Գիտնականները պարզել են ուղեղի քաղցկեղի ամենամահաբեր ձեւի վերադառնալու պատճառները
Advertisement 1000 x 90

Գիտնականները պարզել են ուղեղի քաղցկեղի ամենամահաբեր ձեւի վերադառնալու պատճառները

Ուղեղի քաղցկեղի ամենամահաբեր ձեւը վերադառնում է, քանի որ ուռուցքները հարմարվում են բուժմանը՝ օգնության «կանչելով» մոտ գտնվող առողջ հյուսվածքներին։ Այսպիսի եզրակացության են եկել հետազոտողները՝ փորձելով գտնել դեղամիջոց այդ հիվանդության դեմ, գրել է Science ամսագիրը։

Նոր հետազոտությունը, որն իրականացրել է մասնագետների միջազգային խումբը, ներառյալ Լիդսի համալսարանի փորձագետները, ցույց է տվել, որ ի պատասխան բուժման՝ չարորակության բարձր աստիճան ունեցող գլիոմաները վերակառուցում են ուղեղի շրջակա միջավայրը՝ ստեղծելով փոխգործակցություն մոտ գտնվող նեյրոնների եւ իմունային բջիջների հետ այնպես, որպեսզի պաշտպանեն ուռուցքի բջիջները եւ թաքցնեն դրանք օրգանիզմի պաշտպանական ուժերից։

Գիտնականների թիմը նաեւ հայտնաբերել է, որ չարորակության ավելի ցածր աստիճան ունեցող ուռուցքները հաճախ նոր մուտացիա են առաջացնում, որը թույլ է տալիս բջիջներին ավելի արագ կիսվել՝ նպաստելով դրանց անցմանը ավելի բարձր չարորակության ձեւի։

Գլիոմաները գլխուղեղի հազվադեպ ուռուցքներ են։ Ցածր աստիճանի գլիոմաները ավելի լավ են, քան չարորակության բարձր աստիճանի գլիոմաները, բայց հաճախ վերածվում են բարձր աստիճանի գլիոմաների։ Բարձր աստիճանի գլիոմաներ ունեցող պացիենտների ավելի քան 90 տոկոսը մահանում է հինգ տարվա ընթացքում։

Բժիշկ, Լիդսի համալսարանի Բժշկական դպրոցի ուղեղի քաղցկեղի կենսաբանության ամբիոնի դոցենտ Լյուսի Սթեդը  նշել է, որ սա այն հետազոտությունն է, որը պահանջել է գլոբալ ջանքեր գլիոմայի նմուշների բավարար քանակություն ստանալու համար եւ աննախադեպ պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է խորանում այդ մահաբեր ուռուցքը, եւ կարելի՞ է արդյոք կանգնեցնել այն։

Հետազոտողները ժամանակի ընթացքում (երբ դրանք ցածր դասից անցել են բարձրի, ինչպես նաեւ բուժումից առաջ եւ հետո) հավաքել են գլիոմայի բազմաթիվ նմուշներ։ Այնուհետեւ նրանք ուսումնասիրել են, թե ինչպես են բջիջները փոխվում ու հարմարվում, որպեսզի հասկանան, թե կարելի է արդյոք գտնել դրանք կանգնեցնելու միջոցներ՝ նոր դեղեր օգտագործելով։

Մուտացիան եւ մինչ այժմ անհայտ բջջային փոխգործակցություններն այժմ կարող են ուղղվել նոր դեղամիջոցների ստեղծմանը, որոնք կկանգնեցնեն ուռուցքային բջիջների աճը եւ դրանց հարմարումը բուժմանը։ Այսպիսով, հետազոտությունը ուսումնասիրման նոր ուղիներ է բացել, ինչը կարող է հանգեցնել ավելի արդյունավետ դեղերի ստեղծմանը, որոնք կարելի կլինի առաջարկել պացիենտներին։

news.am