Lragir.am-ի զրուցակիցն է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը
Պարոն Շահվերդյան, «Գիտուժ»-ի անդամները երկար ժամանակ է՝ բարձրացնում են այն հարցը, որ գիտության հանդեպ կառավարության և Ազգային ժողովի վերաբերմունքը համահունչ չէ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։ Ի՞նչ քաղաքականություն է վարվել ոլորտում և ի՞նչ խնդիրներ կան։
Կարելի է ինչ-որ չափով առանձնացնել ընդհանուր 30 տարվա քաղաքականությունը վերջին 1-1,5 տարվա ժամանակահատվածից։ Երեսուն տարվա ընթացքում մենք երբեք չենք ընկալել գիտությունը, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքները որպես մեր պետականության ամենակարևոր ֆունկցիաների հիմք։ Երբ ասում եմ «մենք», նկատի ունեմ և հասարակությանը, և բոլոր կառավարություններին։ Եվ վերջին մեկ տարվա ընթացքում այս վերաբերմունքի փոփոխություն ենք տեսնում, ինչը շատ դրական երևույթ է։ «Գիտուժ»-ի ստեղծվելուց ի վեր հետևյալ աշխատանքն է արվել։ Նախ նախորդ տարի խնայելու միտումներ կային, և ուզում էին կրճատել գիտության համար բյուջեով նախատեսված գումարները։ Ես նկատի ունեմ, որ Գիտության կոմիտեի միջոցով ծախսվող բյուջեն ուզում էին կրճատել, բայց ինչ-որ մասով «Գիտուժի» ակտիվության, ինչ-որ մասով որոշ գիտակից մարդկանց շնորհիվ, հակառակը, անցած տարի ավելացում տեղի ունեցավ։ Բյուջեով նախատեսվածից 2 մլրդ դրամ ավելի հատկացում տեղի ունեցավ և իրագործվեց։ Եվ այս տարի պլանավորված է ևս 10 մլրդ դրամի ավելացում։ Եթե համեմատենք, անցած տարվա նախատեսած բյուջեից այս տարվա բյուջեն մոտ 83 տոկոսով ավելացել է։ Եթե ավելի ճիշտ չափում իրականացնենք, հաշվենք, թե անցած տարվա փաստացի իրագործված բյուջեի համեմատ ինչքան է աճել այս տարվա համար նախատեսված բյուջեն, դա մոտ 60 տոկոս է։ Սա իսկապես աննախադեպ թիվ է, այսպիսի կտրուկ աճ չի եղել։ Սակայն սա մեր խնդիրները չի լուծում։
Անդրադառնանք այն հարցին, թե ինչ չի արվել նույնիսկ վերջին տարվա ընթացքում։ Նախ ի սկզբանե ասեմ, որ «Գիտուժը» միշտ բարձրաձայնել է ոչ միայն ֆունդամենտալ գիտության, այլ նաև կիրառական հետազոտությունների և փորձակոնստրուկտորական աշխատանքների կարևորությունն ու կենսական նշանակությունը երկրի համար։ Եթե նայեք Գիտության կոմիտեի ծախսերը, կիրառական աշխատանքների ծրագրերը շատ փոքր են իրենց բյուջեի մեջ։ Եթե ֆունդամենտալ գիտության մասով նայենք, բյուջեի այս ավելացումների հետ մեկտեղ պետք է խնդիր դրվեր, թե ինչպես պետք է մեր գիտական համակարգի կործանումը ինչ-որ ձև գոնե կանխել։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այն պետք է դնենք զարգացման ուղու վրա։ Զարգացման տարբեր ցուցանիշներ կան։ Հաշվի առնելով, որ ատեստավորման կարգն է հիմա թարմացվում, սա էլ է դրական կողմերից, պետք է շատ խստանա, թե ում ենք որակավորում որպես գիտնական։ Բայց եթե քանակին ենք