Եվ նորից Մաշտոցի պողոտայի «Լույս» գրախանութի մասին։ Պարզվում է, 1940-ականների սկզբին բացված երևանյան այս հրաշալի վայրի ներքին հարդարանքի հեղինակը անվանի փայտագործ Հովհաննես Նաղաշյանն է եղել: Պատկերը` Ira Tzourou-ի FB էջից:
Հովհաննես Նաղաշյանը ծնվել է 1876 թվականին Քանաքեռում, Թիֆլիսում սովորել է կահույքագործություն ու փայտի քանդակազարդում։ 1900-ականների սկզբին Ալեքսանդրապոլում հիմնել է արվեստանոց, կազմակերպել քանդակազարդ կահույքի արտադրություն։ 1903-1909 թթ․ գծագրել ու պատրաստել է Կարսի ռուսական զինվորական եկեղեցու ավագ խորանի, Երևանի ռուսական Նիկոլաևյան տաճարի դռներն ու քանդակազարդ խաչկալները, մի շարք փայտյա պատշգամբներ և այլն։ Քարարվեստի ավանդույթները Նաղաշյանը ստեղծագործաբար կիրառել է փայտագործության մեջ, ստեղծել կահույքի արվեստի ինքնատիպ՝ «նաղաշյանական ոճը»։ 1920֊ից ապրել և ստեղծագործել է Երևանում։ Դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և շինարարական տեխնիկումում։ 1935֊ից Նաղաշյանի նախագծով և ղեկավարությամբ արտադրվել են հայկական ճարտարապետական ոճով շքեղ կահույքի տարատեսակներ (Երևանի հանրային գրադարանի, պիոներների պալատի կահույքը, Մաշտոցի անվան Մատենադարանի դռները)։ Նախագծել և ստեղծել է բազմոց-պահարանի նոր տիպային, զարդային տարբեր հորինվածքներով փայտե սկուտեղներ, սկահակներ, հարթաքանդակներ, բարձրաքանդակներ։ 1947֊ին մասնակցել է Մոսկվայում, Լենինգրադում և Կիևում կազմակերպված ցուցահանդեսներին։ Երևանում բացվել են Նաղաշյանի անհատական երկու ցուցահանդեսները։ Մահացել է 1968 թվականին Երևանում։
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան հրապարակումներից