«Մենք հարգում էինք Հայաստանի երկարամյա դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղն ունի ինքնորոշման իրավունք, այդ սկզբունքն այսօր էլ կարևոր է». Ջեյմս Ուորլիք (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մենք հարգում էինք Հայաստանի երկարամյա դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղն ունի ինքնորոշման իրավունք, այդ սկզբունքն այսօր էլ կարևոր է». Ջեյմս Ուորլիք

168TV«Ռեվյու» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ, ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ուորլիքի հետ:

Ամերիկացի դիվանագետի պատասխանները, Արցախյան հակամարտության ամենածանր փուլում, ցույց են տալիս, որ բանակցային նախորդ տասնամյակների ընթացքում միջազգային հանրության համար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել է ընդունելի ու հարգված սկզբունք, միջազգային հանրության ընկալումն այն է եղել, որ հայկական կողմը, այսինքն՝ ՀՀ նախկին իշխանությունները, պայքարել են Արցախի ինքնորոշման իրավունքի և ոչ Ադրբեջանի կազմում թողնելու կամ ճանաչելու համար:

Դեսպան Ուորլիքի դիտարկումներն արժեքավոր են՝ հասկանալու համար նաև այն, որ որքան էլ հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում հայկական դիվանագիտության դիրքերը թույլ են՝ ի տարբերություն Ադրբեջանի, որքան էլ ՀՀ իշխանությունները միջազգային մակարդակով չեն հնչեցնում ինքնորոշման իրավունքի անհրաժեշտության և կենսական նշանակության մասին, կա ընկալում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դիտարկելի ու կարևոր է նաև այսօր։ Ավելին, Արցախից հնչող բոլոր ուղերձները հասկանալի ու ընկալելի են աշխարհի համար:

– Պարոն դեսպան, սկսենք մեր տարածաշրջանի համար ամենաակտուալ թեմայից. Հայաստանն ու Ադրբեջանը շուրջ մեկ տարի ակտիվ բանակցային գործընթաց են վարել Բրյուսելի և ԱՄՆ-ի հովանու ներքո։ Այս փուլում ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ համաձայն են նաև ռուսական առաջարկների հետ, վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն առաջարկել է շրջանակային համաձայնագիր ստորագրել Վաշինգտոնում կայացած վերջին նախարարական հանդիպման ժամանակ։ Ընկալում և տպավորություն կա, որ արևմտյան գործընթացը տապալվում է։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում Արևմուտքի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը։

– Ուրախալի է տեսնել, որ կողմերը ներգրավված են մնում շրջանակի ու վերջնական կարգավորման գործընթացում: Սա կարևոր է: Այս հարցերից ոչ մեկը հեշտ չէ, սրանց վրա աշխատելու համար ժամանակ է պահանջվում, և ոգևորիչ է տեսնել, որ Վաշինգտոնը, ինչպես նաև եվրոպացիները, և, իհարկե, Մոսկվան ներգրավված են: Ի վերջո, հայերի ու ադրբեջանցիների պատասխանատվությունն է հասնել համաձայնության, նրանք պարզապես պետք է աշխատեն այս հարցերի շուրջ բարեխղճորեն:

– Տարեվերջին կհաջողվի՞ ստորագրել, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիր:

– Ես չեմ հավատում, որ համապարփակ Խաղաղության համաձայնագիր հնարավոր է կարճաժամկետ հեռանկարում: Կան հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն առաջին հերթին: Առաջին կարևոր հարցը, և հատկապես հայերի համար, ԼՂ կարգավիճակի հարցն է, որը մնում է ապագային: Բայց կան նաև այլ հարցեր, հաղորդակցությունները, բնական ռեսուրսները, փախստականների հարցը: Այս բոլորը պետք է բանակցվեն: Մեկ այլ հարց, որը ևս դեռ պետք է լուծվի՝ դա փաստացի հայ-ադրբեջանական սահմանն է, և ես կարծում եմ, որ կարևոր է խուսափել ապագա հակամարտությունից՝ լուծելով այդ հարցը։ Դա անելու եղանակները պետք է ընդունելի լինեն կողմերի համար:

