Թասմանիայի համալսարանի (Ավստրալիա) գիտնականներն ավարտել են Անտարկտիդայի մոտակայքում գտնվող Սկոտիյա ծովի հատակին հայտնաբերված հնագույն ԴՆԹ-ի նմուշների ուսումնասիրության առաջին փուլը: ԴՆԹ-ի նմուշները ձեռք են բերվել ծովի հատակի հորատման ժամանակ դեռևս 2019 թվականին, սակայն անհրաժեշտ էր մեծ ջանքեր գործադրել դրանք ժամանակակից հնարավոր խառնուրդներից և աղտոտվածությունից մաքրելու համար։ Այժմ գիտնականները կարող են հաստատել, որ հայտնաբերված ԴՆԹ-ն գիտության պատմության մեջ ամենահներից մեկն է՝ դրա տարիքը մոտ 1 միլիոն տարի է։ Ցածր ջերմաստիճանը, ուլտրամանուշակագույն ճառագայթների և թթվածնի բացակայությունը Անտարկտիդայի հատակը դարձնում են հնագույն կենսաբանական նյութերի իդեալական «մառան»:
Այնուամենայնիվ, կլիմայի փոփոխության տեսանկյունից Անտարկտիդան համարվում է ամենախոցելի վայրերից մեկը, քանի որ գրեթե ամբողջությամբ ծածկված է սառույցով: Տարբեր ժամանակաշրջաններում սառույցի հալոցքի ինտենսիվությունից արմատապես փոխվել է մայրցամաքի բուսական և կենդանական աշխարհը։ Հնագույն ԴՆԹ-ի հայտնաբերման շնոհիվ հնարավոր է հետևել այս գործընթացների օրինաչափություններին և դրանց հիման վրա որոշակի կանխատեսումներ անել:
Նշված ԴՆԹ-ի հետ միասին Սկոտիյա ծովի հատակին հայտնաբերվել են մոտ կես միլիոն տարեկան դիատոմային ջրիմուռների հետքեր։ Դրանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Անտարկտիդան ունեցել է ուժեղ տաքացման մի քանի շրջան, որոնց ընթացքում ծովի մակարդակը բարձրացել էր, և կյանքն այնտեղ սկսել էր եռալ։ Նման տաքացման վերջին շրջանը տեղի էր ունեցել ընդամենը 14,5 հազար տարի առաջ՝ երբ երկրագնդի վրա արդեն ապրում էին բանական մարդիկ։
Այժմ հետազոտողները ուսումնասիրում են հայտնաբերված ԴՆԹ-ի նմուշները՝ անցյալում այլ կլիմայական փոփոխությունների հետքեր գտնելու համար: Հավանական է, որ մենք առայսօր սխալ ենք գնահատել այս տարածաշրջանի էկոհամակարգի մոդելը․Անտարկտիդայում տեղական, բայց լայնածավալ փոփոխությունները կարող են հաճախակի և անկանխատեսելի բնույթ ունենալ։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը