«Դետեկտիվ Ալենը» տիկնիկային ներկայացման գլխավոր հերոսը հետախույզ Սմիթն է, որը որոշում է իրականացնել իր երազանքն ու նվաճել աշխարհը: Նա վստահ է, որ դա անելու համար անհրաժեշտ է լինել աշխատասեր, ընթերցասեր, խելացի և ամենագլխավորը՝ բարի, կարեկից:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ներկայացումը, որի հիմքում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Ոսկե արծիվ շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեքիաթներն են, Մարգարյանի մահվան օրը՝ սեպտեմբերի 30-ին, համալրեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի խաղացանկը:
Առաջնախաղին դահլիճում ներկա և՛ փոքրիկները, և՛ մեծահասակները բուռն էին արձագանքում՝ հետևելով գլխավոր հերոսի հետաքրքիր ճամփորդությանը:
Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, խոստովանեց, որ սեպտեմբերի 30-ը իր կյանքի ամենատխուր օրացույցային օրն է վերջին երկու տարում, քանի որ իր որդին հենց այդ օրն է անմահացել՝ դառնալով հավերժի ճամփորդ: «Մի փոքր լույս ծագեց նրա միջոցով, քանի որ նա անմահացավ երկրորդ անգամ արդեն տիկնիկային ներկայացման և Ալեն տիկնիկի միջոցով: Ներկայացման ծնունդը և այն փաստը, որ Ալենը մեկ անգամ ևս հավերժանում է՝ յուրաքանչյուր մանկան սրտում տեղ գտնելով, հուզիչ է: Համոզված եմ, որ այս բեմադրությունը լավագույն նվերն է լինելու բոլոր մանուկների համար»,-նշեց Տերտերյանը:
Նազելի Տերտերյանի խոսքով՝ Ալենը ստեղծագործում էր՝ առակներ, պիեսներ էր գրում, ֆիլմեր նկարում: «Դեռ մանուկ տարիքում նրա ստեղծագործական ջիղն ի հայտ էր գալիս տարբեր առիթներով: Նա դեռ գրաճանաչ չէր, երբ աշնան մի երեկո, երբ անձրևախառն եղանակ էր, փոքրիկ մի տերև ընկավ պատուհանագոգին: Ալենը կտրուկ արձագանքեց ու խնդրեց, որ տերևը ներս բերենք: Նա պատմություն հորինեց տերևի մասին ու խնդրեց, որ գրի առնեմ այն»,-պատմեց Ալենի մայրը:
Ամբողջությամբ՝ armenpress.am