Գտնվել է բակտերիալ սպիտակուց, որը կարող է թափանցել ենթաստամոքսային գեղձ եւ նրա բջիջները բերել այնպիսի վիճակի, որում նրանք սկսում են ակտիվորեն բազմանալ։ Դա նվազեցնում է առաջին տեսակի դիաբետի առաջացման հավանականությունը, տեղեկացրել է Օրեգոնի նահանգի համալսարանի (UO) մամուլի ծառայությունը։
«BefA սպիտակուցի հայտնաբերումը հետաքրքիր շատ հետեւանքներ ունի։ Եթե մենք հասկանանք, թե ինչպես է աշխատում բակտերիալ պեպտիդը, դա թույլ կտա մեզ ստեղծել միջոցներ, որոնք կխթանեն ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների աճն ու վերականգնումը, որոնք պատասխանատու են ինսուլինի արտադրման համար»,- ասել է UO-ի պրոֆեսոր Քարեն Գայլմենը։
Գոյություն ունեն մի շարք ծանր հիվանդություններ, ինչպիսին են գայլախտը եւ առաջին տեսակի դիաբետը, որոնց առաջացման պատճառը իմունիտետի աշխատանքի խափանումներն են, որոնք ստիպում են նրա բջիջներին գրոհել մարդու տարբեր օրգաններն ու մարմնի հյուսվածքները։ Հետազոտողների կարծիքով՝ դրանք վիրուսային վարակների, ինչպես նաեւ գեների աշխատանքում ինչ-որ խախտումների հետեւանք են։
Պրոֆեսոր Գայլմենը եւ նրա գործընկերներն արդեն մի քանի տարի փորձում են հասկանալ, թե ինչպես կարող է մարդու միկրոֆլորան կապված լինել առաջին տեսակի դիաբետի առաջացման հետ։ Վերջին տարիներին գիտնականները բացահայտել են մի շարք վկայություններ հօգուտ այդ կապի առկայության, բայց միկրոֆլորայի մանրէների ազդեցության մեխանիզմը իմունիտետի աշխատանքի եւ ենթաստամոքսային գեղձի վրա նրանց համար հանելուկ էր մնում։