Ի՞նչ էր հասկացնում Աննա Հակոբյանը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ էր հասկացնում Աննա Հակոբյանը

Մինչ ադրբեջանցիները փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, Փաշինյանի տիկինը լուսանկար էր հրապարակել՝ կատվի հետ: Բայց ավելի ուշագրավն այն է, թե ինչ գիրք էր տիկնոջ ձեռքին՝ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը»: Ներկայացնում ենք գրքի այն հատվածը, որը ցուցադրաբար նկարել էր Փաշինյանի տիկինը:

«Սարերից իջան մի խումբ ձիավոր»

Մինչ Նովոսիբիրսկ հասնելը Պավելը ինձնից խոսք վերցրեց, որ ես երկու-երեք օր նվիրելու եմ իրեն, այսինքն, որ այդ օրերը Նովոսիբիրսկում իրար հետ ենք անցկացնելու: Ես սկզբից չեմուչում արեցի, բայց նա հիշում էր, որ խոստացել է ռուսական գլուբինկայում լինելու իմ երազանքը իրականացնել, եւ ասում էր, թե պետք է խոսքի տեր լինի: Ճիշտն ասած` չնայած աշխարհայացքային անդունդին, որ մեր մեջ գոյություն ուներ, մենք սովորել էինք իրար, ազատ շփվում էինք, իրար քննադատում, անգամ գոռում իրար վրա:

Եվ այն, որ անկեղծ էինք, շփման մեջ արարողակարգ պահելու կարիք չունեինք, փոխադարձ շփումը հետաքրքիր էր դարձնում: Ես զարմանում էի, թե ինչպես կարող են ազատության իդեալները այդքան խորթ լինել մի երկրում, որի դասականների մեծ մասը այդ գաղափարների ամենաջերմեռանդ պաշտպաններն են եղել: Պավելը քննադատում էր ռուս դասականներին, նրանց մեղադրում Ռուսական կայսրության բոլոր դժբախտությունների մեջ: Այդ դասականները վեր էին հանում կայսրության էլիտայի բոլոր ախտերը, եւ Պավելը կարծում էր, որ հենց նրանք ձեւավորեցին այն, ինչպես ինքն էր ասում, ամբոխը, որի իշխանությունը գնդակահարեց Նիկոլայ Երկրորդ ցարին: Ես հարցնում էի նրան, թե ինչու Նիկոլայ Երկրորդ ցարը 20-րդ դարի մուտքը նշանավորեց խաղաղ երթի ելած քաղաքացիների անխնա գնդակահարությամբ: Եվ պատասխանը էլի ինձ ցնցեց.

– Էդ ցուցարարները գերմանական շպիոններ էին, ջհուդամասոն տականքներ, – պատասխանեց Պավելը, եւ այդ պահին ինձ թվաց, թե «Հայլուր» եմ լսում:

Նրանք, ովքեր չեն ենթարկվում ցարին, նրանք լրտեսներ են. սա է ռուսական ժամանակակից իշխող էլիտայի գաղափարաբանությունը: Բայց այս գաղափարաբանությունը ներքին խութեր ունի եւ դիլեմաներ: Այդ էլիտան լավ չի կողմնորոշվում` ինչպես վերաբերվի Լենինին. հիմա նա փրկե՞ց, թե՞ կործանեց կայսրությունը: Եթե կործանեց, ինչո՞ւ են ռուսները այդքան նոստալգիկ հիշում Խորհրդային Միությունը, եթե փրկեց, ինչպե՞ս բացատրեն ցարի սպանությունը: Իսկ ահա Ստալինին նրանք պաշտում են, բայց էլի թաքուն: Երբ Սոլժենիցինը մահացավ, նրանք ուզում էին ցույց տալ, թե լրջորեն սգում են: Բայց մեկ է, չէր ստացվում, եւ եթե Սոլժենիցինը Արեւմուտքում այդքան հայտնի եւ փառաբանված չլիներ, նրան մի տեղ թաքուն կթաղեին, առանց ավելորդ աղմուկի: Նրանք Սոլժենիցինին չեն սիրում, որովհետեւ նա ատելություն էր քարոզում Ստալինի հանդեպ, այն Ստալինի, որը Ռուսաստանում ծնկի բերեց ջհուդամասոններին, ծնկի բերեց Եվրոպան, ծնկի բերեց Ամերիկային: Ինչ վերաբերում է տասնյակ միլիոնավոր կոտորված քաղաքացիներին, դե, քաղաքացին նրա համար է, որ կոտորվի, որովհետեւ քաղաքացին ցարի սեփականությունն է: Համ էլ ի՞նչ էական է քաղաքացին, էականն այն է` Ռուսաստանը կարողանո՞ւմ է ծնկի բերել ուրիշների, թե՞ ոչ:

– Արի մտնենք ցանկացած գյուղ եւ հարցնենք ցանկացած մուժիկի` եթե պետք է, որ ինքը

չորեքթաթ ապրի, բայց դրա արդյունքում Ամերիկան, բոլոր ուրիշները չոքելու են Ռուսաստանի առաջ, ինքը համաձայն է, – բացատրում էր Պավելը:

– Իսկ չի լինի՞, որ մուժիկի արժանապատիվ կյանքը չկապենք Ամերիկային ծնկի բերելու հետ, – հետաքրքրվում էի ես:

– Չի լինի, որովհետեւ Ամերիկան ուզում է կործանի Ռուսաստանը, – բացատրում էր Պավելը եւ ավելացնում, – քեզպեսները կործանեցին Հարավսլավիան: Նովոսիբիրսկ հասնելով` մենք գիշերեցինք հյուրանոցում. այդ օրը չխմեցինք: Հաջորդ առավոտյան նախաճաշելուց հետո մենք «Pathfinder» ջիփով մեկնում էինք ռուսական գլուբինկա, մի գյուղ, որ պետք է գտնվեր Օբ գետի ափից ոչ հեռու:

Բարեկարգ մայրուղին շատ շուտով վերջացավ, ու մենք ընթանում էինք մի ճանապարհով, որը հայտնի չէ` երբեւէ եղե՞լ է այդպիսին, թե՞ ոչ: Բայց ես կտրվել էի իրականությունից, ես չէի նկատում ճանապարհը, ես չէի նկատում իմ ուղեկցին, ես կախարդված էի դաշտավայրով, դաշտավայրը ինձ կախարդել էր: Առաջ ես նայում` անսահմանություն, աջ ես նայում` անսահմանություն, ձախ ես նայում` անսահմանություն, ետ ես նայում` անսահմանություն: Եթե որեւէ մեկը կախարդական փայտիկի ուժով անհետանա ու անակնկալ հայտնվի այստեղ, ձեռքին էլ հեռախոս ունենա, չի կարողանա տնեցիներին, իրեն փնտրողներին բացատրել, թե որտեղ է գտնվում: Ոչինչ չի կարողանա նկարագրել. չի կարող ասել` այ այսպիսի մի սար կա, այսպիսի մի ձոր: Այստեղ ոչ մի բան չկա, այստեղ միայն հորիզոն է, այստեղ դու նայում ես եւ հասկանում ես, թե ինչ է նշանակում հեռու: Անակնկալ այստեղ հայտնված մարդը երեւի կհասկանա, որ Ռուսաստանում է, բայց սա քիչ է մխիթարում: Քեզ` կորածիդ փնտրողներին բացատրել, որ Ռուսաստանում ես, նույնն է, թե բացատրես, որ երկրագնդի վրա ես: Այսինքն` ինձ Յուպիտերի-բանի վրա ման մի եկեք, ես այստեղ եմ, երկրագնդում:

Դե, բայց գոնե ցորենի արտը չի կարող անսահման լինել: Պավելին խնդրում եմ կանգնել: Մեքենայից իջնում եմ, նայում ցորենի արտին: Գիտակցությունս ասում է, որ սա չի կարող անսահման լինել, գիտակցում եմ, որ սա պետք է վերջ ունենա, բայց եւ զգում եմ, որ այս արտը, այս ցորենի արտը, հնարավոր է, Հայաստանի չափ է: Հայաստանում հնարավոր չէ մոլորվել, բայց Հայաստանում տներ կան, որոնց մեջ մոլորվում են անգամ դրանց տերերը:

Իսկ սա ընդամենը ցորենի արտ է: Սա օվկիանոս չէ, սա ցամաք է, բայց որ կողմ նայում ես, հորիզոն ես տեսնում. ցամաքի հորիզոնը լացացնում է: Հայաստանում հորիզոն չկա, Հայաստանում դաշտավայր չկա, Հայաստանում չես կարող հայացք պարպել, Հայաստանում քո ունեցած տեսողությունը քեզ շատ է թվում, որովհետեւ որ կողմ նայում ես, ինչ-որ բան տեսնում ես: Հայաստանում անսահմանը տեսնելու միայն մի ուղղության կա` վերեւ, երկինք նայելը, բայց այդ անսահմանը քեզ իրական չի թվում, որովհետեւ չես կարող գնալ այդ անսահմանի ուղղությամբ, չես կարող ստուգել, թե այդ անսահմանը մինչեւ ուր է ձգվում: Անսահմանի զգացումը իրական է դառնում, երբ գիտես, թե այն մոտավորապես որտեղ է վերջանում:

Եվ ես հիշեցի Աղդամը: Երեխաներս վազվզում են ավերակ տների արանքում, ես ու կինս մի բլուրի վրա կանգնած նայում ենք դեպի արեւելք: Սա անսովոր զգացողություն է. կանգնած ենք մի հողի վրա, որտեղ տեր ու տնօրենը հայ զինվորն է, ու այդ հողը դաշտավայր է, իսկական դաշտավայր, ու այդ տեղից երեւում է անսահմանը: Մենք նայում ենք դեպի արեւելք, ու ինձ թվում է, թե իմ հայացքը զարկվում է Պամիրի լեռներին: Ես կանգնած եմ այստեղ, իմ արյունակից հայրենակիցների միջավայրում, այստեղ Հայաստանի օրենքներն են գործում, սա դաշտավայր է, եւ իմ հայացքը զարկվում է Պամիրի լեռներին: Ու ես ամաչում եմ, որ չեմ մասնակցել այդ պատերազմին:

Ես ու կինս նույն բանն ենք մտածում, բայց չենք համարձակվում բարձրաձայնել: Ի վերջո նա ավելի համարձակ է գտնվում եւ ասում է.

– Ինչպե՞ս կարելի է այս հողերը վերադարձնել Ադրբեջանին: Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք` ոչ մի թիզ հող թշնամուն: Ի՞նչ է սա, կեղծի՞ք: Ավելի շուտ` սրտի եւ ուղեղի հակամարտություն:

Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրը իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղը ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, եւ առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության: Ու մենք վերադառնում ենք. դաշտավայրը վերջանում է, ուրեմն Հայաստանն է սկսվում: Կարմիր ավտոբուսը ամեն առավոտ ժամը յոթին Իջեւանի շուկայի դիմացից ուղեւորվում էր դեպի Ղազախ: Կիրակի օրերը ես ու հայրս գնում էինք Ղազախի ջրամբարում ձուկ բռնելու: Ահա այստեղ ավարտվում է Խորհրդային Հայաստանը, ու սկսվում է Խորհրդային Ադրբեջանը: Ու ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է բնությունը հարմարվել մարդկանց գծած սահմանին: Ինչպե՞ս կարող է սահմանի այս կողմում ուրիշ բնություն լինել, սահմանի այն կողմում` ուրիշ: Չէ՞ որ սահմանը մարդիկ են գծում, իսկ բնությունը սահման չի ճանաչում: Հետո գյուղացի մարդկանց զրույցներից հասկանում եմ, որ ոչ թե բնությունն է հարմարվել սահմանին, այլ մենք ենք հարմարվել բնությանը. «Ով ոտը տափովն ա տվել չէ, մենք ճղել ենք դբա սարերը», – ասում են գյուղացի ծերունիները: Եվ դա անում են հանգիստ, շատ հանգիստ, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ: Փաստորեն, էս Հայաստանը հայրենիք չէ, այլ թաքնվելու, պատսպարվելու տեղ: Դրա համար էլ մարդիկ այստեղ մի տեսակ թաքուն են ապրում, պատսպարված, տներում ուրիշ բան են խոսում:

Բա Աղդամը, էդ ինչպե՞ս ստացվեց Աղդամը: Այս հարցի պատասխանը շատ պարզ է թվում եւ հասկանալի. Հայաստանում մարդիկ դուրս եկան իրենց տներից, մարդիկ մի պահ, մի քանի տարի ընդամենը դադարեցին թաքնվել, եւ ահա նրանց հայացքը պարպվելու տեղ ունեցավ:

Մարտի 1-ի առավոտյան ես փախչում էի Ազատության հրապարակից: Ազատության հրապարակը ինձ Աղդամ էր թվում, Բաղրամյան պողոտայում հարթավայրը վերջանում է, ու սկսվում է վերելքը, վերելքը դեպի լեռներ: Էլի ինչ-որ մեկը ոտքը գետնին զարկեց, ու էլի մենք փախչում ենք, փախչում ենք դեպի լեռներ: Խնդիրը էստեղ հայի ու թուրքի մեջ չէ, քավ լիցի: Խնդիրը իրավունքի մեջ է, խնդիրը ապօրինության, լկտիության բիրտ ուժի առաջ ընկրկելու մեջ է, խնդիրը կանգնելու մեջ է, խնդիրը կանգնել կարողանալու մեջ է, խնդիրը զոհելու եւ զոհվելու պատրաստակամության մեջ է:

Մարտի 1-ին մենք վերադարձանք ու կանգնեցինք: Կանգնեցինք այնքան, ինչքան հարկավոր էր` ապացուցելու համար, որ կարող ենք կանգնել: Մարտի 1-ին հայ ժողովուրդը չփախավ, մարտի 1-ին հայ ժողովուրդը ապացուցելու բան ուներ:

Ապացուցեց ու գնաց տուն: Կարող էր ավելին ապացուցել, բայց դիմացի կանգնածը չնայած օտար, սակայն թշնամի չէր, չնայած օտար, բայց եղբայր էր: Մարտի 1-ին դիմացի կանգնածը չէր օտար, այլ այն մտածողությունը, որ նրան ստիպում էր սպանել մեզ:

Մարտի 1-ի թշնամին անտեսանելի էր, այդ թշնամին մեր մեջ էր, եւ մենք հաղթեցինք

էդ թշնամուն:

***

Ես հիմա կարդում եմ ու զարմանում. իմանում եմ, որ մեզ ուղղորդել է Ամերիկան, իմանում եմ, որ մեզ ուղղորդել է Եվրոպան, իմանում եմ, որ մեզ ուղղորդել են ջհուդամասոնական ուժերը, Սորոսը: Կարդում եմ ու ձեռքիս բաժակը զարկում եմ պատին.

– Կոխեմ քո Ամերիկան, կոխեմ քո Եվրոպան, ընդհանուր առմամբ եւ ըստ երկրների, կոխեմ քո Ռուսաստանը, կոխեմ քո ջհուդամասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն. ո՞վ է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել: