Ինչու են մարդիկ գիրանում վերամշակված սննդից
Advertisement 1000 x 90

Ինչու են մարդիկ գիրանում վերամշակված սննդից

Եթե ​​մարդու սննդակարգը բաղկացած է ծայրահեղ վերամշակված մթերքներից, ապա նա օրական 500 կալորիա ավելի շատ է օգտագործում, քան այն դեպքում, երբ սննդակարգում ներառված է նվազագույն մշակված սնունդ։ Սրանք ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետազոտության արդյունքներ են, որոնք հրապարակվել են «Cell Metabolism» ամսագրում:

Սա առաջին պատահական փորձարկումն է, որն ուսումնասիրում է ծայրահեղ վերամշակված մթերքների ազդեցությունը: Վերամշակված մթերքները փաթեթավորված մթերքներ են, որոնք պարունակում են ավելացված շաքարներ, զտված ածխաջրեր, արդյունաբերական ճարպեր, նատրիումի եւ սինթետիկ բուրավետիչներ ու կոնսերվանտներ:

«Չնայած մենք ուսումնասիրել ենք մի փոքր խումբ մարդկանց, այս փորձի արդյունքները երկու սննդակարգերի միջեւ հստակ տարբերություններ են ցույց տվել: Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս պատճառահետեւանքային կապ. գերմշակված մթերքները ստիպում են մարդկանց չափազանց շատ կալորիաներ ուտել եւ գիրանալ», – ասում է հետազոտության առաջատար հեղինակ Քեւին Հոլը:

Փորձին մասնակցել է 20 առողջ չափահաս կամավոր (10 տղամարդ եւ 10 կին, որոնց միջին տարիքը եղել է 31): Չորս շաբաթ նրանք ապրել են հետազոտական ​​կենտրոնում, որտեղ երկու շաբաթ (պատահական կարգով) սնվել են միայն ուլտրամշակված կամ հակառակը՝ նվազագույն մշակված մթերքներով։ Սննդի երկու խմբերն էլ պարունակում էին համարժեք կալորիաներ, շաքար, մանրաթել, ճարպ եւ ​​ածխաջրեր: Մասնակիցները կարող էին ուտել այնքան, որքան ցանկանում էին:

Վերամշակված մթերքներով սննդակարգը ակնհայտ անառողջ մթերքներ չի պարունակում: Հետազոտողների առաջարկած մթերքներից շատերն օգտագործվում են ամեն օր եւ համարվում սննդարար՝ նախաճաշի շիլաներ, կեքսեր, սպիտակ հաց, քաղցր մածուն, ցածր յուղայնությամբ կարտոֆիլի չիփսեր, պահածոներ, վերամշակված միս, մրգային հյութեր եւ դիետիկ ըմպելիքներ:

Երկրորդ սննդակարգը հիմնված էր նվազագույն վերամշակմամբ մթերքների օգտագործման վրա՝ թարմ մրգեր եւ բանջարեղեն, ձու, լոբազգիներ, տապակած հավ, ձուկ եւ տավարի միս, ինչպես նաեւ ամբողջական ձավարեղեն, ընկույզ եւ սերմեր:

Ամենաապշեցուցիչ բացահայտումն այն էր, որ, ծայրահեղ վերամշակված սնունդ ուտելիս, մասնակիցները ստացել են օրական 500 հավելյալ կալորիա՝ հիմնականում ածխաջրերից եւ ճարպերից: Սա պատճառ է դարձել միջինը մոտ 1 կիլոգրամ հավելյալ քաշի՝ երկու շաբաթվա ընթացքում:

Հետազոտողները պարզել են, որ, չմշակված սնունդ օգտագործելիս, ախորժակը ճնշող հորմոնի մակարդակն ավելացել է, իսկ գրելինի (որը խթանում է քաղցը) մակարդակը՝ նվազել։

Հետազոտողները կարծում են, որ ուլտրամշակված եւ չմշակված մթերքներից կազմված սննդակարգերի միջեւ սպիտակուցի մակարդակի որոշ տարբերություններ կարող են բացատրել կալորիաների ընդունման տարբերության ընդհուպ կեսը:

news.am