COVID-19-ի հայտնաբերումից ավելի քան երկուսուկես տարի անց եւ այն պնդումներից հետո, որ վարակի աղբյուրները Չինաստանում չղջիկներն են, Թել Ավիվի համալսարանի հետազոտողներն ասել են, որ այդ կապը համավարակի եւ թռչող կաթնասունների միջեւ «բավականաչափ ամուր գիտական ապացույցների վրա հիմնված չեն», եւ անհարկի սթրես եւ խառնաշփոթ է առաջացրել ամբողջ աշխարհում»:
Հետազոտական թիմը ոլորտի տասնյակ առաջատար հոդվածներ եւ հետազոտություններ է վերլուծել, իսկ բացահայտումները հրապարակվել են iScience ամսագրում՝ «Պարադիգմը վերանայվել է. արդյոք իսկապես չղջիկներն են պաթոգենների ռեզերվուարները, թե՞ նրանք արդյունավետ իմունային համակարգ ունեն» վերնագրով։
«Թյուր կարծիք կա, որ չղջիկները բազմաթիվ վարակիչ հիվանդությունների ռեզերվուարներ են՝ միայն այն պատճառով, որ դրանք շճաբանորեն դրական են. այլ կերպ ասած, նրանք հակամարմիններ ունեն, ինչը նշանակում է, որ չղջիկները տարել են հիվանդությունը եւ իմունային պատասխան են զարգացրել,- ասել է հետազոտող բժիշկ Մայա Վայնբերգը:- Դրանից հետո նրանք ամբողջությամբ հաղթահարել են վիրուսը եւ անջատվել են նրանից, ուստի նրանք այլեւս դրա կրողները չեն»։
«Մեր համապարփակ հետազոտությունը լուրջ կասկածներ է առաջացնում, որ չղջիկները կարող են COVID-19-ի բռնկման աղբյուրը լինել։ Ստացված արդյունքներից հակառակ տեսակետ է առաջանում, ըստ որի մենք պետք է խորապես ուսումնասիրենք չղջիկների իմունոլոգիական հակավիրուսային հնարավորությունները եւ այդպիսով մարդկության՝ վարակիչ հիվանդությունների, ծերացման եւ քաղցկեղի դեմ պայքարի նոր եւ արդյունավետ միջոցներ գտնենք»,- եզրափակել են հետազոտողները։