեալական հավելում է տատասկափշի ուրբեչը: Կարելի է այն ավելացնել ճաշատեսակին երկու թեյի գդալ, խորհուրդ է տալիս Դիանովան։ Տատասկափուշն ազդում է նյութափոխանակության վրա եւ դետոքսիկացնող ազդեցություն ունի, պարզաբանել է նա։
Մասնագետն ընդգծել է, որ լյարդի հիվանդություն ունեցող գրեթե բոլորը պետք է ամեն օր կաթնաշոռ օգտագործեն։ Այն եւս մեթիոնին ամինաթթու է պարունակում, որը դրականորեն է ազդում ստեատոզի՝ լյարդում ճարպի նստվածքի վրա։
«Կաթնաշոռը պետք է որոշակի յուղայնություն ունենա։ Լյարդի եւ լեղուղիների համակարգի համար ամենաիդեալականը 5 տոկոսն է: Ավելի շատը վնասակար կլինի, պակաս եւս պետք չէ: Քանի որ որոշ ցածր յուղայնությամբ մթերքների մեջ մոդիֆիկացված օսլա է ավելացվում: Իսկ դա վատ է անդրադառնում լյարդի յուղայնության վրա եւ սրում է ստեատոզը»,- նշել է սննդաբանը։
Մասնագետի խոսքով՝ լյարդի համար մեկ այլ օգտակար մթերք մասուրի թուրմն է: