Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում. Ռուբեն Վարդանյան
Advertisement 1000 x 90

Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:

Ողջունելով  նախաձեռնությունը՝ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և Արցախին աջակցելու համար: Նա կարևորել է Արցախը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելը. «Շնորհակալ  ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել են մեզ: Ուզում եմ ասել, որ Արցախում բոլորիս համար շատ կարևոր է զգալ, որ մենք միայնակ չենք»:

Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքի մասին է:  «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք խաղաղության, բայց այն պետք է հարգեն բոլոր կողմերը: Կարող ենք  ապրել կողք-կողքի, բայց ոչ  երբեք մեկ պետության կազմում, ինչը բացարձակապես անընդունելի է նախագահ Ալիևի համար, ով բացահայտ հայտարարում է, որ նախընտրում է  Արցախն առանց հայերի, եթե հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքներով: Սա լուրջ մարտահրավեր է ազգերի ինքնորոշման իրավունքի և ժողովրդավարական մյուս սկզբունքների համար,- ասել է Ռուբեն Վարդանյանը: – Միջազգային դերակատարները պետք է պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտեն: Սա ոչ միայն իրավական խնդիր է, այլ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչն անընդունելի է ցանկացած չափորոշիչներով: Այդ պատճառով շատ կարևոր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալու համար, որ դա անընդունելի է: Շատ կարևոր է նաև պոտենցիալ պատժամիջոցներ սահմանել այն կողմերի, անձանց դեմ, ովքեր իրավունքներ են խախտում, քանի որ նրանք խաթարում են մարդկանց նորմալ կյանքի պայմանները: Կարծում եմ, որ շատ կարևոր է բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար»:



Նման նյութեր