Ցավը խթանում է օրգանիզմում պաշտպանական մեխանիզմները․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ցավը խթանում է օրգանիզմում պաշտպանական մեխանիզմները․ հետազոտություն

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները մկների վրա արած փորձերի ընթացքում հայտնաբերել են, որ մկների աղիքներում ցավային նեյրոնները նորմալ պայմաններում կարգավորում են պաշտպանիչ լորձի առկայությունը եւ խթանում են աղիքային բջիջները՝ բորբոքման ժամանակ ավելի շատ լորձ արտազատելու համար:

Cell ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականներն ասում են, որ աղիները եւ շնչառական ուղիները պարունակում են գավաթանման բջիջներ, որոնք արտազատում են լորձ՝ բաղկացած սպիտակուցներից եւ շաքարներից։ Այն գործում է որպես պաշտպանիչ ծածկույթ, որը օրգանների մակերեսը պաշտպանում է վնասումներից:

Գիտնականները պարզել են, որ գավաթանման բջիջների մակերեսները պարունակում են RAMP1 ռեցեպտոր, որը պատասխանատու է ցավի նեյրոններին բջջի արձագանքի համար։ Նեյրոնները ակտիվանում են սննդային եւ մանրէաբանական ազդանշանների, մեխանիկական ճնշման, քիմիական գրգռման կամ ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետեւանքով:

Այս ռեցեպտորները կապված են ցավի նեյրոնների կողմից ազատված CGRP քիմիական նյութի հետ: Հետազոտողները պարզել են, որ RAMP1-ը առկա է նաեւ մարդու եւ մկան գավաթանման բջիջներում, ինչը նրանց զգայուն է դարձնում ցավի ազդանշանների նկատմամբ:

Մկները, որոնց մոտ բացակայել են կամ ցավային նեյրոնները, կամ CGRP-ը, ավելի ընկալունակ են եղել աղիքների բորբոքման հանդեպ: Երբ հետազոտողները ցավի ազդանշանային CGRP են տվել կենդանիներին առանց ցավի նեյրոնների, նրանք տեսել են լորձի արտադրության արագ բարելավում:

Այս բացահայտումը ցույց է տալիս, որ CGRP-ն ազդանշանային կասկադի հիմնական նախաձեռնողն է, որը հանգեցնում է պաշտպանիչ լորձի արտազատման:

news.am