Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու ուղեղի նորմալ ջերմաստիճանը շատ ավելի ուժեղ է տատանվում, քան մենք կարծում էինք, եւ դա կարող է լինել ուղեղի առողջ աշխատանքի նշան: Առողջ տղամարդկանց եւ կանանց մոտ բերանի խոռոչի ջերմաստիճանը սովորաբար չի գերազանցում 37°C-ը, սակայն ուղեղի միջին ջերմաստիճանը 38,5°C է, իսկ ուղեղի խորը հատվածներում այն հաճախ գերազանցում է 40°C-ը, հատկապես կանանց մոտ ցերեկային ժամերին:
Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի Բժշկական հետազոտությունների խորհրդի (MRC) մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի գիտնականների կողմից իրականացված նոր հետազոտությունը թույլ է տվել ստեղծել առողջ մարդու ուղեղի ջերմաստիճանի առաջին քառաչափ քարտեզը:
Brain ամսագրում հրապարակված հետազոտությունը ներառել է նաեւ ուղեղի տրավմատիկ վնասվածքներով պացիենտների տվյալների վերլուծությունը, ինչը ցույց է տվել, որ ուղեղի ցերեկային ջերմաստիճանի ցիկլերի առկայությունը մեծապես կապված է գոյատեւման հետ:
Առողջ ուղեղներն ուսումնասիրելու համար գիտնականները հավաքագրել են 20-40 տարեկան 40 կամավորների, որոնց մեկ օրվա ընթացքում սքանավորվել են առավոտյան, ցերեկը եւ ուշ գիշերը:
Առողջ մասնակիցների մոտ ուղեղի միջին ջերմաստիճանը եղել է 38,5°C, ինչը ավելի քան երկու աստիճանով ավելի տաք է, քան լեզվի տակ չափված ջերմաստիճանը։ Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ ուղեղի ջերմաստիճանը տատանվում է՝ կախված
– օրվա ժամանակից,
– ուղեղի հատվածից
– սեռից եւ դաշտանային ցիկլից,
– եւ տարիքից:
Մինչ ուղեղի մակերեսը հիմնականում ավելի սառն է եղել, ուղեղի ավելի խորը կառուցվածքները հաճախ 40°C-ից ավելի տաք են եղել։ Ուղեղի ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 40,9°C: Բոլոր մարդկանց մոտ ուղեղի ջերմաստիճանը, կախված օրվա ժամից, տարբերվել է գրեթե 1°C-ով, ընդ որում ուղեղի ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է օրվա երկրորդ կեսին, իսկ ամենացածրը՝ գիշերը։
Արդյունքները նաեւ ցույց են տվել, որ 20 տարիների ընթացքում մասնակիցների ուղեղի ջերմաստիճանը տարիքի հետ բարձրացել է, հատկապես ուղեղի խորքային շրջաններում, որտեղ միջին աճը կազմել է 0,6°C: Հետազոտողները ենթադրում են, որ ուղեղի հովացման ունակությունը կարող է նվազել տարիքի հետ, եւ անհրաժեշտ է հետագա աշխատանք՝ պարզելու համար, թե կապված է արդյոք դա ուղեղի տարիքային հիվանդությունների զարգացման հետ: