«Հերթը մեզ էլ հասավ»,- այս նախադասությունը վերջին մի քանի ամիսներին վարձով բնակվող շատ քաղաքացիներ են արտաբերում, որոնց կամ բնակարաններից են դուրս հրավիրել՝ թանկացնելով վարձը, կամ ասել են՝ մնացեք, բայց շատ եք վճարելու:
«80.000 դրամից տան վարձը բարձրացրեցին 130.000: Մի մարմին չկա, որ զբաղվի այս հարցով: Խիղճն ու ամոթը փաթաթել են փողի մեջ ու դրել գրպանները»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«Մենք ունենք պայմանագիր՝ 1 տարով, որը լրանալու էր հոկտեմբերի 10-ին, սակայն վարձը 160.000-ից միանգամից դարձնում են 250.000 դրամ ու ասում, որ եթե որոշենք չմնալ՝ ոչինչ, պայմանագիրը կխզվի»,- նշեց մեկ այլ քաղաքացի:
Անշարժ գույքի գործակալները ցավով նշում են` ոչ ոք վարձակալության պայմանագիր չի գրանցում:
«Պետք է նոտարական պայմանագիր լինի: Օրինակ, Գերմանիայում այսպիսի օրենք կա. եթե վարձակալությամբ տունը հանձնում ես մեկին, չես կարող ինձ հանել, մինչև ինձ համար տուն չգտնես այդ գնի սահմանում: Եթե վարձը բարձրացնես էլ՝ դա չի կարող 10 տոկոսից ավելի լինել: Բայց, մինչև այդ փուլին հասնելն ահագին ժամանակ է պահանջել: Մարդիկ նստում, մտածում են, թե երկրում ինչ կարող են անել այդ ուղղությամբ, որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի: Հիմա ահավոր մեծ տեմպերով փողն արժեզրկվում է, ու եթե մարդը մի ժամանակ բնակարանը 100.000 դրամով էր վարձով տալիս, հիմա այդ 100.000-ն իր խնդիրը չի լուծում, ու թանկացնում է: Սակայն Հայաստանում վատն այն է, որ այս թանկացումների ֆոնին աշխատավարձը նույնն է մնում»,- մեզ հետ զրույցում նշեց «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը՝ կարևորելով հստակ օրենքի առկայությունը, որպեսզի եթե վաղը սեփականատերը տան վարձակալության համար գինը թանկացնելու մտադրություն ունենա, հստակ իմանա, որ այսինչ կետի համաձայն՝ կարող է դիմել պետությանը, թե ինչ հիմքով է բարձրացնում վարձակալության գինը, հակառակ դեպքում իրավունք չի ունենա թանկացնել:
Ավելին, նրա խոսքով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է ծրագիր մշակի՝ բնակարան ձեռք բերելու համար:
Անի Կարապետյան