Ո՞ր մթերքներն են օգտակար ուղեղի համար
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքներն են օգտակար ուղեղի համար

Ուղեղի աշխատանքի համար պետք է ձուկ, բարդ ածխաջրեր, մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ, ընկույզներ ուտել, ինչպես նաեւ սուրճ, բուսական թեյ եւ ամենակարեւորը` ջուր խմել, URA.RUժի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու Սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Դարիա Ռուսակովան:

«Օմեգա-3-ը եւ օմեգա-6-ն անհրաժեշտ են ուղեղի համար: Դրանք պարունակվում են ծովամթերքի, յուղոտ ձկների մեջ, ինչպիսիք են սաղմոնը, կապույտ թունան, սարդինան, ծովատառեխը, ձողաձկան լյարդը: Դրանցով հարուստ են ձիթապտղի եւ կտավատի ձեթերը, ինչպես նաեւ ընկույզը, քունջութը եւ լոբին։ Հատապտուղները, հատկապես՝ մուգ հատապտուղները, ինչպիսիք են մոշը, հապալասը եւ կեռասը, ֆլավոնոիդների հարուստ աղբյուր են, որոնք դանդաղեցնում են ուղեղի կառուցվածքում տարիքային փոփոխությունների գործընթացը։

Մրգերը հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք պաշտպանում են բջիջները տոքսիններից»,- պատմել է մասնագետը:

Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ նաեւ ածխաջրերի մասին։ «Գլյուկոզան ուղեղին անհրաժեշտ է էներգիա ստանալու համար: Բացի այդ, ածխաջրերն օգնում են սերոտոնինի սինթեզին, որը կարեւոր դեր է խաղում տրամադրության եւ ուղեղի ճանաչողական գործառույթների կարգավորման գործում»,- ասել է սննդաբանը։ Որպես օրինակ՝ մասնագետը թվարկել է ամբողջական ձավարեղենը, լոբազգիները:

Մասնագետը նշել է, որ B խմբի վիտամինների ընդունմանը կօգնեն բրոկոլին, տերլազարդ կանաչեղենը եւ կաղամբը։ Սննդաբանը խորհուրդ է տվել սննդակարգում սերմեր եւ ընկույզ ավելացնել։ Դրանցում պարունակվող կալիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, յոդը եւ հակաօքսիդանտ E, A, C վիտամինները դրական են ազդում մտավոր գործունեության վրա, օգնում են պայքարել հոգնածության եւ դյուրագրգռության դեմ։

Սահմանափակ քանակությամբ Ռուսակովան թույլ է տվել սուրճ եւ թեյ խմել։ «Կոֆեինն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, բարձրացնում է կենտրոնացումը։ Սուրճը կանխում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Մեծահասակների համար օրական անվտանգ չափը երեքից առավելագույնը չորս բաժակն է: Ուղեղի համար օգտակար են բուսական թեյերը, օրինակ՝ ալոճենու կամ կոճապղպեղի թեյը»,- նշել է սննդաբանը:

news.am