նայում, մենք ունենք գիտնականների թվի անկում։ Մենք փորձել ենք գտնել ինֆորմացիա, թե ո՞նց են կանխելու, գոնե բալանսի բերելու, որ գիտնականների քանակի տարեկան նվազումը կանգնեցվի։ Դա չի երևում ոչ մի ձև։ Վերցնելով պաշտոնական թվերը՝ մենք տեսնում ենք, որ ունենք մոտավորապես 3600 գիտաշխատող, որոնցից 2500-ն ունի գիտական աստիճան, և այդ 2500-ից էլ 1000-ը 65 տարեկանից բարձր տարիքում են։ Շատ կոպիտ գնահատականով կարելի է ենթադրել, որ այս 1000 հոգին մոտակա 5 տարում կամ թոշակի են անցնելու, կամ ցավոք սրտի կյանքից հեռանալու են։ Եվ այդտեղ ստացվում է տարեկան մոտ 200 հոգու կորուստ։ Ինչպե՞ս կարելի է այս կորուստը լրացնել։ Երկու հիմնական ճանապարհ կա․ մեկը ներքին աղբյուրներից, այսինքն՝ երիտասարդները գնում են մինչև ասպիրանտուրա, պաշտպանում են ու շարունակում գիտական կարիերան, երկրորդը՝ արտաքին աղբյուրներից, երբ գիտնականների ներհոսք է տեղի ունենում Հայաստան։ Հիմա, եթե նայում ենք առաջին աղբյուրին, մենք տարեկան ունենք պետական պատվերով 200 ասպիրանտական տեղ։ Դա կարող է այդ անկումն ամբողջությամբ փակել, եթե այդ 200 հոգու 100 տոկոսն էլ գիտական կարիերայով զբաղվեր։ Բայց դա տեղի չի ունենում, նրանց շատ չնչին տոկոսն է գնում դեպի գիտություն։ Այսինքն՝ մենք խնդիր ունենք և ասպիրանտական տեղերի պետական պատվերի քանակի, և գիտությամբ զբաղվող երիտասարդների թվի ավելացման։ Մենք չենք տեսնում, որ այս գործընթացը կա, պետական պատվերով ասպիրանտական տեղերի թիվը վերջին 3 տարվա ընթացքում եղել է տարեկան 200, և այս տարի էլ ևս 200 տեղ է։ Այս թիվը պետք է շատ կտրուկ աճեցնել՝ նույնիսկ գիտակցելով, որ այդ տեղերը միանգամից չեն ծածկվելու։ Բայց պետք է պահանջարկ ստեղծել։ Պետք է այնպես անել, որ ավելի շատ մարդ ուզենա զբաղվել գիտությամբ։ Եվ այստեղ պետք է գիտնականի կարիերայի ռեյտինգի բարձրացում տեղի ունենա։ Այն գիտական ծրագրերը, որոնք արվում են, պետք է ավելի մեծ մասշտաբով արվեն։ Բացի դրանից, որպեսզի ավելացված տեղերը լրացվեն, պետք է շատ մեծ աշխատանք տարվի մագիստրոսական ու բակալավրի աստիճանում։ Ակնհայտ է, որ այն, ինչ ասում եմ, մեկ տարում չի կարող տեղի ունենալ, դա աստիճանաբար պետք է արվի։
Ինչպե՞ս եք պատկերացնում գիտնականների ներհոսքը Հայաստան։
Ինչ վերաբերում է գիտնականների ներհոսքին, այստեղ մենք կարող ենք ավելի կտրուկ գործ անել։ Կարող ենք նպատակ դնել մեկ տարվա ընթացքում տասնյակ գիտնականներ, երկու տարվա մեջ՝ 100-200 գիտնական ներգրավել։ Այսինքն՝ նպատակ դնենք այդ քանակն աճեցնել ու աճեցնել, որպեսզի 2-3 տարվա ընթացքում գիտնականների այս կորստին հակակշիռ ստեղծենք։ Եվ այստեղ ծրագրերն սկսվել են, բայց արվում են շատ աննշան ու փոքր մասշտաբներով։ Որպեսզի պատկերացնեք, գիտնականների ներհոսքի երկու ծրագիր կա, մեկն արդեն հայտարարել է Գիտության կոմիտեն, մյուսը պետք է շուտով հայտարարեն։ Այդ երկու ծրագրերն այն 4 նոր ծրագրերից են, որոնք մեկնարկելու են այս տարի, բայց այդ բոլոր 4 ծրագրերի վրա այս տարվա 25 մլրդ դրամ բյուջեից նախատեսվում է ծախսել ընդամենը 1 մլրդ դրամ։ Այսինքն՝ նոր ծրագրերի վրա ծախսվում է այդ ամբողջ բյուջեի մոտ 2․5 տոկոսը։ Դա այն դեպքում, երբ մենք այս նոր ծրագրերի մի մասի միջոցով պետք է գիտնականների ներհոսքն ապահովենք։ Արտասահմանից գիտնականների ներհոսքը նաև մեզ կօգնի ներսում գիտնականների քանակն ավելացնել, որովհետև այս մարդիկ են, որ գալու են, ուսանողների հետ աշխատելու են, նրանց խրախուսելու են։ Այսօր աշխատանքի մասշտաբները չեն համապատասխանում գիտական համայնքի խնդիրներին, որոնք կան։
Անդրադառնանք կիրառական հետազոտություններին ու փորձակոնստրուկտորական աշխատանքներին։ Այստեղ մեզ մոտ վիճակն ավելի վատ է, որովհետև 30 տարիների ընթացքում ամենամեծ կորուստը մենք ունեցել ենք այս հատվածում։ Արդեն ասացի, որ Գիտության կոմիտեն կիրառական մասով որոշ ծրագրեր ունի, բացի դրանից, կա մեկ այլ կառույց, որը պետք է համակարգված զբաղվեր գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքներով, մասնավորապես պաշտպանական ոլորտի, դա Ռազմարդյունաբերության կոմիտեն է, որը երկու տարի չուներ նախագահ։
Այո, արդեն երկրորդ տարին է՝ պաշտպանության բնագավառում գիտական նպատակային հետազոտությունների բյուջեն կրճատվում է։ Մասնավորապես, 2021 թվականի վերջին կառավարությունը որոշել էր ծրագրի բյուջեն կրճատել 2 մլրդ 576 մլն դրամով, իսկ այս տարվա ապրիլի 7-ին՝ մոտ 300 մլն դրամով։ Ինչպե՞ս եք սա գնահատում։
Եթե այս տարի ֆունդամենտալ հետազոտությունների համար նախատեսված է 25 մլրդ դրամ, իսկ Ռազմարդյունաբերության կոմիտեի պաշտպանական բյուջեն մոտ 5․2 մլրդ դրամ է, ստացվում է, որ այդ բյուջեն 5 անգամ քիչ է, քան մեր ֆունդամենտալ հետազոտությունների համար նախատեսված ծախսը։ Այնինչ, պետք է լիներ հակառակը։ Ռազմարդյունաբերության կոմիտեի գործը պետք է լիներ՝ գնալ պահանջել, որ հատկացումը լինի 10-15 մլրդ դրամ և ծախսել դա։ Այնինչ՝ այս տարի դեռ տարին չավարտված՝ այս հատվածում արդեն կրճատումներ են տեղի ունենում։ Իրականում այդ բյուջեն պետք է լինի ոչ քիչ, քան մենք ծախսում ենք ֆունդամենտալ հետազոտությունների վրա, այսինքն՝ պետք է առնվազն հնգապատիկ ավելացնել։ Ես խոսում եմ կառույցի մասին, որը փաստացի իր գործը չի կատարում։ Ինչո՞ւ էի ասում, որ այս բնագավառում վիճակն ընդհանրապես վատ է։ Մենք ունենք այլ պետական խնդիրներ, որոնց լուծման համար որպես գործիք ԳՀՓԿ-ն չենք օգտագործում, հետևաբար չենք կարող աշխարհում լինել մրցունակ։ Եթե մենք ունենք խնդիր, պետք է լուծենք, իսկ մենք ունենք խնդիրներ։ Եվ անպայման չէ, ոչ դրանք լուծվեն միայն ներքին մտավոր կարողությունների ու փորձագետների շնորհիվ։ Օրինակ վերցնենք գյուղատնտեսությունը, շատ ենք լսում, որ ունենք արտադրողականության բարձրացման խնդիր, մեր արտադրողականությունը շատ ցածր է։ Ո՞նց բարձրացնենք, ինչո՞ւ այս ձևակերպմամբ չի հայտարարվում ԳՀՓԿ դրամաշնորհների մրցույթ և այլն։ Չկա տնտեսության տեսլական, որից բխում է, թե ինչ ԳՀՓԿ աշխատանքներ պետք է իրականացվեն։ Այսինքն՝ մենք չենք դնում նպատակ՝ լինել մրցունակ։ Մրցունակությանը հնարավոր է միայն հասնել ժամանակակից գիտելիքի օգտագործման հիման վրա՝ ստեղծելով քո գիտելիքը, որը կիրառում ես քո խնդիրները լուծելու համար։
Ես ուզում եմ նաև ընդգծել, որ շատ կարևոր է մասնավոր-գիտական համայնք համագործակցությունն ամրապնդել։ Սա տնտեսության զարգացման համատեքստում շատ կարևոր է։ Բայց այստեղ էլ ԳՀՓԿ աշխատանքների թեմայով որևէ խթանիչ մեխանիզմ չենք տեսնում։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ արդեն ավելի քան մեկ տարի է՝ հայտարարվում է տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնի գործարկման մասին, որը պետք է էկոնոմիկայի նախարարության ներքո գործեր, բայց այդպես էլ դա չգործարկվեց։ Այնինչ, մենք տեսնում ենք, որ նախորդ տարի Ադրբեջանում մեկ ամսում այդ գրասենյակը գործարկեցին։ Մեզ մոտ նման գործընթացները մահանում են դեռ կազմակերպման պրոցեսում։
Ես ուզում եմ հիշեցնել «Գիտուժի» հիմնական կետերից մեկը, որն ստեղծման առաջին օրվանից բարձրացրել ենք՝ ՀՆԱ-ի 1 տոկոսի հանձնառություն և ամրագրում օրենքում՝ ընդհանուր ԳՀՓԿ ծախսերի համար։ Երբ մենք լսում ենք, թե իբր մեր համակարգը չի կարող այդքան գումար արդյունավետ մարսել, դա զարմանալի է։ Մենք չենք խոսում այն մասին, որ այդ 1 տոկոս հատկացումը հենց հիմա պետք է լինի, այլ աստիճանաբար աճեցնելով՝ 2024 թվականին պետք է հասնել այդ ցուցանիշին։ Հետևաբար, այսօր պետք է խոսք գնար, թե ինչպես ենք համակարգի կարողությունները մեծացնում, ինչ չափով ենք գիտնականների ներհոսք ապահովում, ինչը մեզ թույլ է տալու պետական նպատակներից բխող, անվտանգությանը նպաստող արդյունավետություն ապահովել։ ՀՆԱ-ի 1 տոկոս հատկացման թեման փակել նրանով, որ մեր համակարգը չի կարող դա ընդունել, դա նշանակում է մենք չենք գիտակցում սրա կենսական նշանակությունը և լուծման ճանապարհներ չենք գտնում։ Եվ մեր կարծիքով՝ այդ 1 տոկոսը պետք է ամրագրվի օրենքով, ինչը նաև ազդանշան կլինի այն բոլոր մարդկանց համար, ովքեր ուզում են իրենց կյանքը նվիրել գիտությանը, և նաև այն մարդկանց համար, որոնց մենք ուզում ենք Հայաստան բերել։ Այսօր, երբ խոսում ենք պետական մարմինների հետ, ասում ենք՝ պետք է գիտնականներ Հայաստան բերենք, մեզ ասում են՝ իրենց հետաքրքի՞ր է Հայաստան գալը։ Լինելով արտերկրում՝ տեսնում ես, որ այդ մարդկանց հետաքրքրությունը մեծ է Հայաստանի նկատմամբ։ Բայց իրենք պետք է տեսնեն, որ այնպիսի մեծ, հավակնոտ հանձնառություն կա այստեղ, որ մեկ տարում մարդու ներդրած ջանքերն անարդյունք չեն լինելու։