Հրապարակային կսմիթներ, դժգոհություններ․ հայ-ռուսական երկու անախորժ դրվագ՝ մեկ օրում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հրապարակային կսմիթներ, դժգոհություններ․ հայ-ռուսական երկու անախորժ դրվագ՝ մեկ օրում

Լաչինի միջանցքի փակման 11-րդ օրը հայ-ռուսական բարձրաստիճան հարաբերություններում երկու անախորժ դրվագ արձանագրվեց։

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, քննարկվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և ռեգիոնում հանքավայրերի շահագործման հարցում կողմերի տարաձայնությունների պատճառով։

Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։

Ափսոսանք է հայտնվել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում խաղաղության համաձայնագրի նախապատրաստական հարցերի քննարկման նպատակով նախատեսված նախարարական հանդիպումից Երևանի հրաժարվելու որոշման կապակցությամբ։

Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակման կարևորությունը։

ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է Մոսկվայում նախատեսվող հանդիպումից հրաժարվելու Երևանի մոտիվը։

Նա նշել է, որ հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ «Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով՝ հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։

Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները»,- նշել էր ԱԳՆ խոսնակը։

Հայ-ռուսական բարձրաստիճան մակարդակով մեկ այլ կսմիթ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Մարիա Զախարովա հեռակա հայտարարությունների միջոցով։

Այսօր ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Արձագանքելով այս բողոքին՝ Զախարովան ասել էր․

«Ես կարող եմ հակառակն ասել՝ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը կատարում են։ Իրավիճակի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, աշխատանքներ են տարվում։ Մինչև այս իրավիճակի սրացումներ ոչ մեկ անգամ են եղել, կողմերը միմյանց էին մեղադրում, և հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ իրավիճակի կարգավորման համար, և դա նրանց հաջողվել է։ Հետևաբար, մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքը չի ընդունվում»։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ վաղուց կան, իսկ ներկայումս ստեղծված իրավիճակը և ՌԴ դիրքավորումը Լաչինի միջանցքում ստեղծված խնդրի շուրջ է՛լ ավելի է սրում հայ-ռուսական տրամադրությունները։

Ըստ նրա, նման հայտարարությունները հրապարակային մակարդակով է՛լ ավելի են սրում իրավիճակը՝ խնդիրները հարթելու փոխարեն։

«Ի վերջո, Ռուսաստանն ունի տեղում ներկայություն և իսկապես աշխատում է իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Պարզ է, որ այդ աշխատանքի արագությունը գոհացնող չէ, բայց ինչպես տեղում իրավիճակն ունի առանձնահատկություններ, այնպես էլ ՌԴ միջազգային իրավիճակն ունի առանձնահատկություններ։

Գլխավոր հարցն էլ ռուս խաղաղապահների մանդատի խոցելիությունն է, բազմաթիվ չճշգրտված հարցերը, որոնք ՌԴ-ն նոյեմբերի 9-ից հետո ցանկացել է հստակեցնել, ինչը չի հաջողվել։

Իսկ ներկայիս իրավիճակը ծուղակի նման է, եթե ՌԴ-ն իրավիճակը չհանգուցալուծի դիվանագիտական եղանակներով, այն շրջվելու է իր դեմ»,- ասաց վերլուծաբանը։ Նրա խոսքով, կան քաղաքական ու աշխարհաքաղաքական իրողություններ, դրանից բխող հնարավորություններ։

«Յուրաքանչյուր կողմ գործում է իր հնարավորությունների ու կարողությունների համաձայն, այդ թվում՝ Երևանը։ Հրապարակային քննադատությունները՝ աշխատանքի փոխարեն, ոչնչի չեն հանգեցնելու»,- ասաց նա։



Նման նյութեր