Ճիշտ ապրելակերպի ընտրության դեպքում մինչեւ խոր ծերություն կարելի է առողջ մնալ, բայց գիտելիքներն այն մասին, թե ինչն այլեւս չի աշխատում ձեր օրգանիզմում, կենսական կարեւոր նշանակություն ունեն ընդհանուր առողջության համար: Մասնագետները Eat This, Not That!-ին պատմել են, թե ինչ դեղամիջոցներից եւ հավելումներից պետք է խուսափել 60 տարեկանից հետո եւ ինչու:
Անքնության դեմ առանց դեղատոմսի դեղամիջոցները սովորաբար ներառում են դիֆենհիդրամին: Տարեց մարդկանց կողմից դրանք ընդունելու դեպքում կարող է գիտակցության մթագնում, փորկապություն եւ բերանի չորացում առաջանալ, զգուշացրել է դեղագործ Իռեն Կլավիխոն:
Մասնագետը տարեց մարդկանց նաեւ խորհուրդ է տվել խուսափել երկարաժամկետ ազդեցությամբ դիաբետիկ դեղամիջոցներից, ինչպիսիք են գլիբուրիդը եւ գլիմեպիրիդը։ Բնակչության այս խմբի կողմից այդպիսի դեղերի օգտագործման դեպքում վտանգավոր հիպոգլիկեմիայի ռիսկը մեծանում է: Նույն դասի դեղերի այլընտրանքը գլիպիզիդն է:
Դոկտոր Կլավիխոյի խոսքով՝ «տարեցները պետք է զգուշությամբ օգտագործեն ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԴ), որոնց բարձր չափաբաժիններով երկարատեւ օգտագործումը կարող է բացասաբար ազդել երիկամների աշխատանքի եւ արյան ճնշման վրա:
Իր հերթին անեսթեզիոլոգ Շոն Օրմոնդը պատմել է տարեց մարդկանց կողմից երկաթի ընդունման ռիսկերի մասին։
«Երկաթը հեշտությամբ օքսիդանում է արյան մեջ՝ երկաթի նկատմամբ իր բարձր հարաբերակցության պատճառով: Սա բորբոքում է առաջացնում, բացի այդ, նվազեցնում է այլ հանքանյութերի օքսիդացումը»,- պարզաբանել է նա։
Բժիշկ Օրմոնդը նաեւ խորհուրդներ է տվել կալցիումի ընդունման վերաբերյալ։
Նրա խոսքով՝ կալցիումը պետք է ընդունել միայն սննդակարգից՝ երիկամներում քարերի եւ այլ հիվանդությունների հավանականությունը նվազեցնելու համար։ Կալցիումի հավելումները կարող են նաեւ հանգեցնել կալցիումի մակարդակի անհավասարակշռության, ինչը կարող է կալցիֆիկացում առաջացնել արյան անոթներում: