Ախր, դուք Սեւանին ճանաչո՞ւմ եք, որ հայհոյում եք: Քարտեզի վրա չեք էլ գտնի էդ հրաշքը, եթե կապույտով չներկեն: Սեւանը թերակղզին չի, ինչին դուք կղզի եք ասում, ոչ էլ «Ֆլամինգոն»: Սեւանը ճամփեզրի երկնագույն «դոմիկի» մոտ, ձեռքերով կետադելֆինի չափ ձուկ ցույց տվող անլվա ծովագյուղցին չի, որ վայրենի համառությամբ պնդում է, թե իր հանցավոր ձկնգողությունը «առողջություն ա ծովին»: Սեւանը հինգ հազար դրամանոց, անզուգարան լողափի դիստրոֆիկ կազմվածքով նայողը չի, ում համայնքի կոյուղին առանց ֆիլտրվելու լիճն է լցվում, իսկ ինքը անկեղծորեն զարմանում է, թե. «Այ տա, իմալ են էտա oխմախ էրէվնցիք մտնում էսա մունդառ ջուրը»:
Ձեր իմացած Սեւանը երկու ուղղություն ունի` «Քյավառի կոմի» ու «տռասի կոմի»: Ձեզ չեն էլ ասել, որ էդ ձեր իմացած հիմնական հատվածներում ուղղակի հակացուցված է լողափնյա հանգիստը, որ այդտեղ ոչ միայն տհաճ է, այլ նաեւ շատ հաճախ մահացու վտանգավոր: Սեւանը, այո, ֆանտաստիկ լողափ էլ ունի` Արեգունու ու Սեւանի լեռնաշղթաներով պաշտպանված, անքամի, տաք ջրով ու սպիտակ ավազով, Աստվածային խաղաղությամբ, ուղղակի դա «տռասից» հեռու է: Ախր, դուք Մոթելից մինչեւ Շորժա ընկած ամբողջ տարածքին Շորժա եք ասում: Դուք ալարում եք անգամ Շորժա հասնել, էլ ուր մնաց՝ իմացած լինեք, որ դրանից էն կողմ Արտանիշ կա, Ջիլ, Ծափաթաղ, Փամբակ, Դարանակ, Արեգունի… Դուք նման եք գոյություն չունեցող մի տոհմի, որի անդամները գերադասում են Ֆուգու ձկան հենց լյարդն ու աղիքներն ուտել:
Դուք չգիտեք, որ չի կարելի ձեր ամբողջ տարին արեւի երես չտեսած, բախտակավորված որովայնները մերկացնել ու ժամերով թրեւ գալ լեռնային արեւի բարկ ճառագայթների տակ ու պնդել, որ դա ձմռանը չհիվանդանալու լավագույն ձեւն է: Դուք չգիտեք, որ չի կարելի խորհրդային մաշված ջրային հեծանիվի վրա տասը հոգով բարձվել ու վայրենի ոռնոցներ արձակել, ուր մնաց՝ իմանաք, թե ինչ աստվածային հաճույք է Սեւանի աննման լռությունը լսելը: Դուք չգիտեք, որ ջրի մեջ պլաստիկ շիշ ու տոպրակ գցելը նման է նրան, որ ձեզ զոռով բենզին խմացնեն: Սեւանը ձեզ համար լրբերի հետ «լեւի գնալու» տեղ չի, ձեր մեկ շաբաթվա սննդի ռացիոնը մի քանի ժամում վայրենաբար լափելու տեղ չի, մեքենան այլանդակ քշելու ու ունեցածդ ամենատխմար երաժշտության դիսկը մինչեւ վերջ քոքելու տեղ չի, թաց լողազգեստով` պիտեկանտրոպային գանգուրները հպարտորեն ծածանելով, թերակղզու եկեղեցի մտնելու ու ձեզ դիտողություն անող Տեր Մինասին զկռտալով հակաճառելու տեղ չի: