Biotech ստարտափ TurtleTree-ն ասում է, որ կարող է կաթ ստեղծել կաթնասունների բջիջների միջոցով: Նման կաթը, վստահ են ընկերությունում, սովորական կաթին ավելի լավ այլընտրանք կլինի, քան բուսական կաթը։
Այժմ TurtleTree-ն 40 աշխատատեղերի համար սեփական հետազոտությունների և զարգացման կենտրոնի կառուցման վերջին փուլում է: Հաստատությունը նախատեսվում է բացել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, թեև պաշտոնական ժամկետ դեռևս չի նշվում:
TurtleTree ստարտափի գաղափարը ծնվել է 2019 թվականին Սինգապուրում։ 2020-2021 թվականներին TurtleTree-ն հավաքեց իր առաջին 40 միլիոն դոլարի վենչուրային կապիտալի ֆինանսավորումը: TurtleTree-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ֆենգրու Լինը նշել է, որ գումարը թույլ կտա ընկերությանը շարունակել արտադրանքի հետազոտությունն ու առևտրայնացումը:
Բջջային կաթի արտադրության տեխնոլոգիան սկսվում է կաթնագեղձի բջիջների արտադրությամբ: Այս բջիջները տարածվում են լաբորատորիայում, այնուհետև տեղադրվում են հատուկ լակտացիոն միջավայրում՝ տարբեր բաղադրիչներից պատրաստված հեղուկ, որը, բնականաբար, առկա է կենդանի կաթնասունների մոտ: Այնուհետև բջիջներն այս լակտացիոն միջավայրը վերածում են կաթի:
Լինը պնդում է, որ բջջային կաթը հարմար կլինի սպառողների համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող սովորական կաթ խմել (ներառյալ՝ լակտոզայի անհանդուրժողականություն ունեցող մարդիկ), և կլուծի շրջակա միջավայրի և կենդանիների դաժանության հետ կապված խնդիրները: Այլընտրանքային կաթնամթերք արդեն գոյություն ունի, սակայն Լինն ասում է, որ բուսական կաթը պարունակում է ավելի քիչ կարևոր սպիտակուցներ, քան կովինը: Բացի այդ, բջջային կաթի համը սովորական կաթից չի տարբերվում:
«ԱՄՆ արևմտյան և արևելյան ափերի որոշ սպառողներ կարող են ապրանք գնել, քանի որ այն առողջարար է կամ էկոլոգիապես մաքուր, բայց համը կազդի մեծամասնության ընտրության վրա: Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կրկին կպատրաստենք ուտելիք, որն ուրախացնում է, և այդ ժամանակ կաթնամթերքի ոլորտում հեղափոխությունն իսկապես կսկսվի»,- ասում է Լինը:
Այժմ ստարտափի նպատակները ներառում են կաթի արտադրության արժեքի նվազեցում, ինչպես նաև ԱՄՆ Սննդի և դեղերի դաշնային գործակալության կողմից թույլտվություն ստանալը։ Ապագայում TurtleTree-ն ակնկալում է գրավել կաթնամթերքի ավանդական շուկայի զգալի 5%-10% մասնաբաժին և նախատեսում է դառնալ սննդի արդյունաբերության «ամենամեծ խաղացողներից մեկը»:
Սիրարփի Աղաբաբյան