Դերասանուհի Դիանա Մալենկոն Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում մարմնավորում է մանուշակագույն մազերով և փիրսինգով Լիզին: ԱՄՆ-ում մեծացած աղջիկն իր ըմբոստությամբ և անկախությամբ գրավել է Դիանային ու իր ուրույն տեղը գտել դերասանուհու կերպարների մեջ: Tert.am Life-ը Դիանայի հետ զրուցել է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ու իր կերպարի մասին:
-Դիանա, գիտեմ, որ առանձնահատուկ վերաբերմունք ունես կերպարիդ՝ Լիզի հանդեպ: Ի՞նչ էր քեզ համար նշանակում Լիզին մարմնավորելը:
– Ի սկզբանե «Կյանք ու կռվի» երկու մասերի նախագիծը մեկն էր: Երբ կարդացի ընդհանուր սցենարը, երազում էի, որ ինձ բաժին հասնի Լիզի դերը: Ինձ համար կարևոր էր, որ հանդիսատեսը տեսնի ոչ թե արտաքին գովազդը, այլ բովանդակությունը:
Որպես դերասանուհի՝ Լիզի կերպարը բոլոր հնարավորությունները տալիս էր բացվելու, աճելու, իրական լինելու: Այդ խենթ աղջիկն իր մեջ շատ շերտեր ունի:
-Նա քեզ այդքան հարազատ էր, հոգեվիճակի մեջ կարողացար մտնել, որովհետև իրականում ինքդ էլ ունե՞ս այդ խենթությունը:
– Լիզն այն քիչ տեսակն է, որն իրոք պակասում է մեր երիտասարդության մեջ: Շատ կուզեմ երիտասարդությունը մի փոքր վարակվի Լիզից: Մենք ասում ենք՝ մեր երիտասարդներն ազատ են, անկեղծ, ասում են այն, ինչ մտածում են, չեն վախենում, բայց այդպես չէ: Գժություն չկա հայ երիտասարդության մեջ:
Իմ մեջ կա այդ խենթությունը, ամենասյուռ տեղերում ճիշտն ասելու ունակությունը: Սակայն ես նախանձում եմ Լիզին, որովհետև ես այդքան համարձակ չեմ, որքան ինքն է: Ուզում եմ, որ ինքն ինչ-որ բան փոխի իմ մեջ:
-Ֆիլմում Լիզը փոխվում է նաև արտաքնապես. մանուշակագույն մազերով ու փիրսինգով աղջիկը դառնում է Դիանա Մալենկոյի առօրյա կերպարն ու բնորոշվում որպես ախմախ հաղորդավարուհի:) Փոփոխության հետ համաձա՞յն էիր:
-Այդ արտահայտությունը ներքին հումոր է, որը միշտ անում է Մհերը: Սցենարում մեր առօրյայից այլ հումորներ էլ էին ներառված:
Ինչ վերաբերում է անցմանը՝ ինձ ավելի հոգեհարազատ է Լիզը մանուշակագույն մազերով, քան ախմախ հաղորդավարուհու:) Ինձ հոգեհարազատ են Լիզի խոսքը, մի քիչ խենթ բնավորությունը, սակայն փոփոխությունը պետք էր: Լիզը պետք է փոխվեր և հասկանար, որ սխալվել է, երբ ասել է՝ դուք գեղ եք: Ֆիլմում հակասում էին Լիզի արտաքինն ու բովանդակությունը, փոփոխությունից հետո կրկին հակասություն կլիներ: Ներքին փոփոխության հետ կերպարային փոփոխությունը պարտադիր էր:
Ամբողջությամբ՝ life.tert.am