– Ինչպես ճշգրտորեն նշեցիք, ամենածանր հարցերից մեկը ԼՂ կարգավիճակի հարցն է: Գործընթացի տրամաբանությունը ցույց է տալիս, որ գուցե ԼՂ-ն նստի Ադրբեջանի հետ բանակցային սեղանի շուրջ։ Սակայն Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Ղարաբաղի ժողովուրդն Ադրբեջանի քաղաքացիներ են: Արցախի ժողովրդի համար ինչպիսի՞ կարգավիճակն եք Դուք համարում անվտանգ, և ըստ Ձեզ՝ ի՞նչ կարգավիճակի շուրջ համաձայնություն կարող է լինել այս ձևաչափով քննարկումների արդյունքում:

– Կարծում եմ՝ նախագահ Ալիևը (ես չեմ ցանկանում նրա փոխարեն խոսել) խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, և նրա տեսակետն ամենաքիչն այն է, որ Լեռնային Ղարաբաղն ինքնիշխան Ադրբեջանի տարածքի մասն է, և սա հստակ նրա մտքում է: Բայց դա ամենևին չի նշանակում, որ չպետք է լինի բանակցություն ԼՂ-ի կարգավիճակի շուրջ: Սա, ինչպես նաև այլ հարցերի քննարկումներ պետք է տեղի ունենան, և բոլորը պետք է զուգահեռաբար լինեն: Կարգավիճակի հարցն այն հարցն է, որը պետք է պաշտպանի ԼՂ բնակիչների իրավունքները՝ ապահովելու համար նրանց ապագա պաշտպանվածությունը:

Ես լիովին հասկանում եմ, որ ԼՂ ժողովուրդը չափազանց կասկածամիտ է լինելու Ադրբեջանի օրենքի ներքո ապրելու տեսանկյունից: Հենց այդ պատճառով կարևոր է, որ կարգավիճակի հարցի շուրջ քննարկումները տեղի ունենան, դա պետք է երաշխավորվի միջազգային հանրության կողմից: Սա պարզապես Հայաստանի ու Ադրբեջանի համար չէ, հենց այդ պատճառով կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ը, Եվրոպան, ռուսները, թուրքերը ներգրավված լինեն ու ապահովեն, որ լինի կարգավիճակ: Ես լիովին հասկանում եմ, ես լսել եմ ԼՂ դե ֆակտո ԱԳ նախարարին, ով այս հարցի մասին խոսելիս նշում է, որ ադրբեջանցիներին չեն կարող վստահել: ԱՄՆ նախկին նախագահ Ռեյգանն ասացվածք ուներ. «Վստահիր, բայց ստուգիր»: Ինչ համաձայնություններ էլ որ ձեռք բերվեն, այն պետք է երաշխավորվի միջազգային հանրության կողմից:

– Ձեր կարծիքով՝ ԼՂ ժողովրդի ինքնորոշման հնարավորություն այլևս չկա՞:

– Ոչ, ես այդպես չեմ կարծում: Սա բարդ հարց է, բայց Հելսինկյան սկզբունքներն օրակարգում են, և այդ շարքում ամենակարևոր սկզբունքներից մեկն ինքնորոշման իրավունքն է: Եվ գիտե՞ք, ադրբեջանցիները մշտապես ընդունել են դա: Թե դա հստակորեն ի՞նչ է նշանակում ԼՂ կոնտեքստում, պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ և ներառի քննարկում ԼՂ, այսպես կոչված, իշխանությունների, ինչպես նաև ԼՂ ժողովորդի հետ: Սա կարևոր որոշում է, նրանց ճակատագիրն է որոշվում այս բանակցային գործընթացով:

– ՀՀ իշխանությունները կարծում են, որ ապագա Խաղաղության համաձայնագիրը պետք է ունենա ոչ միայն միջնորդ, այլև երաշխավոր կամ երաշխավորներ, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե չկա երաշխավոր, ապա տեսականորեն և պրակտիկորեն կարելի է ստորագրել Խաղաղության համաձայնագիր և դրանից 12 ժամ անց՝ պատերազմ կարող է սկսվել: Ըստ Ձեզ, ԱՄՆ-ը պատրա՞ստ է լինել երաշխավոր:

– Ես չեմ կարող ԱՄՆ-ի անունից խոսել, բայց վարչապետ Փաշինյանը ճիշտ է, որ պետք է միջազգային երաշխիք, ինչ համաձայնություն էլ որ չկայացվի: Ես կարծում եմ, որ տեղում պետք են միջազգային խաղաղապահներ և ոչ միայն ռուսական խաղաղապահներ: Կարծում եմ՝ պետք է նաև հանձնառություն՝ խաղաղապահ ուժեր տրամադրելու համար, որը պարտադիր չէ, որ նշանակի զինված զորքեր: Բայց նմանատիպ միջազգային ներկայություն հարկավոր է՝ երաշխավորելու համար խաղաղությունը: Ըստ իս, եվրոպացիները և այլք պետք է մասնակցեն: Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանի կողմից սխալ է ասելը, որ նա ողջունում է ռուսական խաղաղապահներին հաջորդ երկու տասնամյակների համար: Լավ, ինչպե՞ս կարող ես դու նման բան ասել, երբ տեղում չկա շրջանակ, Խաղաղության համաձայնագիր: Ես կասեի, որ խաղաղապահ ուժերի հարցը որոշելուց առաջ պետք է լինի շրջանակ, շարունակական քննարկում այն հարցերի շուրջ, որոնք մենք նշեցինք:

Արդյո՞ք կառուցողական եք համարում նման բարդ հակամարտության շուրջ բանակցելը աշխարհաքաղաքական հարաբերությունների նման բարդ փուլում և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում՝ խաղալով երկու դաշտերում: Սա ռիսկային չէ՞:

– Սա բարդ ժամանակաշրջան է և ավելի բարդ է ռուսների համար: Բայց երևում է նաև, որ Սոչիում երկու ղեկավարների հանդիպումն արդյունավետ էր: Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել փակ դռների ետևում, բայց այն փաստը, որ ղեկավարները համաձայնել են ուժի չկիրառմանը ապագայում հակամարտությունը լուծելու համար, սա էական է: Կարծում եմ, որ ռուսները սեղանին իրական կարևորության հարցեր են դրել, ինչպիսին կարգավիճակն է և ԼՂ բնակչության պաշտպանությունը: Քննարկումները, որոնք տեղի են ունենում Վաշինգտոն, Սոչիում և այլ վայրերում, շատ բարդ է իմանալ, և որպես ԵԱՀԿ ՄԽ գործընթացով բանակցող, ես կարող եմ ասել, որ շատ բան է տեղի ունեցել փակ դռների ետևում: Դրսից մենք պետք է ոգևորվենք, որ քննարկումները տեղի են ունենում հատկապես մի իրավիճակում, երբ տեսնում ենք միջազգային իրարանցում, և միայն Ուկրաինան չէ խնդիրը, կան շատ այլ գործընթացներ ողջ աշխարհում, որոնք ուշադրությունը հակամարտությունից հեռացնում են:

– Ստացվում է, որ ԼՂ ժողովրդի կարգավիճակի հարցն այն կետն է, որի շուրջ կարող է լինել կոնսենսուս Ռուսաստանի ու Արևմուտքի միջև:

– Կարծում եմ՝ բոլորը ցանկանում են պաշտպանել ԼՂ ժողովրդի իրավունքները: Ադրբեջանի կազմում կարգավիճակը պետք է հստակորեն և զգուշորեն որոշվի, դա պետք է լինի շարունակական բանակցությունների առարկա: Եթե սա դնենք Ադրբեջանի նախագահի առջև, նա կասի, որ նա հանձնառու է պաշտպանել մարդկանց իրավունքները, որոնք բնակվում են ԼՂ-ում: Բայց մենք (կարծում եմ՝ հակամարտության կողմերից ոչ մեկը) չենք ցանկանում տեսնել հակամարտության բռնկում, և նրանց նախընտրում են տեսնել կարգավորված խաղաղ բանակցային սեղանի շուրջ:

Վերջին վեց ամիսների ընթացքում ԱՄՆ-ի կողմից աննախադեպ հետաքրքրություն է նկատվում հայ-ադրբեջանական գործընթացի նկատմամբ։ Մենք հաճախակի հեռախոսազանգեր ենք տեսնում պետքարտուղարից, նախարարների հանդիպումներ ԱՄՆ-ում՝ Վաշինգտոն, Նյու Յորք, այդ թվում՝ հանդիպում Սպիտակ տանը։ Ինչո՞վ է պայմանավորված այս փուլում ԱՄՆ-ի կողմից նման հետաքրքրությունը, կամ գուցե սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը փոխո՞ւմ է արտաքին քաղաքական կողմնորոշումը Ռուսաստանից դեպի Արևմուտք:

– Ոգևորիչ է տեսնել ԱՄՆ ներգրավվածությունն այս հարցերի շուրջ: Կարծում եմ՝ Թրամփի վարչակազմի օրոք այլ առաջնահերթություններ կային: Անկեղծ ասած, Բայդենի աշխատակազմի գործունեության սկզբնական փուլում ևս այլ հարցեր կային: ԱՄՆ-ը երկարաժամկետ հետաքրքրություն ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու հարցի նկատմամբ: Հայաստանն ԱՄՆ-ի համար լավ բարեկամ է շատ երկար ժամանակ, ինչպես լավատեղյակ եք, ԱՄՆ-ում կա հայ-ամերիկյան մեծ համայնք: Մենք ունենք լավ հարաբերություններ նաև Ադրբեջանի հետ, և դա միայն էներգետիկ հարցերով չէ պայմանավորված: Մենք երկար ենք համագործակցել նրանց հետ, այլ ոլորտներում ևս, ինչպիսին, օրինակ՝ ահաբեկչության դեմ պայքարն է: Մենք չենք ցանկանում այս երկու երկրներին տեսնել միմյանց հետ հակամարտության մեջ:

Տարածաշրջանի ժողովրդի համար չկա ավելի լավ բան, քան տևական խաղաղությունը, որը կբերի իրական խաղաղություն ու անվտանգություն: Դրա հետ գալիս է նաև բարեկեցությունը: Ահռելի մարդկային, ֆինանսական ռեսուրսներ կորսվել են այս հակամարտության պատճառով: Սա շատ տխուր է…

Կզգուշացնեի վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին՝ հասկանալ այն, թե ինչ արժեք ունի տարածաշրջանի համար խաղաղությունը:

– Այս շաբաթ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և հասել ենք նրան, որ կոնսենսուսի միջոցով կարող ենք վերջ տալ այդ մանդատին՝ հավելելով, որ մանդատը դեռ բավականին օգտակար է: Ձեր կարծիքով, մո՞տ ենք ԵԱՀԿ ՄԽ էջը վերջնականապես փակելուն:

Կարծում եմ, դա կախված է կողմերից: Ներկայումս նախագահ Ալիևը բացարձակապես մերժում է համանախագահների գործընթացը և գործ է ունենում միայն ԱՄՆ հատուկ բանագնացի հետ: Եթե սա նրա շարունակական դիրքորոշումն է, ապա համանախագահների գործընթացը չի շարունակվի, ինչպես տեսել ենք անցյալում: Բայց հաշվի առեք այն, որ ամենակարևորը ոչ թե բանակցության ձևաչափն է, այլ այն, որ բանակցությունները տեղի ունենան: Եվ եթե դրանք կարող են տեղի ունենալ ինչ-որ այլ եղանակով՝ եվրոպացիների կամ այլոց միջոցով, ապա դա կարող է լինել լիովին այլ մեխանիզմ: Եկեք տեսնենք՝ ինչ տեղի կունենա, և աշխատենք նրանով, ինչն աշխատում է: Ես հավատում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործընթացը կարող էր արդյունավետ շարունակվել նույնիսկ այն խնդիրների դեպքում, որոնք ռուսներն ունեն Ուկրաինայում: Ամենաքիչը ԼՂ-ի դեպքում մենք հանձնառու ենք նույն բաներին: Կարծում եմ՝ գործընթացը կարող էր աշխատել, բայց վերջնարդյունքում դա կախված է կողմերից:

Եվ մեկ հարց՝ Ձեր համանախագահության ժամանակաշրջանի վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր վարչակազմից առաջ նախկին իշխանությունները Ղարաբաղը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս։ Այսպիսով, իմ հարցը հետևյալն է՝ Ձեր համանախագության օրոք տպավորություն ունեցե՞լ եք, որ Հայաստանի կողմից, ում հետ աշխատել եք, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանը, ճանաչել են Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս։

– Կարծում եմ, որ մենք չէինք փորձում հայերից կամ ադրբեջանցիներից ստանալ հայտարարություններ, որոնք կարող էին տարակարծությունների տեղիք տալ: Որպես համանախագահ երկիր, մենք ցանկանում էինք սահմանել սկզբունքներ, որոնք կարող են տանել դեպի երկարատև խաղաղություն: Յուրաքանչյուր կողմ իր տեսակետն է ունենում: Նախագահ Ալիևը մշտապես դիտարկում էր հակամարտությունը տարածքային ամբողջականության կոնտեքստում, ներկայումս ևս նա պահում է այդ դիրքորոշումը:

 



Նման նյութեր