Life.panoarama.am-ի զրույցակիցն է բալետի արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժակելինա Սարխոշյանը, ով երեկ նշում էր ծննդյան 42-ամյակը:
– Ժակելինա, ծննդյան օրերին բոլորս էլ կարծես ամփոփում ենք անցած գոնե մեկ տարին, եթե ոչ ողջ կյանքը: Հետաքրքիր է՝ Ձեր ամփոփ բնութագիրը անցած ճանապարհի վերաբերյալ:
– Անկեղծ ասած՝ երբեք չեմ սիրել ծննդյանս օրերը ու անգամ չգիտեմ էլ ինչու: Ես չեմ սպասում այդ օրվան, հետևաբար նաև ամփոփումներ չեմ անում: Իսկ եթե այս պահին ամփոփեմ անցածս ճանապարհը, ապա կարող եմ ասել, որ ես 7 տարեկանում հրաժեշտ եմ տվել մանկությանս և փորձել ինքս իմ մեջ կերտել մարդու, ով կարող է սովորել իր սխալների վրա, ապրել հիասթափություններ պրոֆեսիոնալ ասպարեզում, թաքուն լացել, կայանալ որպես պարուհի, տեխնիկապես հասնել բարձրունքների, ժամերով մնալ դահլիճում, լեզու գտնել զուգընկերների հետ ու այս ողջ ընթացքում մնալ մարդ: Ինձ փորձել եմ որպես մանկավարժ, հետո ուժերս ներդրեցի բալետմաստերի ասպարեզում: Հիմա, եթե բնութագրեմ կյնաքս, կարող եմ ասել, որ փորձել եմ միշտ գնալ առաջ, երբեք չդոփել տեղում և հայտնվել եմ այնտեղ, որտեղ հետաքրքրությյուններ եմ գտել:
– Ուսումնասիրելով Ձեր գործունեությունը՝ մի բան անկարելի է չնկատել՝ դուք գերաշխատասեր եք ու վստահաբար՝ շատ ձեռքբերումներ եք ունեցել: Հետաքրքիր է՝ կյանքում ի՞նչն եք համարում ամենամեծ ձեռքբերումը:
– Աշխատասեր եմ, դա փաստ է: Երևի դրա համար էլ հաջողվում է իմ մտահղացումներն իրակաանացնել: Հույսս դնում եմ միայն իմ վրա: Ինչ վերավերվում է կյանքիս ամենամեծ ձեռքբերմանը՝ երեխաս է:
– Նույն կերպ՝ բոլորս էլ ունենք բացթողումներ, ամենացավոտ կողմեր, որոնք շտկելը հաճախ կյանքի նպատակ է դառնում: Որո՞նք են եղել Ձեր բացթողումները:
– Իհարկե, բոլորն էլ ունեն բացթողումներ: Երևի ես էլ եմ ունեցել, բայց եթե արդեն բացթողումը չես կարողանում լրացնել, ուրեմն պետք է շարժվել առաջ ու փորձել սխալներ չանել: Ես էլ եմ մարդ, ով միս ու արյունից է, ինձ էլ են ցավ պատճառել: Ամենաուժեղ ցավը զգում ես այն ժամանակ, երբ մտերիմներիդ կողմից է այն հասցված. այդ հարվածին երբեք չես սպասում: Ցավոտ է նաև ընկերենրի դավաճանությունը: Ընդհանրապես պետք է վարվել մարդկանց հետ այնպես, ինչպես ուզում ես քեզ հետ վարվեն. ինքս փորձում եմ այդպես ապրել:
– Ժակելինա, պարը Ձեր մասնագիտությունը չէ, այն Ձեր ապրելակերպն է: Հիմա հրաժեշտ եք տվել մեծ բեմին՝ փորձելով երեխաների մեջ գտնել այդ ջիղն ու զարգացնել դրանք: Հեռանալը ցավոտ չէ՞ր:
– Ոչ, ցավոտ չէ, երբ կարողանում ես ինքդ քեզ դրսևորես ուրիշ ասպարեզում՝ բեմադրել, դասավանդել, լինել մանկավարժ: Այդ ժամանակ չես հասցնում մտածել բեմից հեռանալու մասին: Արդեն շատ եմ պարել՝ 26 տարի, բացի այս՝ ես չեմ հեռացել բեմից, ներկայացումներում չեմ պարում, բայց համերգների մասնակցում եմ:
– Շատերի համար անգամ կարող է անակնկալ լինել այն հանգամանքը, որ մեծ դուստր ունեք: Կկիսվե՞ք Ձեր երիտասարդության պահպանման բանաձևով:
– Կատակելով միշտ ասում եմ, թե սառնարան եմ պարբերաբար մտնում: Եթե անկեղծ, աշխատելով երեխաների հետ՝ հոգիդ չի մեծանում, իսկ եթե հոգիդ երիտասարդ է, ներքինդ արտացոլվում է նաև արտաքինիդ վրա:
– Դստեր թեման շարունակելով՝ մի փոքր կպատմե՞ք նրա մասին: ինպիսի՞նն են Ձեր փոխհարաբերությունները:
– Կարելի է ասել՝ մենք ընկերական շփում ունենք: Ընկերուհի լինելով՝ փորձում ենք չանցնել սահմանն ու չմոռանալ, որ առաջին հերթին ծնող-երեխա հարաբերությունն է: Այս վիճակին հասնելու համար պետք է լինել համբերատար, ներողամիտ, բարի, միշտ լինել միմյանց կողքին ու օգնել յուրաքանչյուր հարցում:
– Գիտեմ, որ ամուսինը Ձեր կողքին է ամեն հարցում: Իրար կատարյալ հասկանալու և տարիների ընթացքում անփոփոխ սիրելու գրավականը ո՞րն է:
– Փոխզիջումը, ներողամտությունը և ամենակարևորը սերը: Եթե փոխադարձ սեր չլինի, անհնար կլինի ապրել մարդու հետ:
– Ժակելինա, կխնդրեմ տեղեկացնել նաև առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին:
– Այժմ Բեյրութում աշխատում ենք «Համազգային Գայանե» պարի դպրոցում և «Համազագային Քնար» պարախմբում: Բեմադրում ենք հետաքրքիր գործեր, դասավանդում ու պատրաստվում հաշվետու համերգի: Այս տարի Լիբանանի հանդիսատեսի դատին կհանձնենք «Սինբադի ճանփորդությունը», որի մեջ ընդգրկվում է «Ալի Բաբան և 40 ավազակները» ու «Ալադինի արկածները» : Հունիսին վերադառնում ենք Հայաստան, մի քանի առաջարկներ ունեմ, որոնք հարկ է քննարկել: