Կառավարությունը մտադիր է գնալ պետական բուհերի խոշորացման. Հայաստանում կլինի 8 պետական բուհ
Advertisement 1000 x 90

Կառավարությունը մտադիր է գնալ պետական բուհերի խոշորացման. Հայաստանում կլինի 8 պետական բուհ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումների մեկնարկը այլևս չի կարելի հետաձգել: Վարչապետն այդ մասին ասաց Կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթում:

«Ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա սրա համար: Այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր են մնացել: Ընդ որում, պետական բուհերում թափուր է մնացել տեղերի ավելի քան 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը: Չնայած կան պետական բուհեր, որոնցում վիճակագրությունը մոտ է մասնավորի ցուցանիշներին: Այսինքն, ունենք պետական բուհեր, որտեղ պետությունը հատկացրել է տեղեր և 90, 92, 94, 98 տոկոսով թափուր են մնացել»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի բուհերը թե ֆիզիկական ենթակառուցվածքի, թե կրթական պրոցեսի մակարդակով հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:

«Երկրում կամ չկան բուհական ստանդարտներ, կամ չեն գործում: Բարձրագույն կրթությամբ դիպլոմով մարդիկ հաճախ անմրցունակ են աշխատաշուկայում»,- ասաց վարչապետը:

Նա  հայտնեց, որ Կառավարությունը այս ոլորտում մտադիր է գնալ բուհերի խոշորացման որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ:

«Այդ բուհերը լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին՝ սկսած կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված և պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը»,– եզրափակեց Փաշինյանը:

Փաշինյանը նաև հավելեց, որ Կառավարությունը արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: «Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ Աշտարակում և  միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: Մեր բուհերը, ըստ այդմ, պետք է գրավիչ լինեն ոչ միայն հայաստանյան, այլ նաև օտարերկրյա ուսանողների համար: Եվ  օտարերկրացի ուսանողների թվի շարունակական ավելացումը մեր բուհական համակարգի մրցունակության ամենավստահելի ցուցիչը պետք է դառնա»,- ասաց Փաշինյանը: